Լրահոս
Օրվա լրահոսը

Ես շատ կուզենամ, որ ԿԳՄՍ նախարարությունը բացատրի մեզ բոլորիս թե ինչո՞ւ են պատմաբանները հրաժարվում դասագրքեր գրելուց

Օգոստոս 17,2023 23:45

2023 թվականին ՀՀ բոլոր Հանրակրթական ուսումնական հաստատություններում փուլային եղանակով ներդրվելու է նոր հանրակրթական պետական չափորոշիչը (ՀՊՉ)։

Օրինակ` 2023-2024 ուսումնական տարում նոր ՀՊՉ-ն ներդրվում է հանրակրթական դպրոցի միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում։ Նոր ՀՊՉ-ն ենթադրում է նաև դասագրքերի փոփոխություն: Ըստ այդմ էլ օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ամփոփեց հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված դասագրքերի մրցույթները։ Հասարակությանն ու մասնագիտական շրջանակներին ներկայացրեց նոր ՀՊՉ-ով գրված դասագրքերը և ուսումնամեթոդական ուղեցույցները` նախատեսված հանրակրթական դպրոցի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների համար։ Այս պահի դրությամբ այդ դասագրքերը դեռևս հրատարակված չեն տրամաբանական հարց է առաջանում արդյո՞ք նախարարությունը կհասցնի 14 օրացույցային օրվա ընթացքում դասագրքերը հասցնել հիմնական շահառուներին։

Հիշեցնեմ նաև, որ նոր ՀՊՉ-ի ներդրման վերջնական փուլից հետո «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաները հանրակրթական ուսումնական հաստատություններում կդասավանդվեն ոչ թե 6-րդ դասարանից այլ 7-րդ դասարանից։ Ինչի արդյունքում այն ծրագրային նյութը, որը երեխան նախկինում անցնում էր հիմնական դպրոցի կրթական ծրագրի 6-րդ և 7-րդ դասարանի 1-ին կիսամյակում այսուհետ պիտի խտացված` «կիսատ-պռատ» անցնի 7-րդ դասարանի կրթական ծրագրով և այդպես մինչև 9-րդ դասարանը։

Իսկ ՀՊՉ-ի ներդրման վերջնական փուլում հանրակրթական դպրոցի առայկայացանկից վերջնականապես դուրս կգա «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։

Նոր ՀՊՉ-ով գրված դասագրքերից հետաքրքրական է ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված` հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի այս պահին միակ դասագիրքը։

Նոր դասագրքի հեղինակը՝ պ. գ. թ., դոցենտ Սմբատ Խ. Հովհաննիսյանն է։

Նոր դասագիրքը ունի լրջագույն բովանդակային բացթողումներ.

  • Դասագրքի հեղինակը Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնող խոշոր գետերի աշխարհագրությունը հստակ չի ներկայացնում` բավարարվում է միայն գետերի անունները թվելով։
  • Դասագրքում որևէ հիշատակություն չկա Վանա լճի 4 նշանավոր կղզիների վերաբերյալ։
  • Հեղինակը` Անանիա Շիրակացու «Աշխաերհացույց» աշխատությունը որպես սկզբնաղբյուր չի հիշատակում, երբ թվարկում է Մեծ Հայքի 15 նահանգները կամ գավառները։ Ավելին, գրքում զետեղված չէ Մեծ Հայքը կամ Հայաստանը ըստ «Աշխաերհացույց»-ի քարտեզը։
  • Հեղինակը հայ ժողովրդի ծագումնաբանության հարցին անդրադարձ է կատարել ընդամենը մի քանի տողով` չգիտես ինչո՞ւ կարևորելով հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ առկա տեսություններից Բալկանյանը և որոշակի լղոզված պատկերացում է տալիս բուն հայկական տեսության վերաբերյալ, որը հեղինակը անվանում է «տեղական» և նույնիսկ չի նշում, որ խոսքը «Հայկ և Բել» առասպելի մասին է։ Հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ մնացած բոլոր վարկածները (արաբական, վրացական, հին եբրայական և հունական) հեղինակը չի նկարագրում։

 

Բանն այն է, որ հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ Բալկանյան տեսությունը կամ վարկածը ընդհանրապես չի ընդունվում հայագիտության տեսակետից, ավելին այս թեզը պաշտպանում են թուրք պատմաբանները քանի-որ այդ տեսությունը «հիմնավորում» է հայ ժողովրդի եկվոր ոչ բնիկ ժողովուրդ լինելը իր հայրենիքում։ Ցավոք սրտի այսօր աշխարհում հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ առավել հայտնի վարկածը դա Բալկանյան տեսությունն է։

  • Ուրարտական պետության ամենահզոր գահակալներից երկուսի Մենուայի և Արգիշտի 1-ի քաղաքական, ռազմական և տնտեսական գործունեությանը հեղինակը անդրադառնում է շատ հակիրճ ու ոչ առարկայական։

Օրինակ` հստակ չի նշվում Մենուային և  Արգիշտի 1-ի արշավանքների ուղղությունները գրաված տարածքները,  հեղինակը չի նշում անգամ 72 կմ երկարություն ունեցող Մենուայի ջրանցքի երկարությունը ինչպես նաև Մենուախինիլի քաղաքի կառուցումը։ Որևէ խոսքը չկա Արգիշտի 1-ի կողմից Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքի կառուցման մասին։

Գրքում նշված չէ նաև Ռուսա 1-ի կողմից Թեյշեբաինի (ներկայիս Կարմիր բլուրը Երևանի տարածքում) քաղաքի հիմնադրման և վերջինիս  ջրանցքաշինությամբ զբաղվելու փաստերը։

Ուրարտական պետության սահմանների վերաբերյալ դասագրքի քարտեզը հստակ պատկերացում չի տալիս, անգամ քարտեզի վրա նշված չեն երկրի խոշորագույն քաղաքները և բերդերը։

  • Տիգրան 2-ի և Արտավազդ 2-ի կառավարման շրջանը ևս չի փայլում մանրամասն նկարագրով։
  • Իսկ Արտաշես 2-րդ հետո մյուս արքաների գործունեության վերաբերյալ գրեթե որևէ լուրջ պատերացում չի տալիս դասագիրքը։
  • Ծոփքի և Կոմմագենեի ինչպես նաև Փոքր Հայքի թագավորությունների վերաբերյալ դասագրքում առկա նյութերը անչափ աղքատիկ են։
  • Հայկական դրամագիտության պատմություն վերաբերյալ դասագիրքը որևէ լուրջ գիտելիք և պատկերացում չի տալիս։
  • 1-66 թվականները ընդգրկող ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները հեղինակի կողմից խորքային փաստագրական նկարագրի չեն արժանացել։
  • Հայաստանում Քրիստոնեության տարածման և ընդունման վերաբերյալ դասագրքում առկա նյութերը աղքատիկ են։
  • Եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաբերյալ դասագիրքը խորքային պատկերացում չի տալիս։
  • Պապ թագավորից հետո մյուս գահակալների գործողություն վերաբերյալ դասագիրքը որևէ էական տեղեկություն չի հաղորդում։
  • Արշակունյաց թագավորության վերացման բուն պատճառները խորքային շարադրանքի չեն արժանացել հեղինակի կողմից։
  • 450-451 թթ., 481-484 թթ., և 571-572 թթ. հակապարսկական ապստամբությունների համակողմանի ներկայացումը` հեղինակի կողմից չի կարևորվել։
  • 484 թվականի Նվարսակի հայ-պարսկական և 652 թվականի Դամասկոսի հայ-արաբական պայմանագրերի պատմական նշանակությունը այնքան էլ լավ ներկայացված չէ դասագրքում։
  • Հեղինակը կարևոր չի համարել նկարագրել Թեոդորոս Ռշտունու ռազմական և դիվանագիտական գործունեությունը, վերջինիս ջանքերը Մեծ Հայքի վերամիավորման համար։
  • Հակաարաբական ապստամբությունները խորքային նկարագիր չեն ստացել դասագրքում։
  • Հայաստանում ձևավորված արաբական ամիրայություններին կամ էմիրություններին հեղինակը գրեթե անդրադարձ չի կատարել։
  • Ենթակա թագավորությունների ձևավորման պատճառահետևանքային կապերը գրեթե արտացոլված չեն դասագրքում։
  • Այս դասագիրքը միջառարկայական կապ չի ստեղծում մյուս հումանիտար բլոկի առարկաների հետ` հատկապես գրականության, հասարակագիտության և համաշխարհային պատմության հետ։

 

ԱՄՓՈՓՈՒՄ

ԿԳՄՍ նախարարությունը 2020 թվականին մեզ բոլորիս հավաստիացնում էր, որ «Հայոց եկեղեցու պատմության» առարկան անպայման կինտեգրվի «Հայոց պատմության» առարկայի մեջ։ Բայց հստակ ուսումնասիրելով հիշյալ դասագիրքը կարող եմ ասել, որ այդ «ինտեգրված» բաղադրիչը չկա կամ հստակ չի երևում։

Ընդհանրապես Հայաստանում դպրոցական դասագիրք գրելու մշակույթ չկա ձևավորված։

Դասագիրքը ավելի հաջողված կլիներ եթե այն գրվեր ոչ թե մեկ հեղինակի այլ մի քանի հեղինակի կողմից։

Դասագիրքը իմ մոտ անցած դարի 70-ականներին գրված «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի դասագրքի տպավորություն է թողնում,  եթե օրինակ` 70-ականներին գրված դասագիրքը հարմարեցվում էր ԽՍՀՄ-ի գաղափարախոսական արժեհամակարգին ապա այս դասագիրքը վստահաբար կարող եմ ասել հարմարեցվել է ներկա իշխանությունների վարած կրթության քաղաքականությանը։

Ճիշտ է` որոշակի ասպեկտներով եթե նայենք կտեսնենք, որ դասագիրք գրողն չի թերացել այլ դասագրքի հեղինակը փորձել է բովանդակային շարադրանքը հարմարեցնել նոր ՀՊՉ-ին։ Այսինքն այստեղ ոչ թե դասագրքի հեղինակի անձի խնդիրն է այլ ՀՊՉ-ն գրողի։

Այո՛ մեթոդական առումով դասագիրքը լրիվ համապատասխանում է նոր ՀՊՉ-ին։

Ես չեմ կարծում, որ այս դասագիրքը արտացոլում է այն ռազմավարական հիմնախնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև։

Ես շատ կուզենամ, որ ԿԳՄՍ նախարարությունը բացատրի մեզ բոլորիս թե ինչո՞ւ են պատմաբանները հրաժարվում դասագրքեր գրելուց։

 

Պատմաբան Վանո Կարապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031