Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանիքը Դիլիջանից հասել է Երևան, որ կարողանա անվճար տեղափոխվել Ստեփանակերտ

Հունվար 10,2021 23:10

Արդյո՞ք մինչև այսօր պահպանվում է Հայաստանից իրենց բնակավայրերը տեղափոխվող արցախցիների փոխադրումը, և ինչպես են մարդիկ իրենց իրերով և անչափահաս երեխաներով անցնում երկար ճանապարհը և հասնում Ստեփանակերտ։

Չնայած բոլոր կառույցները պնդում են, որ պետությունը հոգում է արցախցիների փոխադրման ապահով տեղաշարժը, սակայն վերջին շրջանում մի շարք ընտանիքները ստիպված են լինում իրենց միջոցներով ուղեւորվել դեպի Արցախ։

Արցախյան պատերազմից հետո Ստեփանակերտը լքած Ծովինարը ունի երեք անչափահաս երեխա, մի քանի ամիս է, ինչ բնակվում է Դիլիջանում։

Երեխաներից երկուսն ավագ դպրոցի սաներ են, իսկ կրտսերը՝ ութ տարեկան։

Ամուսինը, որն արդեն երեք պատերազմի է մասնակցել, թոշակի անցած զինվորական է՝ պատերազմի ժամանակ ստացած առողջական խնդիրների պատճառով։

Ստեփանակերտի համալսարանում հայոց լեզվի և գրականության դասախոս աշխատող Ծովինարը պատմում է, որ իրենց տունը, չնայած մինչև այսօր չի վերանորոգվել, բայց համալսարանից ստիպել են, որ աշխատանքի գա։

«Ես այս պահին միակ աշխատողն եմ մեր տան ու, բնականաբար, չէի ուզում կորցնել աշխատանքս, դրա համար որոշեցինք վերադառնալ և այնտեղ սպասել մինչև կվերանորոգվի տունը»,- նշում է Ծովինարը։

Սակայն Ծովինարի ընտանիքին չի հաջողվել պետության կողմից տրանսպորտային միջոցի ապահովում ստանալ։

Ծովինարին Դիլիջանի համայնքապետարանից ասել են, որ տրամադրվող մեքենաները ամենաքիչը 15 հոգու համար են, և իրենք պետք է սպասեն, որ բավական չափով մարդիկ հավաքվեն։

«Ես, բնականաբար, չէի կարող այդքան սպասել, որովհետև հստակ ժամանակ էլ չկա, թե երբ բավական քանակով մարդիկ կցանկանան վերադառնալ, դրա համար մենք ընտանիքով որոշեցինք Դիլիջանից գնալ Երևան, որտեղ գործող ավտոբուս կա արցախցիներին Ստեփանակերտ փոխադրող։ Ամուսինս իրերի մի մասը իր հետ մեքենայով կտանի, իսկ ես երեք երեխաների հետ կգնամ Երևան, և այնտեղից կհասնենք Ստեփանակերտ»,- պատմել է Ծովինարը։

Aravot.am – ի հետ զրույցում Դիլիջանի համայնքապետարանից Լևոնը, որը զբաղվում է համայնքում արցախցիների տրանսպորտային միջոցների համակարգմամբ, նշեց, որ այդ հարցը բավականին խնդրահարույց է, քանի որ իրենք ոչ թե կազմակերպողն են, այլ պարզապես Տավուշի մարզպետարանին օգնում են համայնքում իրականացնել տրանսպորտի խնդրի լուծման հարցերը, և իրենց իրավասության տակ չէ որոշում կայացնել ու մեծ ավտոբուս տրամադրել հինգ հոգանոց ընտանիքին. «Դրանով զբաղվում է ՀՀ Տավուշի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունը, և մենք հենց իրենց ենք հաշվետվություն ներկայացնում, եթե որոշում կայացնելը ինձնից կախված լիներ, իհարկե կտրամադրեի անգամ մի հոգու, բայց դա իմ իրավասությունից դուրս է»։

Մեզ հետ զրույցում Տավուշի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Ասքանազ Բաբլումյանը նշեց, որ բնականաբար ցանկալի է, որ 20 հոգանոց ավտոբուսով հինգ հոգի չտեղափոխեն, որ ճանապարհածախսը ավելի հարմար լինի. «Կա նաև նման խնդիր, որ պետության այդ ծրագիրը եղել է 2020 թվականին և դեռ հստակ չէ, թե արդյոք այն շարունակվելու է նաև այս տարի թե ոչ, որի համար ժամանակ է պետք, որպեսզի տեղեկացնենք նախարարությանը և ցուցումներ ստանանք»։

Արդյունքում մինչ կառույցները փորձում էին կողմնորոշվել, թե ինչպես է շարունակվելու արցախցիների տեղափոխումը, Ծովինարի ընտանիքն իր միջոցներով կարողացավ հասնել Երևան, և միայն անտեղից հնարավոր եղավ անվճար ավտոբուսով ճանապարվել դեպի Ստեփանակերտ։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031