Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Թուրքիայի՝ Ադրբեջանին սատարող նման ելույթները հենց Ադրբեջանի խնդրանքն են». Տաթեւիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 23,2020 16:18 Share

«Այդ բոլոր հայտարարությունները հուզական դաշտում են եւ չունեն որեւէ արտաքին քաղաքական արժեք»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ այս օրերին Հայաստանին հասցեագրված հայտարարությունները՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Հայաստանին մեղադրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը խոչընդոտելու, իսկ Թուրքիայի ՊՆ-ն՝ հրադադարի ռեժիմի խախտման համար: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն էլ հիշեցրել է, որ իրենք եղբայրական Ադրբեջանի կողքին են, եւ որ Հայաստանը պետք է դադարեցնի ագրեսիան:

«Ընդհանուր առմամբ՝ ՄԱԿ-ում Էրդողանի բավականին ագրեսիվ ելույթը նշածիս վառ ապացույցն է: Թուրքիան փորձում է ամբողջությամբ իր քիթը խոթել տարբեր տարածաշրջաններում, եւ փորձում է նույնն անել նաեւ Հարավային Կովկասում»,-շեշտեց Տաթեւիկ Հայրապետյանը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանին սատարող նման կոչերն ու ելույթներն արվում են հենց Ադրբեջանի խնդրանքով, որպեսզի վերջինս ցույց տա, թե իր ագրեսիվ կեցվածքն իբրեւ թե ունի որեւէ տեսակի աջակցություն. «Սակայն թե Ադրբեջանը, եւ թե Թուրքիան աշխարհին հայտնի են իրենց ագրեսիվ եւ ապակառուցողական դիրքորոշումներով: Կարծում եմ՝ Ադրբեջանը որեւէ իրական օգուտ չի կարող ստանալ Թուրքիայի աջակցությունից՝ հաշվի առնելով նաեւ Թուրքիայի իմիջն ամբողջ աշխարհում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել