Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական գործընթացները եւ թերացումները չստեղծեցին այն Հայաստանը, որի մասին մտածում էինք». Նուբար Աֆեյան

Հունվար 08,2021 20:59

«Դժբախտաբար եւ ճակատագրի հեգնանքով հայերը հայտնվեցին մի երկրում, որտեղ նոր ապագա ստեղծեցին, սակայն, ցավոք, չկարողացանք մեր երեւակայական ապագան տանել Հայաստան: Համաձայն եմ, որ քաղաքական գործընթացները եւ թերացումները, որոնք, վստահաբար, եղել են, ի վերջո չեն ստեղծել այն Հայաստանը, որի մասին մտածում էինք»,-«Futures Studio»-ի նախաձեռնած՝ «Խոսենք ապագայից» խորագրով առցանց հարցազրույցի ժամանակ այսօր հայտարարեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, UWC Դիլիջան միջազգային դպրոցի եւ FAST հիմնադրամի կառավարման խորհուրդների անդամ, գործարար Նուբար Աֆեյանը:

Նա հարցադրում արեց. «Ո՞ւր հեռանանք ներկայի իրողությունից: Պետք է մտածել քայլերի մասին՝ այլ ապագայում հայտնվելու համար, սակայն որեւէ մեկը չի մտածում այդ ուղղությամբ»:

Նուբար Աֆեյանի բնորոշմամբ. «ՀՀ-ում առկա ճգնաժամը ստիպում է, որ մեր դերի եւ պատասխանատվության մասին ավելի բարդ քննարկումներ ընթանան: Կարծում եմ՝ ավելի շատ բան կա անելու այս պահին: Հուսամ՝ շատերը կօգտվեն այս պահից: Դժվար է եղել իշխանությունների համար, անկախ նրանից, թե ովքեր են եղել, ներդրումը ճիշտ կառավարելը: Նրանք համարել են, որ սփյուռքի կարծիքը կարող է լինել օժանդակ, այլ ոչ որոշիչ: Երբ դրսից մի բան ասում ենք, համարում են քննադատություն եւ չեն ցանկանում լսել, եւ սփյուռքի առաջարկները հանում են օրակարգից՝ ասելով, որ Հայաստանը պետք է զարգանա «հայկական ձեւով», որը չգիտենք, թե ինչ է…վստահ եմ, որ ՀՀ-ում հիմա բոլոր ուղղություններով անորոշություն է, ուստի պետք է փնտրել ճշմարտությունը: Որեւէ մեկը չգիտի, թե որն է ամենաարդյունավետ ռազմավարությունը, բայց երբ փնտրում ես աջակցություն, պետք է մի կողմ դնես կասկածամտությունը քննադատության հանդեպ: Եւ դա վերաբերում է բոլոր ինստիտուտներին»:

Նուբար Աֆեյանի բնորոշմամբ՝ միակ բանը, որը միշտ հեշտ է քննադատել, անցյալն է. «Ակնհայտ է, որ երկրում այս պահին ամենակարեւոր հարցն անվտանգությունն է՝ ռազմական, տնտեսական, առողջապահական, սոցիալական: Այն պետք է ապահովվի: Առնվազն հարյուր տարի անվտանգության հարցն օրակարգային է լինելու»:

Սփյուռքի՝ Հայաստանին ուղղված աջակցությունը միասնական դարձնելու առնչությամբ էլ Նուբար Աֆեյանը համոզմունք հայտնեց. «Կարող ենք եւ պետք է ստեղծենք մեկ միասնական մարմին: Փորձը փաստում է, որ դա շատ բարդ է: Եթե չկա ապագայի մեկ տեսլական, միավորվելու իմաստը ո՞րն է: Անընդհատ շարժվում ենք տարբեր ուղղություններով, բայց միայն հավաքական նպատակի ընկալման զգացումն է պետք»:

Այս համատեքստում գործարարը շեշտեց, որ Սփյուռքը ՀՀ-ի հետ սոցիալական աջակցության պայմանագիր չունի. «Եթե կան գործակցության սահմաններ, այդ ամենը կարելի է քննարկել: Երբ ասում են՝ «գնանք Թուրքիա հողերը հետ վերցնենք», դա քաղաքականություն չէ, քաղաքականությունն այն է , թե աղքատության, կոռուպցիայի, արտաքին հարաբերությունների հետ ինչ ես անելու»:

Անդրադառնալով իր եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ բանախոսը նշեց. «Նախագահի հետ հարաբերությունները քսան տարվա վաղեմություն ունեն, նա նախկինում մեր շատ ծրագրերում է ներգրավված եղել: Այսինքն, մենք շատ լավ ծանոթ ենք ապագայի վերաբերյալ մեր հույսերին եւ հույզերին, փոխադարձ հարգանք ունենք եւ կարող ենք եւս մեկ քննարկում ունենալ: Վերջնակետը նույնն է: Նրանց, ովքեր փորձում են օգնել Հայաստանին, խնդրում եմ հայ դառնալ՝ իրազեկ ընտրությամբ, այլ ոչ թե ծագումով: Ինչ էլ անենք, սա այն պահն է, երբ ՀՀ-ի ապագայի հանդեպ հանձնառություն ունենք, որը հույս է Հայաստանում ապրող մարդկանց համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031