«Սասնա ծռերի» գործով նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը։

Հասմիկ Ոսկանյանի խոսքերով՝ պետության պարտականությունն է դատարանի միջոցով իրականացնել արդար քննություն և արդարադատություն, որպեսզի ամեն մարդ իր արարքի համար արժանի պատիժ ստանա․ «Ուսումնասիրե՛ք աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի պատմությունը, և կտեսնեք, որ ապստամբությունները հիմնականում տեղի են ունեցել ժողովրդին կեղեքող օտար լծի դեմ, և երբեք եղբայրասպան գործողությունները չեն կարող դիտարկվել իբր ապստամբություն։ Վերջին տարիների իրադարձությունները ցույց են տվել, որ ժողովրդի համակրանքը չվայելող ուժին հնարավոր է եղել հեռացնել առանց գեթ մեկ կաթիլ արյուն թափելով։ Այլ խոսքերով՝ 2018 թվականի ապրիլի պայքարը ցույց տվեց, որ 2016 թվականի հուլիսի աննախադեպ բռնությամբ ուղղորդված իրադարձությունը ի սկզբանե սխալ է և դատապարտված է անհաջողության։ Ուստի՝ ավելորդ է անմեղ ոստիկանների մահվան պայմաններում ապստամբության մասին խոսել։ Այս մարդիկ, որոնք դատարանում նստած են ամբաստանյալների աթոռին, մեր խորին համոզմամբ, հանցագործներ են և վերջ։ Նման պայմաններում դատարանը պետք է արդարացի վճիռ կայացնի, յուրաքանչյուրին իր հասանելիք պատիժը նշանակի, որպեսզի մեր զավակների սրտում ատելություն և վրեժխնդրության բույն չդնի և մի օր էլ նրանց հանցագործներ չդարձնի։ Ամբաստանյալնե՛ր, դուք բողոքում եք՝ ձեր հանդեպ անարդար են, բայց չէ՞ որ դուք ողջ և առողջ նստած եք, դուք իմ ամուսնու հանդեպ արդար վարվեցի՞ք ու դեռ զարմանում եք, որ իրավահաջորդները պահանջում են ցմահ ազատազրկում։ Ձեր որդիները ձեր կողքին են ու դուք ձեր կանանց և ծնողների կողքին եք, դուք դեռ բողոքելու և պահանջելու ինչ-որ բան ունե՞ք»։
Հասմիկ Ոսկանյանը անդրադարձավ նաև մեղադրողի ճառին․ «Միջնորդած պատիժները անհամաչափ մեղմ են և չեն համապատասխանում կատարված արարքների հանրային վտանգավորության բարձր աստիճանին։ Ուստի՝ դատարանին միջնորդում եմ բոլոր ամբաստանյալների նկատմամբ նշանակել օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը»։
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանը դատարանին ներկայացրեց տեղեկանք Պավել Մանուկյանի կայուն ծանր առողջական վիճակի վերաբերյալ, և որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Տուժողի իրավահաջորդներին լսելուց հետո, դատարանը պետք է լսեր պաշտպանական ճառերը։ Սակայն, պաշտպանները խնդրեցին իրենց ժամանակ տալ մինչև սեպտեմբերի 30-ը։ Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և բավարար ժամանակ տրամադրեց կողմին։ Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































