Լրահոս
Օրվա լրահոսը

Քուրդ Զազայի Ավետարանը

Հունվար 18,2024 14:00

Հայաստանն ու Հայաստանն (այժմյան՝ Թուրքիան) իրարից Ախուրյան գետով են բաժանվում։ Հենց խոսք էր լինում սահմանի մասին, Եղիսաբեթ մամս անմիջապես ավելացնում էր, թե գոռբեգոռ էղնին Լենին ու Ստալին, հողը ինչըղ կհամբերե անոնց, էդքան անեծքը վրանին։ Մեր Էրգրի մեջ թուրքերն ու քրդերը կբնակին։ Ու էդ քիչ չէ, դեռ մեր գետն էլ սեփականացրել ու սահման են դարձրել։ Անիծվեն բորենիներն, անիծվեն…

Մեր շենքի հարսներից մեկը սահմանամերձ գյուղի՝ Բագարանի (Բաղչալար) աղջիկ էր։ Երկար խոստումներից հետո, անձնագրով ու ռուս զինվորների գրավոր, անցագիր թույլտվությամբ, մեր հարսին իրենց գյուղ տարան։ Զարմանալի զգացում ունեցա, ի՞նչ, ուրեմն իմ երկրի մեջ գյուղ գնալու համար թույլտվությո՞ւն, ինձ համար խորթ թվաց այն ժամանակ։ Բայց, դա էր ճիշտը։ Բագարանը Արաքս եւ Ախուրյան գետերի ջրկիցի մոտ է, Թուրքիային սահմանամերձ գոտում։ Ես դեռ այդքան մոտ չէի եղել սահմանին։ Գյուղից՝ նախկին պատմական Բագարանից, որը հիմա «Բաքրան են» դարձրել, միայն գետն է բաժանում լայնքով։ Պատմական Բագարանը վերածվել է քրդաբնակ գյուղի, որի բնակիչները մինչեւ հիմա ապրում են հայերի կառուցած տներում։ Երկու գյուղի մարդիկ համարյա իրար ճանաչում էին դեմքով, իրար ողջունում էին: Գյուղի մեծերը, բոլորն էլ, գիտեին թուրքերեն։ Դիմացի Բագարանը շատ խղճալի վիճակում էր, ինչպես, որ մեզանից խլել էին ժամանակին, մինչեւ հիմա ոչ մի կառույց չեն արել։ Երեւի մտածում են, որ «գյավուրների» հողի վրա պետք չէ բան ավելացնել, միեւնույն է՝ «մերը չէ»։

Մի քանի օր ման էինք գալիս այգիներում, հրաշալի, բերքառատ գյուղ է։ Մի օր էլ՝ մեզ առաջարկեցին գնալ Զազայի մատուռ՝ մոմ վառելու։ Բայց, սպասեք, Զազա՞ն ով է, ինչո՞ւ Զազայի մատուռ…Միանգամից հարցերի տարափ տեղացի։ Ես ուր էլ որ գնայի, առաջինը եկեղեցի կամ մատուռ պիտի մտնեի, մոմ վառեի, աղոթեի…Տատս ասում էր, որ մարդու սրտի ուզածը Աստված կուտա, եթե աղոթքն անկեղծ է…Դեհ, իր թոռներն էլ ենթարկվում էին…

Մատուռը նեղ, ցածր կտուրով, կավածեփ, փոքր շինություն էր, ներս մտնելուց էլ՝ պիտի գլուխներս կախ գցեինք, որ կարողանայինք մտնել… Հենց սկզբից, խոնարհումով էինք: Տուն գալուց հետո, սկսեցի հարց ու փորձ անել Արեգի ծնողներին: Պատմեցին…

Իրենց դիմացի Բագարանի բնակիչները քրդեր են, հիմնականում՝ խաշնարածներ: Գետին ամենամոտ տանը բնակվող ընտանիքի անդամներին մեր բագարանցիները դեմքով գիտեին։ Այդ տան աղջիկը՝ Զազան, սիրուն, սեւ, երկար մազերով իսկական գեղեցկուհի էր։ Եղբայր ու քույր չուներ Զազան։ Ծնողները երիտասարդ չէին, երեւում է, որ հայրը բավականին տարիքով էր մորից, մի խոժոռադեմ, դուրս պրծած աչքերով, խիստ ու կոպիտ մարդ էր։ Հետը խոսել չէր լինում, գոռգոռոցը պատրաստ էր։ Հակառակ հոր՝ մայրը բարության ու հեզության տիպար ու մշտական վատառողջ եւ տարեցտարի ավելի էր փլվում։ Զազան արդեն տասնութ տարեկան էր, գեղեցիկ հարսնացու, ու զարմանալի է, որ մինչեւ հիմա կնության չէին տվել։ Հայրը մերժում էր բոլորին՝ ասելով, որ մորն է խնամում։ Ըստ իրենց սովորության՝ նրանք իրենց աղջիկներին դեռ արբունքի չհասած՝ ամուսնացնում են։ Զազայի հայրը շատ անտարբեր էր կնոջ նկատմամբ, կոպիտ ու անտաշ մարդ, առիթն էլ բաց չէր թողնում կնկա գլխին «բամփելու»։

Մի օր, հոր ընկերները հավաքվել էին իր տուն, ուտել- խմելու։ Մայրը պառկած էր, Զազան էր սեղան գցում, մեկ՝ պնակ էր դնում, մեկ՝ հաց ավելացնում։ Մի քանի ժամից բոլորն էլ կերան, խմեցին ու հարբեցին։ Սկսեցին բարձր-բարձր, իրար հերթ չտալով պատմել, թե ինչպես են սպանել, մորթել հայ գյուղացիներին, գրավել ամբողջ գյուղն ու տեր դարձել նրանց ունեցվածքին։ Իսկ Զազայի հայրը, որը հայտնի էր իր խմելու հետ սեր ունենալով, սկսեց մանրամասնել, թե ինչպես է սպանել Զազայի երիտասարդ ծնողներին ու տեր դարձել տանը։ Զազան, մի անկյուն քաշված՝ լսում ու լսում էր…

-Այս ովքե՞ր են, ինչ մարդասպաններ են սրանք, ովքե՞ր են հայերը…

Մինչ այդ, գետում բուրդ լվալիս, նա ցաք ու ցրիվ խոսակցություններ էր լսել «գյավուրների» մասին, բայց ուշադրության չէր արժանացրել։ Երբ արդեն հասել էին խոսակցության թունդ տեղին, սկսել էին ծաղրել մեր խաչն ու մեր աստծուն։ Զազան բան չէր հասկանում, նա ընդամենը մի երիտասարդ, անուս, քրդի աղջիկ էր։

– Բա, այս ամե՞նն ինչ էր,- գլխում ամեն ինչ խառնվել էր։ Ամբողջ գիշեր չքնեց։ Բայց չէ՞ որ հայրը շատ պարզ ասաց, որ Զազան գյավուրի վաստակ է…եւ ասելուց էլ՝ աղջիկն ատելություն տեսավ նրա աչքերում…Շատ մտածեց, շա՛տ…

Մայրն օրեցօր ծանրանում էր։ Մի օր Զազան որոշեց լսածը պատմել մորն ու հարց ու փորձ անել նրան: Ի զարմանս նրա՝ մայրը պատմեց ճշմարտությունը, քաջ գիտենալով, որ երկար չի մնա այս աշխարհում…

Երբ թուրքերը մտան գյուղ, սկսեցին կոտորածը։ Շատ չանցած՝ թալանի ու ավերի համար, գյուղ մտան քրդերը։ Ով ինչ կարող էր, անում էր, ով ինչ կարող էր՝ վերցնում էր: Զազայի հայրը քրդերի առաջնորդն էր, ինքն իր զինվորներով է մտել այս տուն, սպանել Զազայի ծնողներին, ամբողջ ընտանիքին, դիակները գետը նետելուց հետո, ինչ կար, չկար հավաքել ու հեռացել։ Զազան (Աստղիկը), որն այդ ժամանակ երեքից չորս տարեկան կլիներ, թաքնված է եղել թոնրի մեջ, վրան էլ՝ հին շորեր նետած։ Արդեն հեռանալիս են եղել, երբ չգիտես ինչու, հայրը, կարծես, բան մոռացածի պես, նորից տուն է մտնում եւ այս անգամ, լացի ձայն առնելով, գնում է հացատուն, Աստղիկին հանում թոնրից եւ վերցնում իր հետ։ Քուրդ զույգը երեխա չուներ, երբ կինը տեսնում է անօգնական, վախեցած աղջկան, միանգամից համակրանք է տածում փոքրիկի նկատմամբ, խնդրում, աղաչում է ամուսնուն, ձեռք չտալ նրան։ Ամուսինը համաձայնվում է, բայց չի դադարում խեթ նայել նրան: Որոշ ժամանակ անց, նրանք վերադառնում են գյուղ ու տեղավորվում են Աստղիկենց հարմարավետ տանը, որտեղից վերցրել էին աղջկան։

Փաստորեն, սա իր հայրական տունն է, քուրդ հայրն էլ՝ գլխավոր, կարգադրիչ, մարդասպանը։ Մայրն այլեւս չի վախենում մանրամասն աղջկան պատմելուց, միայն խնդրում է, որ այդ մասին ամուսինը չիմանա, հակառակ դեպքում՝ նա երկուսին էլ կսպաներ։ Մայրը Զազային խնդրում է, որ նա գնա հացատուն, մի անկյունում, հին, դուրս նետելու փալաս-փուլուսի միջից, իր պահած՝ կաշվե կազմով գիրքը բերել։

Աղջիկը, հնազանդ, կատարում է մոր ասածը։ Գիրքը շատ հին էր, թերթերը՝ պոկված, կազմի վրա էլ՝ փոքր արծաթե խաչ։ Մայրն ասում է, որ դա ինքը վերցրել է այդ տան փանջարաներից (պատի մեջ, լուսամուտ՝ առանց ապակու) մեկից ու թաքցրել ամուսնուց։ Նրա մոտ այն համոզմունքն է եղել, որ եթե մուսուլմանն աղոթի քրիստոնյայի եկեղեցում կամ նրանց հավատի գրքի վրա, աստված ավելի շուտ կլսի իրեն։ Պատվիրում է Զազային՝ թաքցնել գիրքը եւ հորդորում՝ փախնել տանից, փախնել դիմացի հայկական գյուղը։ Աղջիկը կարծես երազի մեջ լիներ, ու դաժան երազի։ Սկզբից վախենում էր, վարանում, չէր համարձակվում մտածել այդ մասին։ Բայց, երբ մայրը ստիպված խոստովանեց, որ իր մահից հետո հայրը որոշել է Զազային կնության առնել, լուրը շանթահարեց աղջկան։

Մարդկային ի՛նչ ստորություն։ Ինչքան էլ նա սահմանափակ, քուրդ աղջիկ է մեծացել, բայց բնազդաբար, ներքուստ ըմբոստացավ ու որոշեց անպայման փախնել։

Մայր ու աղջիկ սկսեցին ծրագիր մշակել։ Երկուսն էլ լավ լողալ գիտեին։ Նրանք շատ էին լող տվել Արփաչայում։ Գյուղացի կանանց հետ, մայրը միշտ գետում էր լվացք արել ու բուրդ լվացել, գիտեր գետի սաղրիկ (ոչ խոր) ու ծանծաղ տեղերը, որտեղ շատ սալաքարեր կան, որտեղ է գետը լայն ու նեղ։ Մի օր հայրը տեղեկացրեց, որ ոչխարների գործով մի քանի օր տուն չի գա։ Դա էլ լավ առիթ էր Զազայի փախուստը կազմակերպելու համար։ Այդ օրը, մայր ու աղջիկ ճաշեցին, հետո մայրը բերել տվեց Ավետարանը, տիկը կտրեց, դրեց մեջը, կարեց, փաթաթեց, կապեց Զազայի մեջքին ու դուրս ելան։ Գիշեր էր, բայց ցերեկով մայրն ամեն ինչ ցույց էր տվել աղջկան, թե գետի որ մասը հասնելուց, ինչպես լողա եւ այլն…

Այդ գիշեր միայն լուսինն էր լուսավորում նրանց ճանապարհը, հասան գետին, աղջկա համար դժվար էր բաժանվել մորից…Բայց հրաժեշտ տվեց, մտավ գետն ու սկսեց լողալ։ Շատ չանցած, սկսվեցին կրակոցները։ Կրակում էին թուրք սահմանապահներն այն կողմից, ռուսներն՝ այս։ Դա գետի ամենանեղ մասն էր եւ երկու կողմից էլ՝ լուսավորվում էր։ Շատ չանցած, Զազան հանեց իր մի քանի շրջազգեստներից մեկն ու թողեց ջրի մեջ։ Գետի հոսանքը տարավ այն, երկու կողմում էլ՝ կարծեցին սպանվել է փախչողը եւ դադարեցին կրակը։ Որոշ ժամանակ անց՝ աղջիկը հայտնվեց մեր կողմում։ Ռուս սահմանապահները բաժանմունք տարան նրան։ Զազան՝ քրդերեն, իրենք՝ ռուսերեն, կանչեցին գյուղապետին, որը հրաշալի տիրապետում էր մի քանի լեզուների, դրանց թվում՝ քրդերենի։ Հայտնեցին կենտրոն, շատ քաշքշուկից ու բանակցություններից հետո աղջկան լրտես չհանեցին։ Ավետարանն առած, նա մի օր հայտնվեց գյուղում։ Գյուղացիները մատուռ սարքեցին ու իրար մեջ կնքեցին՝ Աստղիկին (Զազայի հայկական անունով)։ Բայց մատուռը մնաց՝ Զազայի։ Տեղ տվեցին, աշխատանք։ Կամաց-կամաց սովորեց հայերեն ու ագահորեն ուսումնասիրում էր իր ազգի պատմությունը։ Սկսեց Ավետարանը կարդալ, որպեսզի հաղորդակից լինի նրա զորությանը…Հաստատակամորեն որոշեց դառնալ հայոց պատմության ուսուցչուհի։

Մի քանի ամիս անց, գյուղացիները նկատեցին, որ գետից այն կողմ, Զազայի գյուղում թաղում կար։ Զազան այդ օրը բնավ դուրս չեկավ տնից։ Սգում էր ու սգում։ Գիտեր, որ մահացել է իր քուրդ մայրը…

Սուսաննա ԳՅՈՒՐԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031