Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Խնձոր վաճառող տղան (պատմվածք)

Օգոստոս 16,2020 23:31

Երբեմն ու շատ անպատեհ հիշում եմ խնձոր վաճառող տղայի դեմքը: Մեխվեց ու մնաց հիշողությանս մեջ: Ո՞վ կհասկանա հիշողության խաղերը: Մարդու հետ հարցազրույց եմ անում, 2-3 ժամ միասին սրճում ենք, զրուցում, բայց մեկ ամիս անց ջերմ ժպիտով ու թևատարած ընդառաջ եկող, ինձ գիրկն առնելու պատրաստ մարդուն ասես առաջին անգամ եմ տեսնում: Իհարկե, նման դեպքում հայացքիցս արագ մաքրում եմ անորոշությունն ու տարակուսանքը, դիմացինի հույզերի չափաբաժնին հարիր ու հարցերի մտերմությանը համապատասխան՝ հարցեր եմ մոգոնում:

-Վա՜յ, ջան, ի՜նչ լավ էր հանդիպեցինք, անընդհատ ուզում էի զանգել, ժամանակ չէր լինում, ո՞նց ես….

-Լավ եմ, սիրելիս, դու ոնց ես: Ես էլ այսօր մտածում էի, որ վաղուց չենք խոսել:

– Մամայի թևը լավացա՞վ:

– Հա, արդեն լավ է, ձերոնք ո՞նց են:

Մտածում եմ՝ եթե ես պատմել եմ մամայի թևի մասին, ուրեմն զրույցը եղել է անցյալ տարվա օգոստոսին. մամայի թևը այդ ժամանակ էր ցավում: Ու մինչ ես փորձում եմ հիշել, թե ինչ հարցազրույցներ եմ արել անցյալ տարվա օգոստոսին, զրուցակիցս այնպիսի հարց է տալիս, որ բոլորովին խճճվում եմ:

– Դու էն ասա՝ Մերին ի՞նչ ունեցավ:

Ա՜յ քեզ բան. ես սրան ինչո՞ւ եմ պատմել, որ Մերին՝ մորաքրոջս աղջիկը, հղի է:

– Սրտխառնոցը մինչև ո՞ր ամիսը ձգվեց:
Այստեղ ես հասկանում եմ, որ հիշողությունս ուղղակի թարսվել է հետս, ու խայտառակությունից փրկվելու համար պիտի հեռանալու պատրվակ հորինեմ: Իսկ պատրվակ միշտ կա:

– Ես պիտի վազեմ… տաքսի՜…1 5 րոպեից հարցազրույցի եմ:

– Սրտխփոցներդ անցա՞ն, էդ էլ ասա, նոր գնա…

Էլ գնում եմ՝ ինչ անեմ. հիշեցի: Սրտաբանի կաբինետում ենք հանդիպել: Բժիշկ Գոշն է: Գոշ-ը կրճատ անուն չէ՝ ինչ-որ Գրիշա, կամ Գեորգի: Ուղղակի Գոշ՝ Մխիթար Գոշի պատվին:

… Սա ամենավտանգավոր պահն է. պիտի զգոն լինես ու անհարկի ջերմությամբ ցույց չտաս, որ մինչ այդ չէիր ճանաչել:

– Գոշ ջան, կզանգեմ, կխոսենք:

…Ինչպես ասում են՝ բուն նյութից շեղվեցի, որ բացատրեմ, թե որքան անսովոր է խնձոր վաճառողի դեմքը հիշելը, երբ ընդամենը երկու-երեք րոպե եմ տեսել նրան: Ու առավել ևս տարօրինակ է, երբ անդիմադրելի ուզում եմ իմանալ, թե ինչպես է նա:

…Անձրևն ինձ սենտիմենտալ է դարձնում: Նրա միալար տկտկոցը տաքսու լուսամուտին, աշնանային Երևանի թաց գույները, երգչուհու սրտակեղեք մորմոքը՝ I will nօt die, when you leave me… Ու Ես դառնում եմ հույզերի կծիկ:

…Երբ մի քանի վայրկյան տևած սահքից հետո մեքենան նորից կանգ առավ՝ լրիվ մարելով առաջիկա կես ժամում լուսացույցին մոտենալու հույսը, ես նայեցի մայթին կանգնած մարդկանց: Ենթագիտակցորեն բոլորն էլ նեղության պահին հիշում են ավելի նեղյալներին, որ թեթևանան, որ սեփական խնդիրները մեծերի կողքին փոքր թվան: Կանգառում անձրևի տակ խմբված մարդիկ գրոհում էին հերթական խարխուլ երթուղայինի վրա:

Իմ տաքսին անհույս մեխվել էր տեղում, ու երբ ես ժամանակ սպանելու համար ուզում էի հաշվել, թե քանի ուղևոր խցկվեց 31 համարի Գազելի առաձգական խցիկը, տեսա տղային: Նա կանգնած էր բարակ մաղող անձրևի տակ, հսկա ծառի մոտ: Ծառի բնին կիսով չափ լի մի արկղ էր հենված: Ես ակամա բացեց մեքենայի կողմնապակին, որ տեսնեմ, թե ինչ կա արկղի մեջ: Խնձորներ: Դեղին փոքրիկ խնձորներ էին:

… Տղան բարձրահասակ էր ու նիհար: Մազերը գանգուր էին ու խոնավությունից վեր էին ածվել համաչափ խուճուճների: Հագին սև շալվար էր ու ջինսե բարակ բաճկոն: Գլուխը խրել էր բաճկոնի վեր ցցված օձիքի մեջ, ձեռքերը դրել էր գրպանն ու անտարբեր նայում էր անցորդներին: Կամ գուցե անտարբեր չէր, գուցե հույս ուներ, որ ինչ-որ մեկը կգնի խնձորները, գուցե ճոճվելով կանգնելն ու մի ուղղությամբ նայելը հարմար է, երբ անձրև է գալիս, ու շուտով կմթնի, բայց արկղի կեսն էլ չես վաճառել…
Երբ ես սենտիմենտալ եմ դառնում, սկսում եմ տարօրինակություններ անել: Հանկարծ մտքովս անցավ…հասկացա…զգացի… որ ուզում եմ տեսնել, թե ինչպես է ժպտում խնձոր վաճառող տղան: Չգիտես՝ որտեղից փախած անկապ մտքեր եկան, իրար հետևից լցվեցին գլուխս: Մոտավորապես, այս տիպի…Ես կհեռանամ աշխարհից ու չեմ իմանա, թե ինչպես է ժպտում այս տղան, երբեք չեմ իմանա: Ապուշություն է: Կատարյալ: եթե անձրև չլիներ: Բայց անձրևի ժամանակ, թանաքագույն աղջամուղջի մեջ կյանքի երանգները փոխվում են, մանավանդ՝ երբ ինչ-որ մեկը երգում է I will not die, when you leave me…

– Ուզում եմ խնձոր առնել,-ասացի վարորդին, ցույց տալով արկղը:

-Ուզում ես, առ,-ասաց վարորդը,- մեկ է այսօր այստեղ ենք:

Ես իջա մեքենայից ու մոտեցա տղային:

-Խնձորն ի՞նչ արժե:

Տղան հայացքը պոկեց աջ մայթից ու նայեց վրաս:

-200 դրամ,-ասաց անհույզ, ասես՝ չհավատալով, որ պիտի գնեմ: Ու չժպտաց: Բոլորովին չժպտաց: Նույնիսկ ինձ թվաց, թե իմ հարցը նյարդայնացրեց տղային: Երևի շատերն էին ձեռի հետ հարցրել խնձորի գինը ու չէին գնել: ..Մոտիկից տղան ավելի սիրուն էր: Մուգ մաշկ ուներ, սև աչքեր, ուղիղ քիթ: Այտերի վրա անձրև պսպղուն կաթիլներ կային: Նա թեթև դողում էր ցրտից: Հանկարծ իմ գլուխը նոր միտք ներխուժեց:

– Այստեղ քանի՞ կիլո խնձոր կլինի:

Տղան մի տեսակ լարվեց, նայեց դեմքիս՝ ավելի շատ կասկածանքով, քան ուրախ:

-20 կիլո:

– Տեղավորեք մեքենայի բեռնախցիկում, -ես ցույց տվեցի տաքսին:

– Մի կշռեք, հաստատ 20 կիլո կլինի:

Տղան գրկեց արկղը ու փութկոտ վազեց դեպի մեքենան:

Երբ քրքրում էի դրամապանակս 4 հազար դրամը լրացնող վերջին 500 կոպեկանոցը գտնելու համար, տղան ասաց.

-3500 դրամ տուր, հերիք է, քույրս:

Ուրիշ ձայն էր: Ոչ մի կապ չուներ քիչ առաջ լսածիս հետ: Մի տեսակ փափուկ, զվարթ, անհոգ ձայն էր՝ խուլ, ձիգ, լարված նախկինի փոխարեն:
Ես գլխով բացական նշան արեցի, 500 դրամը դրեցի թղթադրամների վրա ու մեկնեցի տղային:

-Փրկեցիք ինձ,-ասաց տղան,- լրիվ թրջվել եմ, տուն գնամ, մի բաժակ տաք թեյ խմեմ: Պիտի Աշտարակ հասնեմ…

..Ես նստել էի տաք մեքենայի մեջ, ձեռքով մաքրում էի ապակու գոլորշին ու նայում, թե ինչպես է տղան արկղի մեջ լցնում ստվարաթղթղի կտորներն ու մոմլաթե տոպրակները: Նրա դեմքին հազիվ նշմարելի ժպիտ կար, ու մարմինը չէր դողում:

…Մեկ շաբաթից խնձորներն սկսեցին կնճռոտվել: Ես խնձորի օգտակար հատկությունները գովաբանելով՝ բաժանեցի 15 կիլոգրամը ծանոթ – բարեկամներին:

…Աննշան պատմություն է: Նշանակալին այն է, որ ես երբեմն ու շատ անպատեհ հիշում եմ խնձոր վաճառող տղայի դեմքը: Եվ ուզում եմ իմանալ, թե ինչպես է նա:

 

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31