Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան. Հայաստանը եւ աշխարհի հայությունը երկու ճանապարհ ունեն արձագանքելու Մեծ Բրիտանիայից եկող այս սպառնալիքին

Նոյեմբեր 06,2020 14:55

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչ անել Հայաստանի դեմ աշխատող Մեծ Բրիտանիայի հետ

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքերից պարզվում է, որ ՄԱԿ-ի ԱԽ վերջին փակ քննարկման ընթացքում ԱԽ մշտական անդամներից մեկը խափանել է հայտարարության ընդունումը. «Որևէ միջազգային կազմակերպություն՝ բացառությամբ ՄԱԿ-ի, ուղղակի միջամտելու լիազորություն չունի, միայն ՄԱԿ-ն է, ու դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում, որը կարող է լինել տարբերակված, կարող են լինել տնտեսական սանկցիաներ, կարող է լինել ընդհուպ մինչև ուժի կիրառում»,-ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի մշտական անդամներից (5 անդամ) ոչ մեկն առնվազն վետո չդնի, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որտեղ կան ևս 9 ոչ մշտական անդամներ, այդ որոշումն անցնի: «Որ դա շատ բարդ գործընթաց է, կարող ենք դատել այն հանգամանքից, որ երբ սկսվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ քննարկում, համանախագահ երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ներկայացրին շատ հավասարակշռված մոտեցում, որը հետո պետք է փակ քննարկման արդյունքում հնչեցներ նախագահողը: Այդ պարագայում նախագահությունը Ռուսաստանինն էր: Այնքան հավասարակշռված էր, խոսքը վերաբերվում էր կրակի դադարեցմանը, նրան, որ երրորդ կողմերը չմիջամտեն, խոսքը վերաբերվում էր նրան, որ անընդունելի է, որ ահաբեկիչները հայտնվում են այս հակամարտության մեջ: Եղավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություն, որն, ըստ էության, տապալեց դա»։

Քանի որ նախագծի ներկայացնողները համանախագահ երկրներն էին, որոնք երեքն էլ ԱԽ անդամ են, մնում են Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը։ Որքան էլ, որ Չինաստանը համագործակցում է Թուրքիայի հետ Մեծ Մետաքսե ճանապարհի հարցում, ինչպեսեւ ույղուր ծայրահեղականներին Թուրքիայում ձերբակալելու եւ Չինաստան տարհանձնելու համաձայնագիր ունի այդ երկրի հետ, սակայն սա այն հարցը չէր, որտեղ Չինաստանը բացահայտ դեմ դուրս գար ԱԽ երեք երկրների նախաձեռնությանը։ Մնում է Մեծ Բրիտանիան։

Այսպիսով, հաստատվում են այն տեղեկությունները, որ թուրք-ադրբեջանական ագրեսիային չէր կարող տեղի ունենալ, եթե համաձայնեցված չլիներ գերտերություններից՝ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրներից որեւէ մեկի հետ։ Այս պատերազմով Մեծ Բրիտանիան, որը ճիշտ արձանագրել է Ռուսաստանի արագ թուլացման գործընթացը, առաջ է մղում վերջինի կազմալուծման/մասնատման մի ծրագիր, որի առաջամարտիկը պետք է լինի Թուրքիան։ Այդ հաշվարկով, Արցախի պատերազմից հետո, կամ դրան զուգահեռ, պետք է պայթեցվի առնվազն Հս․ Կովկասը, իսկ հնարավորության դեպքում նաեւ Միջին Ասիան եւ Պովոլժիեն եւ Ռուսաստանը ծնկի բերվի՝ ի վիճակի չլինելով պատերազմել ներքին եւ արտաքին այդքան ճակատներում։ Ջիհադիստների անպատիժ ներկայությունը Ռուսաստանի հարավային սահմանների մոտ եւ նրանց հանդեպ Ռուսաստանի անատամ դիրքորոշումը Հս․ Կովկասի անկախականների, հատկապես չեչենների շրջանում մեծ հույսեր է սկսել բորբոքել։

Մեծ Բրիտանիայի թուրք-ադրբեջանամետ նման դիրքորոշումը փակում է Ադրբեջանի հանդեպ որեւէ գործուն եւ միասնական միջազգային ճնշման հնարավորությունը, ներառյալ խաղաղության պարտադրանքը, ինչպես որ դա արվեց Սերբիայի դեպքում՝ Կոսովոն կործանումից փրկելու համար 1999-ին։ Բանն այն է, որ Կոսովոյի դեպքում ԱԽ-ում եւս չկար կոնսենսուս այդ հարցով եւ ՆԱՏՕ-ն ինքնուրույն դա արեց՝ առանց ՄԱԿ ԱԽ որոշման երկու ամիս ռմբահարելով Սերբիան։ Սակայն ՆԱՏՕ-ն կարող էր իրեն նման բան թույլ տալ եւ Ռուսաստանը շատ թույլ էր ռազմական կամ անգամ քաղաքական առումով դրան արդյունավետորեն ընդդիմանալու համար։ Ընդ որում՝ հակասերբական հարձակման որոշման առաջմղողը հենց Մեծ Բրիտանիան էր, իսկ ԱՄՆ-ը դժվարությամբ համաձայնեց դրան։

Այժմ, թեեւ խնդիրը շատ նման է, քաղաքական վիճակը տրամագծորեն հակառակն է։ ՆԱՏՕ-ն, որը միակ ուժն է, որը կարող է առանց ՄԱԿ ԱԽ որոշման միջամտել՝ Ադրբեջանին կամ, պայմանական ասած, «կողմերին» խաղաղություն պարտադրելու համար՝ չի միջամտի, քանի որ այնտեղ դրան կընդդիմանան առնվազն Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան։ Իսկ Ռուսաստանը չի համարձակվի հարվածել Ադրբեջանին, քանի որ ռիսկ կա, որ դրա հետեւանքով Թուրքիան կպատերազմի նրա դեմ, մանավանդ, որ Ռուսաստանը չի ունենա ՄԱԿ ԱԽ աջակցությունը։ Ու անգամ եթե ՆԱՏՕ-ն չաջակցի Թուրքիային, հաշվի առնելով վարձկաններին վերջինի կողմից ներգրավման մեղքը/խարանը, այդուհանդերձ Թուրքիայի սպառնալիքը Ռուսաստանի համար շատ լուրջ է եւ այնտեղ պարզապես վախենում են այդ երկրի հետ բախվելուց։

6 տարի առաջ Ռուսաստանը լրջորեն մտածում էր Ուկրաինայի կեսը գրավելու եւ այնտեղ նոր իշխանություն ձեւավորելու մասին։ Նա լավ գիտեր, որ եվրոպական որեւէ երկիր ռազմական առումով չի միջամտի, բացի այդ, 6 տարի առաջ Ռուսաստանը դեռ պահպանում էր իր հզորությունը ու նաեւ չկար Թուրքիայի հետ բախման վտանգ։ Այլ է հիմա՝ երկու պարամետրերն էլ փոխվել են․ Ռուսաստանը թուլացել է, իսկ Թուրքիան այս դեպքում արդեն կարող է դիմադրել, ընդ որում՝ հզորացած ոչ միայն այս 6 տարում ուժեղացված ավիացիայով, այլեւ նույն Ռուսաստանից գնված Ս-400 ՀՕՊ համակարգերով։

Բրիտանա-թուրքական խորքային համագործակցության մասին է խոսում նաեւ այն, որ Միացյալ Թագավորության հիմնական գաղտնի ծառայության՝ ՄԻ-6-ի ղեկավար այս տարվա հուլիսին նշանակվեց Թուրքիայում այդ երկրի նախկին դեսպան, կադրային հետախույզ Ռիչարդ Մուրը, ով մեծ դեր է խաղացել երկու երկրների համագործակցության խորացման հարցում։ Պատահական չէ նաեւ, որ Ուկրաինա-Թուրքիա մերձեցմանն ուղղված Անկարա վերջին այցելությունից առաջ Զելենսկին երկար փակ խոսակցություն էր ունեցել նույն Մուրի հետ։

Թուրքիան Մեծ Բրիտանիային պետք է որպես լոմ – նախեւառաջ՝ Ռուսաստանի դեմ։ Այնպես որ, կարելի է կռահել, որ թուրք-ռուսական բախման դեպքում թեեւ ՆԱՏՕ-ն կարող է եւ չաջակցել Թուրքիային, սակայն Մեծ Բրիտանիան, վստահաբար դա կանի՝ թույլ չտալու համար Թուրքիայի պարտությունը։ Թուրքիային անուղղակի կաջակցի նաեւ Ուկրաինան՝ փորձելով պահը օգտագործելով ռազմական ճանապարհով ետ բերել առնվազն Դոնբասը, իսկ շատ հավանական է, որ նաեւ Ղրիմը։ Ընդ որում՝ Հայաստանի համար թուրք-ռուսական պատերազմը անցանկալի զարգացում կլինի, քանի որ տեղի կունենա ոչ միայն Ադրբեջանի, այլեւ հենց Հայաստանի եւ Արցախի տարածքում՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով։

Թուրքական լոմը Մեծ Բրիտանիային պետք է նաեւ Եվրամիության դեմ, որից դուրս գալուց հետո վերջինը դարձել է ՄԲ-ի տնտեսական եւ քաղաքական մրցակիցը։

Հիմա Հայաստանը եւ աշխարհի հայությունը երկու ճանապարհ ունեն արձագանքելու Մեծ Բրիտանիայից եկող այս սպառնալիքին։

Առաջինը մարտավարական է՝ Սփյուռքի մոբիլիզացիան եւ աշխարհով մեկ հակաբրիտանական արշավ սկսելը՝ մեղադրելով պատերազմին եւ ցեղասպանությանը աջակցելու մեջ, վարձկաններին եւ ահաբեկիչներին հովանավորելու մեջ, կոնֆլիկտի լուծման հարցում դեստրուկտիվ մոտեցման մեջ։ Սա նաեւ կտեղավորվի հայ-ռուսական ալյանսի տրամաբանության մեջ։ Հաշվի առնելով, որ Բրիտանիայի հասարակության մեջ եւ վերնախավում, այդ թվում՝ ՄԲ խորհրդարանում կա Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողություններով դժգոհ մեծ շերտ՝ դա կարող է իր ազդեցությունն ունենալ, քանի որ ակնհայտորեն Բրիտանիան ցույց է տալիս, որ շարունակում է նույն գաղութատիրության ժամանակների աշխարհաքաղաքական մոտեցման հիմքով արտաքին քաղաքականությունը, որի հիմքը մերկանտիլ շահերն են եւ որը հակադրվում է խաղաղությանը, ժողովրդավարական եւ մարդասիրական արժեքներին։ Սա կարող է իր ազդեցությունն ունենալ, նաեւ պետք է զուգորդվի հակաբրիտանական տրամադրություններ ունեցող երկրների հետ հրատապ համագործակցության՝ ընդհուպ ՄԲ-ի դեմ քայլերը համաձայնեցնելու մոտեցման հետ։ Նաեւ աշխատելով ԱՄՆ եւ ԵՄ-ի հետ՝ հորդորելով ճնշում գործադրել ՄԲ-ի վրա՝ Արցախի հարցում ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրելու ուղղությամբ։ Թե՛ հրապարակային ակցիաներում, հանրահավաքներում եւ թե՛ միջպետական քննարկումներում պետք է շեշտադրվի ՄԲ-ի դիրքորոշումը Կոսովոյի հարցում, որը տրամագծորեն հակառակն էր Արցախի դեպքին եւ նպաստում էր պատերազմի դադարեցմանը, Կոսովոյի ժողովրդի անվտանգության ապահովմանը եւ նրա ինքնորոշման իրավունքին։ Այսինքն՝ ի ցույց դնել ՄԲ-ի կրկնակի ստանդարտներով առաջնորդվելու, անսկզբունք եւ արժեքների վրա չհիմնված դիրքորոշումը։ Պատահական չէ, որ ՄԱԿ ԱԽ քննարկումը փակ է եղել, կարելի է կռահել, որ դա տեղի է ունեցել նաեւ ՄԲ-ի պահանջով, որպեսզի իր դեստրուկտիվ եւ ոչնչով չհիմնավորված մոտեցումը աշխարհի ժողովուրդների համար տեսանելի չդառնա։

Երկրորդ ճանապարհը ռազմավարական արդյունքներ է ենթադրում, միաժամանակ շատ ավելի բարդ է եւ ռիսկային։ Այն կապված է Մեծ Բրիտանիայի հետ երկարաժամկետ, թեկուզ գաղտնի, համաձայնության գալու հետ։ Սակայն դրա համար նախ պետք է հասկանալ, իսկ ավելի լավ է՝ անմիջականորեն իրենց պաշտոնյաներից լսել, տեղեկանալ թե որն է ՄԲ-ի տեսլականը տարածաշրջանի ապագա անվտանգային կոնֆիգուրացիայի վերաբերյալ եւ ինչպես, ինչ պայմաններով եւ ինչ քայլերի արդյունքում կարող է այդ տեսլականում անվտանգ եւ արժանապատվորեն տեղավորվել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլեւ ամբողջ հայությունը։ Ռուսաստանի վախվորած դիրքորոշումից կարելի է եզրակացնել, որ թուրք-բրիտանական ալյանսի անգամ զուտ քաղաքական եւ պրոքսի-ռազմական հարձակումը տեխնոլոգիապես եւ տնտեսապես խիստ հետ մնացած, իսկ Հս․ Կովկասում, Պովոլժիեյում եւ Միջին Ասիայում խիստ խոցելի Ռուսաստանի վրա կրկնելու է 1853-1856 թթ․ Ղրիմյան պատերազմը, որը ավարտվեց Ռուսաստանի պարտությամբ։ Եթե առաջիկա օրերին Ռուսաստանը կոշտ քայլեր չիրականացնի թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ալյանսին պարտության մատնելու հայկական ուժերի ջանքերին վճռորոշ աջակցության ուղղությամբ, ներառյալ ոչ միայն ռազմատեխնիկական շատ ավելի արդյունավետ աջակցությունը, այլեւ քաղաքական եւ տնտեսական ավելի մեծ ճնշումը Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա, պարզ կլինի, որ Ռուսաստանը հաշտվել է բրիտանա-թուրքական ալյանսի ավանգարդի՝ ջիհադիստների հետ պատերազմը ոչ թե Արցախում, այլ Հս․ Կովկասում, Պովոլժիեում եւ Միջին Ասիայում դիմակայելու մտքի հետ եւ Հայաստանը պետք է ինքնուրույն իր «գլխի ճարը տեսնի» սեփական անվտանգության երկարաժամկետ ապահովման կտրվածքով՝ Արեւմուտքի ու, նախեւառաջ, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունների միջոցով։

Այս երկու քայլերը, ի դեպ, իրար բացառող չեն։ Հակառակը, առաջինը կարող է դառնալ հիմք՝ երկրորդում բանակցությունների ժամանակ։ Երկրորդում ռիսկերը կառավարելու համար, սակայն, ցանկացած պայմանավորվածություն պետք է լինի ոչ թե միայն Միացյալ Թագավորության հետ, այլ ՄԹ-ԱՄՆ-Ֆրանսիա եռյակի հետ՝ երկարաժամկետ կտրվածքում որպես երաշխիք անխուսափելիորեն ներառելով ՆԱՏՕ-ին Հայաստանի եւ Վրաստանի համատեղ անդամակցությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30