Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում բնակվող աշխարհահռչակ գյումրեցին ցանկություն ունի տեղափոխվել հայրենիք՝ իր ծննդավայր

Սեպտեմբեր 09,2020 23:23

Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի» արգելոց -թանգարանի տարածքում գտնվող Ջիվանու փողոցի տներից մեկում կցուցադրվեն 1980 թվականից ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի աշխարհահռչակ նկարիչ, քանդակագործ Էմիլ Գազազի ստեղծագործությունները։ Այդ նպատակով Գյումրու ավագանին պատմական այս փողոցում «Կալգ» երիտասարդական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրեց։

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն իր ելույթում նշեց՝ «Կալգ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն աշխարհահռչակ քանդակագործ Էմիլ Գազազի ներկայացուցիչն է, որի տրամադրության տակ են նրա 50-ից ավելի ստեղծագործություններ, դրանք ցուցադրելու տեղ չունեն։ Այդ նպատակով Էմիլ Գազազի ներկայացուցիչ Գայանե Կարապետյանը դիմել է քաղաքապետ Սամվել Բալասանյանին։

«Մեր կողմից առաջարկվել է տրամադրել Ջիվանի փողոցի թիվ 50 հասցեի պատմամշակութային արժեք ունեցող շինությունը, որը նախկինում եղել է Բագրատ Ղարիբջանյանի տուն-թանգարանը, հետո օգտագործվում էր «Կումայրի» արգելոց-թանգարանի կողմից։ Որոշակի կոսմետիկ աշխատանքներ կատարելուց հետո կցուցադրվեն Գազազի ստեղծագործությունները, որը շատ կարևոր է մեր քաղաքի մշակույթի զարգացման համար», -ասաց ճարտարապետը։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հավելեց, որ 50 ցուցանմուշ կտեղափոխվեն այստեղ, և բոլոր ծախսերը կկատարվեն «Կալգ» հասարակական կազմակերպության կողմից։

Քաղաքապետը նշեց, որ շենքն անհատույց օգտագործման են տրամադրում, բավական լավ տեղ է՝ եկեղեցուց երկու տուն վերև։

«Սա իդեալական տարբերակ է, լսել եք Էմիլ Գազազի մասին՝ գյումրեցի հանրաճանաչ, հռչակավոր արվեստագետ, ով բնակվում է Ամերիկայում և որի քանդակած արձանը վաճառվում է, գինը սկսվում է 100 հազար դոլարից։ Գիտեցեք էլի, հզոր մարդ է, ես եղել եմ իր արվեստանոցում, տեսել եմ, և ինքն այգու թատրոնն էր ուզում էն ժամանակ, ասի՝ դա քեզ համար շատ-շատ մեծ կլինի, մենք տվեցինք «Թումո»-ին, որը հրաշք շենք կառուցեց»-,ասաց քաղաքապետը։

Քանդակագործի ներկայացուցիչ Գայանե Կարապետյանն էլ ասաց․«Իր ցանկությունն է Գյումրի վերադառնալ, Գյումրիում հիմնել իր արվեստանոց-ձուլարանը։

Ով մոտիկից ծանոթ է Էմիլին, գիտի բնավորությունը, գիտի իր հնարավորությունները, չնայած աստղաբաշխական արժեքներով են վաճառվում նրա ստեղծագործությունները, բայց ինչ-ինչ մարդկանց ձեռքով են անցել պայմանագրերը, ովքեր նրա արվեստը օգտագործել են ոչ իր օգտին։ Ստացվել է այնպես, որ պայմանագրերի ժամկետն ավարտվել է, հիմա նա ցանկություն ունի գալ Գյումրի, տեղափոխվել ու ստեղծագործել։

Այս պահին առկա են նրա մոտ 50 գործեր, անձամբ եմ տեղափոխման աշխատանքները կազմակերպել, բերել եմ, վերանորոգման հետ կապված էլ , երբ ունեցանք համապատասխան պայմանագիր, կկազմենք նախահաշիվ։ Կա որոշակի գումար, որը նախատեսված է կոսմետիկ վերանորոգման համար»։

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ , շեշտելով, որ մեծ պատիվ է ունենալ մեր համաքաղաքացու ցուցասրահը կամ տուն-թանգարանը, հարցրեց, թե մոտավորապես՝ երբ կունենա քաղաքն այն։

Գայանե Կարապետյանն ասաց, որ գումարի խնդիր չունեն, կախված է աշխատանքներից։ Սամվել Բալասանյանն էլ հետաքրքրվեց, թե դեկտեմբերի 7-ին հնարավոր կլինի՞, որին Գայանե Կարապետյանը պատասխանեց՝ կարծում եմ ՝այո։

«Դեկտեմբերի 8-ին լուրջ միջոցառում ունենք, 7-ին, բնականաբար, չենք գա, 8-ին կամ 6-ին բացենք, ես այնտեղ պատը վերանորոգեցի, կառուցեցի, նույնիսկ քար առա ուրիշ տեղից, որ նույնը լինեն։ Ներսի աշխատանքները սկսեք, առանձնապես բան չփոխեք՝ նույն լուսամուտներով, դռներով լինեն, որովհետև իդեալական է ամեն ինչ՝ հին իրական պատմական արժեք է։ Մեծ պատիվ է Գազազի թանգարան ունենալ Գյումրիում, մեր լավ, ջիգյարով համաքաղաքացու»,- ասաց Սամվել Բալասանյանը։

Ի դեպ, սա միակ նոր թանգարանը չէ, որ բացվելու է Գյումրիում։ Բացելու են նաև գյումրեցի մեկ այլ հռչակավոր քանդակագործի՝ Ֆրիդ Սողոյանի հուշատուն-ցուցասրահը։ Այս նպատակով ևս ավագանին կառույց հատկացրեց։

Քաղաքի ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասաց, որ մեր քաղաքը համաշխարհային մասշտաբի շատ արվեստագետներ է ծնել , Ֆրիդ Սողոյանի ստեղծագործությունները ևս տեղափոխվելու են Գյումրի, ժառանգների հետ քաղաքապետն ունեցել է առանձնազրույց։

Այդ նպատակի համար քաղաքապետարանն առանձնացրել է Համբարձումյան փողոց 35 հասցեի շենքը, որը նախկին գրադարանի շենքն է և որտեղ կոսմետիկ վերանորոգումներ կատարելուց հետո հնարավոր կլինի ունենալ Ֆրիդ Սողոյանի հուշատուն-ցուցասրահը։

Սամվել Բալասանյանն էլ հավելեց, որ Ֆրիդ Սողոյանն ունի 111 ցուցանմուշ-քանդակներ։

«Ես նրա արվեստանոցում եղել եմ, ասեմ նաև, որ իմ ավագ ընկերն է, ափսոս այսօր ինքը չկա, բայց լավ որդիներ ունի, որոնք խոստացել են տեղափոխել, բերել այստեղ», -ասաց Սամվել Բալասանյանը։

Քաղաքապետը նշեց, որ կա մի խնդիր՝ քաղաքացիներից մեկն է զբաղեցրել այդ շենքն, այժմ պահանջում են ազատել, դատական պրոցես է ընթանում։ Մի հատվածը կտրամադրեն, քանդակագործի որդիները կոսմետիկ վերանորոգում կանեն մինչև որ շենքն ամբողջությամբ ազատվի։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմիլ Գազազի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից, իսկ Ֆրիդ Սողոյանի լուսանկարը՝ Ruspekh.ru-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930