Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արթնանալ՝ Հայաստանում

Փետրվար 13,2021 10:00

Ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլլերի ամենահայտնի պիեսներից մեկում («Միջադեպ Վիշիում») նացիստական մեկուսարանում են հայտնվում տարբեր խավերի մարդիկ, որոնք պետք է ոստիկաններին «ապացուցեն», որ իրենք հրեա չեն: (Եթե արտապատկերենք ժամանակակից Հայաստանի իրողությունների վրա՝ որ հավատարիմ են «հեղափոխության գաղափարներին»):

Եվ ահա ձերբակալվածներից մեկը՝ գերմանացի ազնվական ֆոն Բերգը, բողոքում է իրեն շրջապատող «սովորական ժողովրդից». «Բոլորը պաշտո՛ւմ են նրան: Նրանք բոլորը ֆաշիստնե՛ր են: Իմ խոհարարը, իմ այգեպանը, իմ անտառապահները, իմ վարորդը՝ բոլորը ֆաշիստնե՛ր են: Ես տեսել եմ, թե ինչպես են նրանք տարված, ինչպես են խոնարհվում այդ սրիկայի առջեւ, իմ տնային տնտեսուհին նրան երազում է տեսնում, զառանցում է՝ նրա անունը տալով»:

Խոսքը, բնականաբար, Հիտլերի մասին է: Կարծում եմ, որեւէ մեկի մտքով չի անցնի՝ Բեթհովենի եւ Հեգելի ժողովրդին «ժեխ» անվանել:

Ժողովրդական սիրո ճանապարհներն անքննելի են, քանի որ այն իռացիոնալ է, ես առանձնապես իմաստ չեմ տեսնում այդ սիրո դեմ պայքարելու մեջ: Իհարկե, պետք է մարդկանց տեղեկացնել այն մասին, թե ինչ է մեր ազգի եւ պետության հետ տեղի ունեցել, ինչ է կատարվում: Բայց եթե կան քաղաքացիներ, որոնք վստահ են, որ ոչ մի վատ բան չի պատահել, իսկ եթե անգամ պատահել է, ապա դրանում Փաշինյանը ոչ մի մեղք չունի, ապա ես, ճիշտն ասած, զուր կհամարեմ նրանց տարհամոզելու ջանքերը՝ թող շարունակեն ապրել այդ թմբիրի մեջ: Ստուգել՝ արդյոք Հայաստանի քաղաքացիների մեծամասնությո՞ւնն է տեսիլքների գրկում, հնարավոր չէ. սոցիոլոգիական հարցումների ինստիտուտը Հայաստանում վարկաբեկված է, արդար ընտրություններինը՝ նույնպես:

Բայց երազների հատկություններից մեկն այն է, որ դրանք չեն կարող հավերժ տեւել: Պատերազմում կրած ամոթալի պարտության հետեւանքները մենք մեր վրա կրելու ենք տարիների ընթացքում՝ այդքան երկար ժամանակ հնարավոր չի լինի խոսել «նախկինների» մասին՝ նրանք վաղ թե ուշ կմոռացվեն, կանցնեն պատմության գիրկը:

Ենթադրենք, կան հազարավոր մարդիկ, որոնք չեն հասկանում, որ 2020 թվականի աշնանը մենք կորցրել ենք մեր ինքնիշխանության զգալի մասը, իսկ մեր ազգային արժանապատվությանը ուժգին հարված է ստացել: Կա՛մ չեն հասկանում, կա՛մ էլ այդ հարցերը նրանց չեն հուզում: Բայց երբ նրանք եւս մի քանի ամիս աշխատանք չեն ունենա, աշխատավարձ չեն ստանա, կամ չեն կարողանա իրենց փոքր բիզնեսներն աշխատեցնել, ապա գուցե նրանք գլխի ընկնեն, որ Փաշինյանն այնքան էլ հանճարեղ ղեկավար չէ, ինչպես որ հիմա կարծում են:

Ճիշտ է, շատ հավանական է, որ նրանք իրենց դժգոհությունն արտահայտեն՝ Հայաստանը լքելով, նման վարքագծի նշաններն արդեն իսկ երեւում են: Այսինքն՝ մարդիկ կարթնանան թմբիրից, բայց՝ ոչ Հայաստանում:

Իսկ նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվում, նախ՝ չպիտի լռեն՝ վախենալով մոլորվածների զայրույթից, երկրորդ՝ ոչ մի պարագայում չմտածեն երկիրը լքելու մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Արամ Աբրահամյան says:

    Սիրելի բարեկամներ, առաջարկում եմ նախորդ՝ խոսքի ազատությանը վերաբերող խմբագրականի թեմայով ծանոթանալ նաեւ լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը https://www.aravot.am/2021/02/12/1170948/

  2. Armen says:

    Մեր հասարակությունը ընտրում է չարյաց փոքրագույնը, նրանք մոլորված չեն, պարզապես ցանկանալ է պետք դա տեսնելու: Հասարակության ճնշող մեծամասնությունը նողկանք է զգում տարատեսակ բոլոր նախկինների հանդեպ(17+-+), մյուս քաղաքական ուժերն էլ այն անհրաժեշտ ակտիվությունը չեն ցուցաբերում քաղաքական դաշտի սեգմենտի մեծ մասը գրավելու համար: Ստեղծվել է մի իրականություն, որտեղ չկա ընտրելու հնարավորություն, իսկ թե ինչի հետևանք է քաղաքական դաշտի այս վիճակը, այդ «մոլորված» հասարակությունը լավ հիշում է:

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Այնտեղ իշխանություններն էին իրենց ընտրած ժողովրդի մի մասին ժեխ համարում: Բայց դե փորձեք գերմանացուն ստիպել, որ «ժեխ» արտաբերի: Երևի հեց այդ անելու անկարողությունից կատաղած՝ Բեթհովենի ու Հեգելի ժողովրդի ընտրյալ իշխանությունները որոշեցին կես միլիոն «ժեխի» հարկադրաբար ստերիլիզացնել:
    Մեր ընտրյալ իշխանությունները որոշեցին ազատվել ոչ թե մտավոր հետամնաց կամ գենետիկ արատներ ունեցողներից, այլ սերմնացաններից՝ ֆիզիկական ոչնչացման, և արարելու ունակ ներուժից՝ երկրից դուրս մղելու միջոցով:
    Պարոն Աբրահամյան, լավ է, որ Ձեր նախկին հոռետեսական տոնայնության մեջ քիչ-քիչ լավատեսական երանգներ են հայտնվում: Ինձ մոտ դեռ չի ստացվում: Եթե ես Ձեզ պես գրելու շնորք ունենայի ու այս թեմայով հոդված գրեի, այն կվերնագրեի «Արթնանալ արևելահայաստանում»:

  4. Լավատես says:

    Ինչ որ չեմպիոն բռնցքամարտիկի թե ըմբշամարտիկի հարցնում են, թե կարող էիք փողոցային էդ խուժաններին, որոնք ձեր վրա էին հարձակվել, մի ձեռքով հարցերը լուծել, այս չեմպիոնը պատասխանում է’ մեզ սովորեցնում են կռվել կանոններին համաձայն եւ թույլ չեն տալիս այդ կանոններից դուրս որեւէ գործողություն:
    Ճիշտ է թե սուտ է այս պատմությունը, կարեւոր չի, բայց մեզ շատ նման: Մենք եթե կռվում ենք քաղաքակրթությունների կանոններին համաձայն, սա չի նշանակում, որ դրսի խուժանը պետք է հետեւի այդ նույն կանոններին:
    Առաջարկս’ էդ քոչվորների սիմվոլը գայլն է, մեր սիմվոլն էլ պետք է լինի մեր գելխեղդ գամփռը:

  5. Հ.Շ. says:

    Հիթլերի եւ գերմանացիների հետ բաղդատականը էական թերութիւն մը ունի: Այդ պարագային, հմայքն ու կախարդանքը, սէրը, հիմնուած էին անծայրածիր յաղթանակներու վրայ: Սկզբնապէս բխած էին հաւաքական հզօրութիւն, ազգային Փառքի խոստումներէն, որոնք – տուեալ ըմբռնողութեամբ – երբ որ դարձան իրականութիւն, անդադար Յաղթանակն ու ազգային համաշխարհային տիրապետութիւնը վերածուեցան այդ հիացմունքին արմատներին: Պարտութենէն ետք եթէ Հիթլերը ողջ մնար, գերմանացիների հաւանաբար աննշան տոկոս մը իսկ չէր մնար, որ տակաւին զինք փառաբանէին, իրեն հաւատային, հետեւէին:
     
    Ֆրանսացիների պարագային, անձնատուր Փէթէն մը երբեք չստացաւ սէր ու յարգանք իր ժողովուրդին կողմէ: Մինչ իր դէմ կազմակերպուեցաւ Դիմադրութեան շարժում մը, որ մինչեւ օրս կը նշուի որպէս պատմական տպաւորիչ օրինակ. եւ որ նաեւ Պատմութեան մէջ փրկեց այլապէս պարտուած, ծունկի եկած Ֆրանսային պատիւը, արժանապատւութիւնը: Այդ Դիմադրութեան ղեկավարն էր ազգային հերոսը, Տը Կօլը: Ֆրանսայի Ազատագրման խորհրդանիշը: Որ ի դէպ – եւ այստեղ է բաղդատականին ի զօրու մասը -, աւելի ուշ, այդ Մեծ Պատերազմը չտեսած ջահել-ճիվելէկների փողոցային իրարանցումի մը թիրախը դարձաւ, վռնտուեցաւ… այդ ալ, ֆրանսացիների բնորոշ տեւական ջղայնութիւնն է, ինչպէս նաեւ տիպական ապերախտութիւնը… :
     
    Մինչեւ իսկ Նափօլէօնի մը կայսերական իշխանութիւնը չդիմացաւ, չկարողացաւ գոյատեւել Պերեզինայի պարտութենէն ու նրա առնչուող կորուստներէն ետք: Որպէս պարտութեան արդիւնք, ի զուր փորձելէ ետք կառչիլ Գահին կամ զայն փոխանցել իր ժառանգորդին, գահընկեց եղաւ եւ աքսորուեցաւ:
     
    Երկար է շարքը այսպիսի համաշխարհային օրինակներին:
     
    Մենք, ի տարբերութիւն, ի հակադրութիւն Հիթլերի եւ ուրիշ ժողովուրդների վերաբերող նոյնանման այդ բազմաթիւ օրինակներին, ուղղակի հակառակ կացութեան մէջ կը գտնուինք: Գործ ունենք՝ լրիւ պարտութեան, տկարութեան եւ ձախողութեան մարմնաւորումի մը հետ: Որ նախապէս իսկ, որեւէ նշանակալից բան չէր իրագործած, որպէսզի թերեւս, ծայրագոյն պարտութենէն եւ անասելի կորուստներէն ետք, որոշ ներողամտութիւն մը հասկնալի լինէր իր նկատմամբ. կարօտախտի վրայ հիմնուած որոշ համակրանքէ մը օգտուէր (որուն իսկ չարժանացաւ սակայն, մինչդեռ պահ մը իր Ազգին անունով աշխարհը գրաւած նոյն Հիթլերը, իր ժողովուրդին մէջ… նիո-նացիները հիմնականօրէն ուրիշ ժողովուրդների մէջ կը գտնուին… )
     
    Ուրեմն, ի տարբերութիւն բոլոր օտար օրինակների, Հայաստանի գերագոյն ղեկավարը, որոշ հայութեան մը դիմացկուն Կուռքը, բառին բոլոր իմաստներով՝ բացարձակ loser մըն է: Ատկէ աւելի խեղճուկ, խղճալի էակ, կարելի չէ երեւակայել:
     
    Իսկ Հայոց Պատմութեան մէջ, երբեւիցէ այս տեսակի արարած մը չէ տիրացած այս աստիճան իշխանութեան, վայելելով այս տեսակի ու տարողութեամբ ժողովրդային պաշտամունք, համակրանք կամ բարեացակամութիւն:

    Ջախջախիչ – եւ արտակարգ կուրստներով – պարտութենէն աւելի ցաւագին է Հայութեան այժմու վիճակը: Եւ այսպէս ալ կը շարունակուի, այլեւս…

  6. Արամ Աբրահամյան says:

    Շնորհակալ եմ բոլոր մեկնաբանությունների համար: Միշտ հաճույքով եմ կարդում դրանք՝ անկախ նրանից, դուք համաձայն եք իմ գրածների հետ, թե ոչ

  7. Ruben says:

    Ազնվականները միշտ էլ տարբերվել են «սովորական ժողովրդից»: Խոհարարը, այգեպանը, անտառապահը, վարորդը չեն կարող լինել Ազնվական կամ Ազնվականը չի կարող լինել խոհարար, այգեպան, անտառապահ, վարորդ…
    Հիշելով Բեթհովենին և Հեգելին, նախ պետք է նշել Շիլլերին՝ գերմանական ոգին:
    «Ժեխը» «սովորական ժողովրդից» է ծնվում, որը չունի Շիլլերի ոգին:
    Ե՞րբ կվերականգնվի հայկական ոգին:

  8. Nimar says:

    Իրականությունն այն է, ինչ տեղի է ունենում անկախ մեր նախասիրություններից, համոզմունքներից, համակրանքներից և երազանքներից: Օրինակ, եթե ոմանք կարծում են, որ այժմ մեր երկիրը կորցրել է իր ինքնիշխանության մի մասը, դա լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, որ այդ մարդիկ շատ երկար ժամանակ սխալվել են այս ինքնիշխանության հարցում և փորձում են արդարացում գտնել իրենց մոլորություններին: Կամ նրանք կանխամտածված աղավաղում են իրականությունը, կամ, իրենց միամտության պատճառով, «բառացիորեն ընկալում են բառերը»: Եթե, օրինակ, «Հայաստանը … անվտանգության երաշխավորն է» արտահայտությունը ժպիտներ չի առաջացրել Հայաստանի սահմաններին Ռուսաստանի դրոշի առկայության իմաստն ու նշանակությունը գիտակցելու պարագայում, ապա սա, նվազագույնը ՝ տարօրինակ է: Իմ կարծիքով, նախքան «երաշխիքների» մասին հայտարարություններ անելը, սթափ մտածող մարդիկ պետք է համոզված լինեն սեփական ուժերով իրենց սեփական անվտանգությունն ապահովելու ունակության մեջ: Թվում է, թե բավականին դժվար է չնկատել այն, ինչ տեղի է ունենում արդեն մի քանի տասնամյակ բոլորի աչքերի առաջ: Բայց պարզվում է՝ ոչ բոլորի համար: Այս իմաստով ես լիովին համաձայն եմ, որ «երազները չեն կարող հավերժ տեւել»:
    Պաշտպանության բանակի պարտությունը չի կարելի անվանել ամոթալի: Սա վիրավորական է բոլոր զինվորների նկատմամբ, ովքեր ազնվորեն կատարել են իրենց պարտքը: Այս պատերազմը դադարեցվեց հակառակորդի բացահայտ ռազմատեխնիկական գերազանցության պատճառով եւ հայկական կողմի «երազը» որպես իրականություն ընկալման հետեւանքով:

    • Ruben says:

      «Այս պատերազմը դադարեցվեց հակառակորդի բացահայտ ռազմատեխնիկական գերազանցության պատճառով…»:
      Ruben says: Փետրվար 5, 2021 at 23:56 Մինչեւ վերջին զինված բախումը Հայերի ու մերձկասպյան թաթարների զինված կազմավորումների միջեւ, հայկական կողմից պատասխանատու են զինվորականները, ովքեր կռվել չգիտեին: Զինծառայողների (սպաների) մեծ մասը գնում էր աշխատանքի, ոչ թե ծառայության: Զինվորների ու ենթասպաների մեծ մասը ծառայում էին մի սկզբունքով՝ «օրն անցավ, հերն էլ անիծած»: Այսօրվա ռազմական տեխնիկայի վրա ես ծառայել եմ դեռ 40+ տարի առաջ: Իմ առաջին ռադիոկառավարվող անօդաչու թռչող սարքը իմ ձեռքերով հավաքել եմ դեռ 50+ տարի առաջ պիոներների պալատում (Մոսկովյան փողոց): Զինծառայողների մարտական պատրաստության մակարդակը չի չափվում թավշյա սննդով, խորովծ-քյաբաբով, շվեդական սեղանով ու շոու շքերթով: Զինվորականը պետք է կռվել իմանա ու կարողանա: Ոչ մի քայլ ետ: Հայրենիքի համար առաջ: Երկու տարվա ընթացքում պետք էր раскулачить անել նախկին պաշտոնյաներին և կառուցել մարտունակ բանակ: Ոչ ոք չի սիրում և չի ուզում լսել ճշմարտությունը: Մինչ այժմ ոչ ոք չի կառուցել այն, ինչ ոչնչացրեց առաջին նախագահը: Ոչ ոք չի վերականգնի այն, ինչ ոչնչացրեց հանրապետության վերջին ղեկավարը: Դարեր են պետք:
      Գյուղական ժողովուրդը «վարել» գիտի (ժողովրդավար է), օրինակ ՝ Լեւոնը, Ռոբերտը, Սերժը, Նիկոլը, բայց լավագույն դեպքում միայն «քաղաքական» մաճկալ են:
      «Էշն ինչ գիտի նուշն ինչն է»:

      • Nimar says:

        Ես շատ առումներով կիսում եմ անձնակազմի մարտական որակների վերաբերյալ ձեր գնահատականները, սակայն չեմ կարծում, որ սնունդը և ընտրացանկի բաղադրությունը բացասական ազդեցություն ունեցավ մարտունակության վրա:

        Նույնիսկ փոքր բանակի վերազինումը երկու-երեք տարվա ընթացքում անիրատեսական խնդիր է: Զորակոչային բանակի պայմաններում հազիվ թե անձնակազմի մեկ քառորդը կկարողանա տիրապետել ժամանակակից զենքի տեսակներին այն մակարդակով, որը ինչ-որ կերպ կարող է ազդել ռազմական գործողությունների արդյունքի վրա:

        Ես չեմ կիսում ձեր լավատեսությունը նախկին պաշտոնյաների զուգահեռ раскулачить-ի վերաբերյալ նույն երկու-երեք տարվա ընթացքում: Միայն քննությունն ու դատավարությունն ավելի երկար կտևեին:

        Առաջին նախագահին ինչ-որ բան կործանելու մեջ մեղադրելը շատ նման է հպարտանլուն այն շենքերով, որ Լենինականում կառուցվել են 1988-ի երկրաշարժից առաջ ՝ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի օրոք: Եվ շինարարները պատասխանատվության չեն ենթարկվել, և նրանք, ովքեր ստորագրել են ընդունման վկայականները, և կուսակցական շրջկոմիտեներում նշանակված շինարարական վարչությունների ղեկավարները, և ցեմենտը, կցամասերը գողացող և նույն տներում ապրող բանվորները: Այնուամենայնիվ, նախկին առաջին քարտուղարը պատմության մեջ մտավ բոլորովին այլ, քաղաքական պատճառով:

    • Հ.Շ. says:

      . Ճիշդ է որ շատ մը բաներ, վիճելի են: Սակայն կայ մէկ հաստատ իրողութիւնը՝ Արցախը կորսնցուցինք ( լաւ եմ հասկանում որ մէկ ու կէս ամիս «յաղթելու ենք»էն ետք, հիմա ել մի քանի տասնամեակներ «անպայման ե՛տ ենք առնլու» խրոխտ հաստատումով պիտի ապրին շատեր, սակայն թոյլ տուէք որ ոմանք մնան իրատես… թէ ոչ, հա, Շուշին ետ ենք առնելու, կը մնայ միայն որոշելը թէ այդ կատարելու ենք Սիփան սարի ազատագրումէն առա՞ջ, թէ արդէն Արարատը վերցնելէ ետք… )

      . Անցեալը շատ հեռու էր կատարեալ ըլլալէ: Սակայն միւս առարկայական իրողութիւնը այն է որ Արցախը կորսնցուցինք այժմու վարչակարգի պատասխանատւութեան ներքոյ: Վարչակարգ մը, որ գոյացաւ 2018-ի յեղափոխութեան միջոցաւ:

      . Մեր ռազմական տկարութիւնը՝ թշնամիի զինուորական կարողութիւնների նկատմամբ, չէր կրնար չգիտնալ կառավարութիւնը: Հետեւաբար, պէտք է որ նա ամէն բան անէր, որպէսզի այս պատերազմը տեղի չունենար, չսկսէր: Սակայն ոչ միայն այդպէս չըրին, այլ… հակառակը ըրին: Բանակցութիւնները վերածեցին անել կացութեան, եւ սկսան կռուազան խօսքեր նետել թշնամիին… Ասիկա ուղղակի նշանակում էր՝ մարտահրաւէր: Միաժամանակ, յարաբերութիւնները պղտորելով քաղաքա-ռազմական շրջանային միմիակ դաշնակիցին հետ… Առաւել՝ ներազգային աննախադէպ աստիճանի պառակտումի տեւական գրգռում: Էհ… ի՞նչ էր մնացել, ի՞նչ էին բաց թողել, որպէսզի անխուսափելի դառնայ այս Աղէտը…

      Սկիզբէն ի վեր, այդ յեղափոխութիւնը հաւաքական ինքնասպանութիւն էր, փոխաբերական իմաստով: Արցախի կապակցութեամբ, դարձաւ այդպէս, տառացի իմաստով:

      . Բանակին նիւթը նուրբ է, այո, մեռեալների պատճառով: Սակայն այստեղ ալ պէտք է հասկանանք, թէ ի՞նչ անենք: Նահատակները եւ իրենց հարազատները խնայելու համար, փափկանկատութեամբ, շարունակենք քողարկե՞լ կարգ մը ցաւագին իրականութիւններ…

      Իսկ եթէ այս պարտութեան ամօթը չընդունինք, չզգանք, թերեւս այն ատեն է որ լիովին յարգած չենք ըլլար մեր երեխաների զոհաբերումը: Քանի որ հարկաւոր, անհրաժեշտ դասը առած չենք ըլլար, այս ջախջախիչ պարտութիւնից: Եւ ուրեմն այդ իմաստով ալ, իմաստազրկած կ’ըլլանք իրենց նահատակութիւնը:

      Ես փաստ ունիմ, որ բանակի մասին որոշ ճշմարտութիւններ յայտնելը չի վիրաւորում նահատակների ընտանիքներին: Այդ մասին երբ որ գրառումներ կատարեմ, զոհուածի եղբայր, մայր, իրենց համաձայնութիւնն են յայտնում, հանրային կերպով:

  9. Լավատես says:

    Չգիտեմ, խելոքներն ասում են, թե երկրորդ համաշխարհայինը Մեծ Բրիտանիայի եւ Ամնի միջեւ էր, բայց կարծում եմ, որ ավելի շատ Գերմանիայի ու ԽՍՀՄի դեմ էր, որովհետեւ գերմանացիք անգլիացիների ու ամերիկացիների նման առավել ինքնաբավ ազգերից մեկն էին, եթե ոչ լավագույնը նրանցից: Ռուսներն էլ ներգրավելով իրենց կայսրության մեջ քաղաքակիրթ ազգերին, նույնպես ընդունվեցին այդ ինքնաբավ ընտրյալների ակումբը: Պարզապես գերմանացիների ու ռուսների անկառավարելի զարգացումը կարող էր հպատակ դարձնել անգլիացիներին ամերիկացիների հետ միասին: Եւ այն ինչին չես կարող հակազդել, ուրեմն պետք է այն ղեկավարել: Բերեցին մի շիզոյի, որին ոչ մի գերմանական ազնվական կողմ չէր լինի, բայց այդ ազնվականին էլ հարիֆցրեին այն վառ ապագայով, որի մասին երազում էր գաղջին հալածված ժողովուրդը: Կարճ ասած, մենք ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը: Եւս մեկ նմանություն, շատ բանի հետ կարելի չհամաձայնել, բայց պատկերը դեժավյու է հիշեցնում:
    https://youtu.be/BldrSueXgQ0

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728