Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով․ ՀՀ ՄԻՊ

Հունվար 17,2021 22:23

Ադրբեջանի նախագահը (և իշխանության մյուս մարմինները) ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով:

Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը հաստատում է, որ խոսքը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով խորքային ատելության ու թշնամանքի քաղաքականության մասին է: Այն կրում է ինստիտուցիոնալ բնույթ ու հիմքում ունի էթնիկ, իսկ առանձին դեպքերում՝ նաև կրոնական պատկանելիությունը:

Միշտ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի համեմատությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ՝ օրինակ 2020 թ. դեկտեմբերի 10-ի ելույթներով դրանց կազմակերպիչներին ու կատարողներին, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելը:

Սկզբունքային հարց է, որ այս պատերազմի ընթացքում հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս ու այլ վայրագություններ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն օգտագործում են հենց այն նույն բառերն ու արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը:

Ավելին, Ադրբեջանի նախագահի ու այլ հանրային գործիչների արտահայտությունները դարձել էին այս պատերազմում հայերի նկատմամբ դաժանությունները ոգեշնչող կարգախոսներ (օրինակ՝ «ադրբեջանական զինվորները քշում են նրանց ինչպես շներին», «Հայաստանն արժեք չունեցող երկիր է… այն ադրբեջանական հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է», «Ադրբեջանը գալիս է վերջ տալու հայկական հարսանիքներին» և այլն):

Այսինքն՝ ակնհայտ է, թե որոնք են պատերազմական այդ հանցագործությունների իրական պատճառները:

Ավելին, այդ ադրբեջանական զինվորականները հպարտանում են վայրագություններով՝ ակնհայտ իմանալով, որ դրա համար իրենց երկրում միայն խրախուսվելու են ու արժանանալու են գովասանքի:

Ստորև հրապարակում ենք մի քանի ապացույց, իսկ մնացած մասն արտացոլված է Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում:

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031