Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքն էնդեղ է, որ ուզի` կարա կրակի…»․ ասում է դավիթբեկցի 11-ամյա Հենրին (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 23,2021 20:14

Սյունիքի մարզի Դավիթբեկ սահմանամերձ գյուղի դպրոցի աշակերտները չեն վախենում կրակոցներից։ Պատմում են՝ սեպտեմբերյան պատերազմը մի քանի օրով էր «վախենալու»։

«Գրադները մեր գլխի վրայով թռնում էին, դղրդում էր, բայց հիմա լավ ա, չեն կրակում։ Ավտոմատով չէր կռիվը, ուրիշ զենքերով էր»,–ասում է 7-րդ դասարանի աշակերտ 11-ամյա Հենրին։ Նա դպրոցի դիմաց գտնվող բարձունքն է ցույց տալիս ու բացատրում, որ «թուրքն էնդեղ է»։

Այս բարձունքում հակառակորդն է

«Հիմա էլ որ ուզեն՝ կարան կրակեն, բայց չեն անում։ Դե իրանք չեն կրակում, մերոնք էլ չեն կրակում»,–եզրակացնում է Հենրին։

Հիշեցնենք, որ 2020թ.-ի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրած եռակողմ համաձայնագրից հետո սահմանազատման արդյունքում Դավիթբեկին սահմանամերձ որոշ տարածքներ ադրբեջանական հսկողության ներքո են։

Դավիթբեկի դպրոցի աշակերտներն ափսոսում են, որ իրենց ընկերներից մի քանիսը ընտանիքներով տեղափոխվել են գյուղից։ Մեծահասակների նման եզրակացնում են՝ պիտի երաշխիքներ լինի, որ չվախենան, հետ վերադառնան գյուղ։ 4-րդ դասարանի աշակերտուհի 9-ամյա Ալեքսանդրա Պողոսյանը մի անգամ ընտանիքով տեղափոխվել է Երեւան, բայց գյուղը կարոտել՝ հետ են եկել։

Ֆուտբոլի գնդակի, մարզագույքի կարիք ունեն։ Բայց դրանց փոխարեն՝ նրանք խաղաղություն են ուզում։ Մտածում են՝ խաղաղություն որ լինի, էլ հոգս չեն ունենա իրենց ծնողները։

Դավիթբեկի դպրոցում 34 աշակերտ է սովորում․ 11 տղա, 23 աղջիկ։ Միայն ավագ դասարանի սովորողներն էին բացակայում մեր հանդիպմանը․ ուսումն էլ է կարեւոր։ Նրանք անգլերենից գրավոր աշխատանք էին կատարում։

Մանրամասները` տեսանյութում 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031