Լրահոս
Օրվա լրահոսը

Դասադուլ Գյումրու թիվ 25 դպրոցում․ ծնողները փոխվարչապետից պահանջում են վերջ դնել «թայֆաբազություններին»

Փետրվար 02,2021 11:09

Եղիշե Չարենցի անվան Գյումրու թիվ 25 դպրոցի աշակերտների ծնողներն այսօրվանից՝ ի նշան բողոքի, հրաժարվել են երեխաներին դպրոց տանել։ Նրանք այս մասին երեկ նախազգուշացրեցին նաև Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։

Մեզ հետ զրույցում ծնողներից մեկն ասաց, որ երեխաներին դպրոց չեն տանի այնքան ժամանակ, մինչև լսելի կդառնա իրենց բողոքը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կվերանայի Իրինա Բաղդասարյանին տնօրեն նշանակելու իր որոշումը։ Նա նաև նշեց, որ սկսվել է ստորագրահավաք։

Հիշեցնենք, որ թե՛ դպրոցի անձնակազմի, թե՛ ծնողների բողոքը կապված է տնօրենի պաշտոնում այս դպրոցի հետ առնչություն չունեցող Իրինա Բաղդասարյանին նշանակելու հետ։ Նրանք պահանջում են տնօրեն նշանակել նույն դպրոցի պատմության երկարամյա ուսուցիչ Մերուժան Մինասյանին, որը մրցույթում երկու ձայն ավելի է հավաքել Իրինա Բաղդասարյանից։

Գյումրու լավագույններից մեկը համարվող այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող են ճանաչվել այս երկուսը՝ նույն դպրոցի պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանը և Գյումրու դպրոցներից մեկի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանը։ Ու քանի որ նրանցից ոչ մեկը չէր հավաքել հինգ ձայն, ուստիև, ըստ գործող կարգի, նշանակումը կատարել է փոխվարչապետը։ Տիգրան Ավինյանն էլ նախապատվությունը տվել է Իրինա Բաղդասարյանին, ինչն էլ հարուցել է դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը։

Նրանք երեկ Շիրակի մարզպետի հետ հանդիպման ժամանակ էլ նշեցին, որ եղել է հովանավորչություն․ Իրինա Բաղդասարյանը Շիրակի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանի քույրն է, և նրա համար միջնորդել է այն անձը, որը ութնամյա կրթությամբ մի տղայի խոպանից բերեց ու կարգեց յոթ միավորված համայնքի ղեկավար։ Ծնողները նշում էին, որ հեղափոխություն չեն արել՝ նման «թայֆաբազությունները» շարունակելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728