Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց ո՞նց է զենք տրվելու, ո՞ւմ է տրվելու, ինչպե՞ս է վերահսկվելու». Էդգար Խաչատրյանը՝ աշխարհազորի ստեղծման մասին

Սեպտեմբեր 11,2020 12:54

«Այս մեկուկես տարիների ամենակարևոր փաթեթն է, որին պիտի կողմ քվեարկեմ»,-«Հոդված 3» ակումբի՝ «Հայկական աշխարհազոր. պաշտպանություն, անվտանգություն և մարդու իրավունքներ» թեմայով տեսաքննարկմանը հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Ըստ նրա՝ 2016-ի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ եթե լայնամասշտաբ պատերազմի գնանք, շատ մարդիկ կունենանք, որոնք կցանկանան լինել առաջնագծում և պայքարեն: Ըստ պատգամավորի՝ սա բավականին քաոսային իրավիճակ ստեղծեց: Նա մանրամասնեց. «Եթե մարդը զենքին տիրապետում է, բայց չի կարող ճիշտ ինքնապաշտպանվել, դա արդեն մտահոգիչ է: 2016-ին դրա համար մի շարք կամավորական խմբեր ստեղծվեցին վերապատրաստումների: Մենք պիտի հասկանանք, որ մեր երկրի թիվ մեկ կարևորություններից է մարտունակ թիկունք ունենալը. ոչ թե նրա մասին է խոսքը, որ զենքը վերցնենք, դուրս գանք փողոց, այլ տիրապետենք ճիշտ ինքնապաշտպանվելուն, որ մի շարք հմտություններ ունենանք, որ եթե վաղը հայտնվեն անձինք բանակում կամ բանակի կողքին, կարողանան ճիշտ ինքնապաշտպանվել»:

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանն քննարկման ընթացքում ասաց. «Ես մեծապես համաձայն եմ տիկին Հովսեփյանի արտահայտած կարծիքի հետ: Ես ուսումնասիրեցի և՛ միջազգային փորձը, և՛ մեր պաշտպանության նախարարության հետ էլ փորձեցի հասկանալ, թե ինչ է նշանակում այս գաղափարը, քանի որ աշխարհազորը, եթե անգլերեն թարգմանված ստացվում է auxiliary, որը բառացի նշանակում է օժանդակ ուժ և այդ մոդելն աշխարհի շատ երկրներում կա և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում: Սակայն համաձայն եմ պաշտպանության փոխնախարարի հետ, որ իրենք որոշակի մոդել չեն վերցրել: Շվեցարական մոդելն իրականում լրիվ ուրիշ բան է. դա իրականում ռեզերվ է՝ այսպես կոչված պահեստազոր: Ինչո՞վ է տարբերվում աշխարհազորը պահեստազորից: Պահեստազորը՝ ռեզերվը, մինչև 50-55 տարեկան է, ինչքան բարձր է ռանգը, այնքան այդ տարիքն ուշ է. շարքայինների համար կարծեմ 50 է, գնդապետների համար մինչև 55: Աշխարհազորը վերաբերվում է դրանից ավելի մեծ տարիքով մարդկանց: Այսինքն, եթե մեկը եղել է նախկին զինվորական կամ ռեզերվիստ, հասել է այդ սահմանային տարիքին, սակայն ինքն ի վիճակի է նպաստել հայրենիքի պաշտպանությանը՝ անհրաժեշտության դեպքում, 55-70 տարեկան մարդկանց համար է մեծամասամբ այս աշխարհազորը ստեղծվում: Եվ սա այնպիսի մարդկանց համար է, որ արդեն ունեն ռազմական որոշակի նախապատրաստվածություն և փորձ, նրանց համար փաստորեն վարժանք են կազմակերպելու, թրեյնինգներ, թարմացնելու են նրանց ունակությունները: Զենք ոչ մեկի մոտ չի լինելու, զենքերը պահվելու են որոշակի կա՛մ ոստիկանական կետերում, կա՛մ զինվորական կետերում, և զենքը նրանց տրվելու է անհրաժեշտության դեպքում»:

Կանանց առնչվող հարցի մասին Սոսի Թաթիկյանը նշեց. «Կանայք ընդհանրապես ավելի շուտ են թոշակի գնում: Հնարավոր է լինի կին դիպուկահար, և նրանք արդեն ակտիվ զինվորական ծառայությունից շատ ավելի վաղ տարիքում են հեռանում, քան տղամարդիկ, հնարավոր է, որ նրանք էլ ուզենան հայրենիքին իրենց ծառայությունը մատուցել անհրաժեշտության դեպքում, եթե լինի ենթադրենք լայնամասշտաբ հարձակում: Եթե դուք կարդաք պաշտպանության նախարարի տեսլականը կամ նոր անվտանգության ռազմավարության քաղաքականությունը, այնտեղ մի կետ կա, որ ասում է՝ թշնամին ունի որոշակի քանակական գերակշռություն մեր հանդեպ: Դա փաստ է և՛ բնակչության առումով,  և՛ բանակի առումով մեր թշնամին մեզ գերակշռում է: Թեև մենք փորձում ենք բարձր տեխնոլոգիաներով և բարձր պատրաստվածությամբ հակակշռել այդ քանակական գերակշռությանը, այնուամենայնիվ, հնարավոր է լինի իրավիճակ, երբ քանակն էլ որոշակի դեր խաղա: Մի քիչ կասկածում եմ՝ ինչու է ընտրվել աշխարհազոր տերմինը: Ինձ այդ տերմինը մի քիչ շփոթեցրեց. իմ առաջին ռեակցիան դա էր, քանի որ դրա միջազգային համարժեքն ինձ համար անհասկանալի էր: Ինձ թվում է իրականում քաղաքացիական պաշտպանության մասին է խոսքը գնում և աշխարհազոր տերմինը, կարծում եմ, ընտրվել է ավելի ոգևորելու համար, որովհետև մի տեսակ վիպական է հնչում, քանի որ, եթե գնանք միջնադարյան վեպեր, այդ տերմինն օգտագործվել է հաճախ, և կարծում եմ, որ դա ավելի բարոյահոգեբանական դեր է կատարում, որպեսզի ոգևորի, թեև ըստ իս՝ դա իմ անձնական կարծիքն է, որոշ մարդկանց դա կարող է ընդհակառակը դուր չգալ, քանի որ ասոցացվել ավելի պաթետիկ, մի քիչ կեղծ հնչող ռազմահայրենասիրական գաղափարախոսության հետ, որը ոչ բոլորին է դուր գալիս: Ըստ իս՝ մենք խոսում ենք քաղաքացիական պաշտպանության մասին, որը մեզ ավելի քան անհրաժեշտ է, կենսական անհրաժեշտություն ունի մեզ համար՝ անկախ նրանից, թե անունը ինչ կդնենք՝ աշխարհազոր, թե քաղաքացիական պաշտպանություն, բայց դա անհրաժեշտություն է ՀՀ համար: Ես համաձայն եմ, որ միգուցե նույնիսկ մի քիչ ուշացած է և նպատակ է ծառայում կամավորական շարժումը համակարգելու, թույլ չտալու, որ դա լինի հախուռն: Եվ կարևոր է փաթեթավորել ճիշտ և՛ ներքին հանրության համար, և՛ միջազգային հանրության համար, որպեզի սխալ ընկալում չլինի: Ինձ թվում է դա մեր ներկայիս համակարգի առաջնայնություններից պիտի լինի, որ նույնիսկ ամենալավ գաղափարը երբեմն այնպես է փաթեթավորվում, որ կարող է սխալ ըմբռնումների տեղիք տալ: Շատ կարևոր է ճիշտ փաթեթավորել և՛ ներսում, և՛ դրսում»:

 

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ տնօրեն Էդգար Խաչատրյանը նկատեց՝ խնդիրը, որն ուզում են լուծել այս նախագծով, բոլորի համար պարզ է, բայց միևնույն ժամանակ նշեց, որ կառույցի ստեղծումն իր համար, մեղմ ասած, խնդրահարույց է. «Եթե նայենք մարդու իրավունքների, ժողովրդավարության տեսանկյունից, ապա եթե ուզում ենք իրավական պետություն ստեղծել, անհասկանալի է միայն շեշտը դնել անվտանգության հարցերի վրա. չի կարելի մարդու իրավունքների և անվտանգության հարցը տարանջատել: Սա ազգ-բանակի տրամաբանությունն է: Եթե մի քանի տարի առաջ անընդհատ բարձրացնում էին հարցը, որ ազգ-բանակը որպես կոնցեպտ տանում է մեր հասարակության ռազմականացմանը, պարոն Փաշինյանը նշում էր՝ որոշ կետեր, որոնք նշված են կոնցեպտում, իրոք տանում են ռազմականացման, ապա հարց՝ ի՞նչ փոխվեց: Իրականում չեմ կարծում, որ դրանից հետո շատ է փոխվել աշխարհաքաղաքական իրավիճակը: Իմ կարծիքով ՝ նման հանգամանքներում պաշտպանության ոլորտն իր ենթակառուցվածքներով, դուրս է մնում հենց ժողովրդավարական և խորհրդարանական վերահսկողությունից: Հարցեր են առաջանում՝ մարդկանց ո՞նց է զենք տրվելու, ո՞ւմ է տրվելու, ինչպե՞ս է վերահսկվելու»:

Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց. «Ես զարմացած եմ այն հարցադրումների առումով, որոնք այս պահին եղան՝ կապված ժողովրդավարության, մարդու իրավունքների, զենքի օգտագործման վտանգների հետ: Մինչդեռ աշխարհազորը լուրջ աշխատանք կարող է տանել հասարակության մտածողության և բարոյահոգեբանական կազմավորման առումով: Ինչո՞ւ եք թերագնահատում իրավական համակարգի դերն այս առումով: Միգուցե մի օրենսդրական նախագիծ էլ բերվի, որով, օրինակ, արգելվի զենքի ազատ վաճառքը: Ամենևին անհրաժեշտություն չկա այս կարևոր նախագծի շուրջ այնքան վախենալ, որ տրամադրություններ փոխվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930