Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Երբ շուրջդ ամեն ինչ փուլ է գալիս, ուզում ես ապտակել փողոցում առանց դիմակի շրջող անհոգ «մարդասպաններին», որ ստեղծել են իմ կյանքում այս մղձավանջը՝ առանց խիղճ ու մեղք զգալու

Հոկտեմբեր 22,2020 23:55

Մայրս «Սուրբ Աստվածածին» հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է, շնչառական ապարատով է միայն շնչում, բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, հորդորում են աղոթել: Հա, COVID-19 համավարակը մեր դուռն էլ թակեց: Բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ ճանաչում են մորս, գիտեն, թե կորոնավիրուս բառն անգամ ինչ սարսափ է եղել նրա համար:

Մարտի 1-ից, երբ Հայաստանում ի հայտ եկավ առաջին դեպքը, մայրս բժշկական դիմակով է եղել, ձեռնոցով, պայուսակում մշտապես պահել տասնյակ դիմակներ ու 4 ժամը մեկ փոխել, ինչպես պետք է, վերելակի կոճակները սեղմելիս կրկնակի ձեռնոց էր հագնում, անձեռոցիկով դիպչում ու արագ ազատվում ձեռնոցից, օրական մեկ շիշ ալկոգել ու սպիրտ լցնում ձեռքերին, տուն մտնելուն պես բերանի խոռոչը, քիթը լվանում աղաջրով, պերեկիսով, ձեռքերն օճառում հակաբակտերիալ օճառով ոչ թե 20, այլ 30-40 վայրկյան:

Սա ասում եմ, որ պատկերացում լինի, թե ինչ կարգի է պահպանել բոլոր կանոնները, հետեւել բոլոր խորհուրդներին, դրսից տուն մտնող թոռներին անգամ վախեցել է գրկել՝ 1,5 մետր սոցիալական հեռավորություն պահելով: Բայց չստացվեց չվարակվել: Չեղավ: Սկզբում ամեն ինչ թվում էր վերահսկելի, ուղեկցող լուրջ հիվանդություններ, շաքարախտ չուներ, միայն թուլություն, 37 աստիճան ջերմություն: Հետոն սարսափելի էր:

Դժվար է որեւէ կերպ նկարագրել այն անկարողությունը, երբ մորդ շնչառական անբավարարությամբ, 60-64 սատուրացիայով ժամերով շտապօգնության մեքենայի մեջ պահած սպասում ես, որ գեթ մի հիվանդանոցում տեղ բացվի, կարողանան բուժօգնություն տրամադրել, շտապօգնության 72 բրիգադի բժիշկ Գրիգորյանի հեռախոսին տրիաժ կենտրոնից ամեն զանգը փրկության լույս է թվում, ուզում ես ընկնես խեղճ Գրիգորյանի ոտքերը, խնդրես մի ճար անի, բայց գիտես, որ անզոր է, ուզում ես հորդորես շտապօգնության մեքենայի վարորդին քշել ցանկացած հիվանդանոց, կոտրել հիվանդանոցի դարպասները, խնդրել մորդ փրկել, բայց գիտես, որ հիմարություն է:

Ու աչքիդ առաջ մորդ շնչառությունը թվում է ավելի ծանր, շրթունքները՝ մի տեսակ կապույտ…Սա հենց խուճապն է: Մորս հիվանդանոց տեղավորելուց հետո գալիս է հաջորդ հարվածը, հայրս է ջերմում, հետո՝ հերթով տան մյուս անդամները ու թվում է՝ շուրջդ ամեն ինչ փուլ է գալիս:

Այս ամենը չէի նկարագրի, եթե այսօր դեղատան ճանապարհին չտեսնեի առանց դիմակների փողոցում շրջող այն անհոգ մարդկանց դեմքերը, որոնք չեն էլ գիտակցում, թե ինչ օրն են գցում մեր երկրի առողջապահական համակարգը՝ իրենց անպատասխանատու պահվածքով: Որքան էլ ասում ես վարակակիրների պաշտոնական այն ահասարսուռ թվերը, սրանք անդրդվելի են: Ներողություն եմ խնդրում «սրանք» բառի համար, բայց ինձ համար այս մարդիկ զենք են, որ ամեն վայրկյան կարող են մի անմեղ մարդու կյանք խլել, թեկուզ անգիտակցաբար:

Ուզում ես առանց դիմակի շրջող ծեր մարդուն մոտենալ, խնդրել, աղաչել, բացատրել, որ այ պապի ջան, այ տատի ջան, կրիր էդ անտեր դիմակը, դժվար չի, դժվարը առջեւում է, երբ քո պատճառով զինվորին չեն կարողանալու հիվանդանոց տանել: Ուզում ես մոտենալ առանց դիմակի շրջող թաղի երիտասարդ ապերոյին, ասել՝ տղա ջան, ախպերս, դու կռուտոյ ես, գիտեմ, կորոնավիրուսը քո համար ո՞ւմ շունն է, բայց կրիր էդ անտեր դիմակը, որովհետեւ դա «շանտղություն» չի, «զապադլո» չի, ամոթ չի, տանը ծնող կունենաս, մեծահասակ հարազատ, բարեկամ կունենաս, լավ ընկերոջ լավ ծնող կունենաս վերջապես:

Իսկ երբ տեսնում ես, որ դա համատարած է, մեկը չի, երկուսը չի, դիմակը քիթը չի ծածկում, խոսելիս դիմակը իջեցնում են, առանց սոցիալական հեռավորությունը պահելու՝ արխային առաջդ հազում ու փռշտում են՝ տարածելով բացիլները՝ ուզում ես ապտակել այս անհոգ, անդարդ «մարդասպաններին», որ ստեղծել են իմ կյանքում այս մղձավանջը՝ առանց խիղճ ու մեղք զգալու:

Բժիշկներն էլ ուժ ու եռանդ չունեն ձեզ բացատրելու, ասելու, հիվանդանոցներում խայտառակ ծանրաբեռնված են, ինչքա՞ն պիտի ասեն, որ ուշքի գաք, ախր սա էլ է պատերազմ: Դուք ձեր անպատասխանատու վերաբերմունքով գուցե խլում եք մի քաղաքացու կյանք, որն այս երկրի համար ավելի շատ բան է արել, քան դուք՝ փողոցում անհոգ ֆռֆռալով, գուցե ավելի շատ հարկեր է մուծել, տնտեսություն զարգացրել, բանակի թիկունքը պահել: Ոստիկաններին դիմակով խաբելը, հետո հանել ու ազատ շրջելը շուստրիություն չի, տգիտություն է, մարդասպանություն է, հանցագործություն է, ԱՄՈԹ է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031