Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես վարչապետից չեմ վախենում, առավել ևս չեմ վախենա ՖԲ-ում թաքնվածներից ու տղամարդկային հայհոյանքներ գրող դեռատի օրիորդներից»․ Միքայել Սրբազան

Դեկտեմբեր 09,2020 22:25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 7-ին Գյումրի կատարած այցից հետո քննարկման բուռն թեմա է դարձել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից Ամենափրկիչ եկեղեցու բակում երկրաշարժի զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ չմատուցելը։

Սրբազանը, որը դեկտեմբերի 7-ի առավոտյան՝ մինչ վարչապետի այցը, երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին պատարագ էր մատուցել Սուրբ Յոթ վերք եկեղեցում, պարզաբանել էր ․ «Նա իմ վարչապետը չէ, որ ես նրա առաջ հոգեհանգստյան կարգ մատուցեի» ։

Միքայել Սրբազանի այս խոսքերից հետո վարչապետի մամլո քարտուղար Մանե Գևորգյանը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլեւ որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որեւէ տարբերություն չկա, թե ով է պատարագ մատուցող հոգեւոր հովիվը։ Ավելին՝ Հոգեհանգստի արարողությունը 32 տարի առաջ կյանքից հեռացած մարդկանց հոգիների համար էր առաջին հերթին։ Որեւէ գնահատականից զերծ մնալով հանդերձ՝ Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում։ Կարծում եմ գյումրեցիներն իրենք կտան այդ հայտարարությունների գնահատականը»։

Aravot.am-ն այս թեմայի ու նաև երկրում ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

Սրբազան, այս օրերին բուռն քննարկման թեմա դարձան ձեր այս խոսքերը՝ վարչապետը իմ չէ, և ես հոգեհանգստյան կարգ չեմ մատուցի։

-Ոչ թե հոգեհանգստյան կարգ չեմ մատուցի, այլ ի՛ր ներկայությամբ չեմ մատուցի, դրանք տարբեր բաներ են։ Ես հոգեհանգստյան արարողություն արել եմ, կանեմ և ոչ մեկը ինձ չպիտի թելադրի, որ անեմ, ինքս իմ խղճի թելադրանքով եմ անում հոգեհանգստյան կարգը։

-Կարծիքներ հնչեցին, որ հոգևոր առաջնորդը քաղաքական գործընթացների մեջ է մտնում։

-Լավ է անում, եթե բանն արդեն հասել է դրան, լավ է անում, թող իրենք ցույց տան Սահմանադրության այն հոդվածը, որով ես իրավունք չունեմ քաղաքականությամբ զբաղվել, թող ցույց տան, չկա այդպիսի բան։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, լիարժեք քաղաքացի եմ, թերի քաղաքացի չեմ, Ստալինի ժամանակները չեն․ Ստալինի ժամանակ հոգևորականը համարվում էր ձայնազուրկ քաղաքացի, ո՛չ ընտրելու, ո՛չ ընտրվելու իրավունք ուներ։

Այսօր այդ ժամանակները չեն, ես այս երկրի քաղաքացին եմ և վաստակած քաղաքացին եմ, այս երկրի համար աշխատած, քրտնած, ճգնած, ստեղծած, տառապած քաղաքացին եմ և խոսք ունեմ ասելու և ասում եմ, ում դուրը չի գալիս, թող չլսեն։

-Վարչապետի մամուլի խոսնակը ևս պատասխանել էր Ձեզ։

-Պատասխանել էր, գոհ եմ, շնորհակալ եմ, որ պատասխանել էր կոռեկտ, ոչ թե նախկինի նման պարոն Աջապահյան-ով կամ չգիտեմ ինչով, այլ Միքայել Սրբազան-ով էր պատասխանել։ Գոհ եմ իր պատասխանից, ես իր պատասխանից դժգոհ չեմ, թեև ինքը հոգեհանգիստն ու պատարագը խառնել է իրար, ոչինչ, երիտասարդ աղջիկ է, կմեծանա, կսովորի։ Իսկ թե գյումրեցիները ինչ գնահատական պիտի տան, գյումրեցիները 22 տարի է՝ տալիս են գնահատական, եթե ես զգամ այս քաղաքում ընդունված չեմ, չեմ մնա այստեղ։ Եթե ես իմանամ, որ ես չեմ կարող փողոցում դուրս գալ ու զբոսնել և ինձ պետք է ինչ-որ հայացքներ հետևեն, փնովող, քննադատող հայացքներ, մնում եմ՝ ի՞նչ անեմ այս քաղաքում։

Բայց ես իմ ծննդավայրում եմ ապրում, ուրախ եմ, որ իմ ծննդավայրում եմ ապրում, ճակատս բաց եմ ապրում, ոչ մեկից ո՛չ վախենում եմ, ո՛չ երկնչում եմ, ո՛չ էլ ամաչելու խնդիր ունեմ, բացարձակապես չունեմ։ Եթե կա գյումրեցի, որ կարող է ինձ բան ասել, թող գա դեմերեսիս ասի և դեմերես պատասխան ստանա։ Գիտեք չէ, որ կարող եք պատասխան տալ․ 22 տարին բավարար է չէ՞ դա իմանալու համար։

Եթե հայ ժողովուրդը ուզում է ապիկար առաջնորդ, փոքրիկ, վախվորած, թշվառ, ամեն ինչից պահ մտնող առաջնորդ, թող փնտրեն, բերեն, ես այդպիսի առաջնորդ չեմ եղել, չե՛մ լինելու։

Ես եթե վարչապետից չեմ վախենում, առավել ևս ֆեյսբուքում թաքնված լանգուլավազից չեմ վախենա, այսքանը պարզ չէ՞, առավել ևս չեմ վախենա դեռատի օրիորդներից, որոնք տղամարդկային հայհոյանքներ են գրում ֆեյսբուքում, դրանից չեմ վախենա։ Չեմ կարող վախենալ, պարզ չէ՞։

Հիմա էլ կասեն՝ այս ինչպես է խոսում Սրբազանը․ Սրբազանը տղամարդ է, այս քաղաքի բնակիչ է, գյումրեցի է, «Ժամի մայլից է», այստեղ կյանք ունի, կենսագրություն ունի ապրած և ապրած կենսագրության համար ամաչելու տեղ չունի և առիթ չունի։

-Հաճախակի ենք լսում այն միտքը, թե բոլորս ենք մեղավոր ստեղծված իրավիճակի համար։

Անշուշտ, բոլորս մեղավոր ենք, ես էլ եմ մեղավոր, երևի ուշացրել եմ, որ ասել եմ՝ այս մարդը վարչապետ չպիտի լինի։ Ուշացրել եմ, մեղավոր եմ, զղջում եմ, « Mea Culpa», «Mea Culpa», ինչպես ասում է կաթոլիկ եկեղեցին։

-Սրբազան, ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը ձեր վարչապետը չէ, ո՞ւմ եք տեսնում՝ որպես վարչապետ։

Ոչ մեկին չեմ տեսնում, ես ասել եմ՝ 1990-2020 թվականները պատասխանատու պաշտոն ստանձնած որևիցե մեկին չեմ ուզում տեսնել։ Չեմ ուզում տեսնել, բայց դա իմ անձնական կարծիքն է, մնացածը գնացեք սահմանադրական ձևով եք հարցը լուծում, ինչ ձևով եք ուզում լուծել, միայն թե առանց արյունահեղության այս հարցը լուծեք։

-Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հայրաբար հորդորել են վարչապետին հրաժարական տալ, սակայն հնչեց կարծիք, թե կաթողիկոսը ժողովուրդը չէ։

Ամեն մի կիսագրագետ, եթե մի բան ասում է, պիտի դրան պատասխանե՞նք։ Ի՞նչ է նշանակում կաթողիկոսը ժողովուրդը չէ, այո՛, կաթողիկոսը ժողովուրդը չէ, կաթողիկոսն անհատ է, բայց նա Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, և եթե ինչ-որ մի սինլքոր չի ընդունում կաթողիկոսի վավերական իշխանությունը, դա չի նշանակում, որ կաթողիկոսը դրանով փոքրացավ։ Այ տղա ջան, ցանկացած մարդ, պատգամավոր լինես, ով ուզում ես եղիր, 50 տարի հետո քեզ ո՞վ է հիշելու, քո գոյությունը ըսկի քո թոռները չեն հիշի, բայց կաթողիկոսը հավերժ մտնում է պատմության մեջ և պատմության դասագրքերում։ Այսքանը գոնե ի վիճակի չե՞ք հասկանալու։ Ձեզ ձեր թոռները չեն հիշելու, հասկանո՞ւմ ես, ի՞նչ է նշանակում կաթողիկոսը ժողովուրդը չէ, դու էլ ժողովուրդը չես, ինչո՞ւ ես կարծիք արտահայտում։

-Սրբազան, ըստ Ձեզ, ո՞րն է այս ծանր իրավիճակից դուրս գալու ելքը։

Ելքն այս ատելության վերացումն է, սիրո, համերաշխության հաստատումն է և այս երկիրը սեփական անձից ավելի սիրելն է․ քանի դեռ իմ ու քո անձնական բարեկեցությունն ավելի կարևոր կլինի, քան այս երկրի անվտանգությունը, մենք երկիր չենք ունենա։

-Խոսք է գնում ճանապարհների, տրանսպորտային կապերի ապաշրջափակման անհրաժեշտության մասին։

-Ի՞նչ ճանապարհի ապաշրջափակում, բա Քելբաջարի ճանապարհն ինչո՞ւ փակվեց, բա ինչո՞ւ փակվեց Քարվաճառի ճանապարհը, բա Թուրքիայի ճանապարհներն ինչո՞ւ չեն բացվում, ի՞նչ հեքիաթ է դա։ Ըսկի Գորիս-Լաչին ճանապարհը նորմալ չի գործում, ի՞նչ ճանապարհների ապաշրջափակման մասին է խոսքը, թղթի վրա կարող ես բոլոր ճանապարհներն ապաշրջափակել, բայց իրականության մեջ․․․ Հո ասելով չէ, թող ապաշրջափակեն, մենք էլ չուզողը լինենք։

-Այս օրերին ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ է իրականացնում, սա իշխանության ու հասարակության որոշ շրջանակներ մեկնաբանում են որպես աթոռակռիվ։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Կարող է դիտվել իբրև աթոռակռիվ, կարող է իրականում էլ աթոռակռիվ է, բայց այն, որ այս մարդը (ի նկատի ունի Նիկոլ Փաշինյանին Ա․Ն․) պիտի հեռանա, դա կասկածի տեղիք չունի: Թող հեռանա, տեսադաշտը բացվի, նոր մարդիկ հայտնվեն, նոր հորիզոններ, նոր ասելիք, նոր անելիք, այս փոսից դուրս գանք, փոսի մեջ ենք և խորը փոսի մեջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031