Լրահոս
Օրվա լրահոսը

Քովիդ 19-ի վարակման դեպքերն արագ աճում են․ առաջիկայում մեկ շաբաթում կանխատեսվում է կորոնավիրուսային հիվանդության 2140 նոր դեպք

Մարտ 03,2021 21:45

Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության դեպքերն ավելանում են, ընդ որում  վարկի դեպքերն ավելի արագ տեմպերով է աճում։

Երեկ, ըստ պաշտոնական վիճակագրության, կատարվել է 2526 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք, իսկ մարտի 1-ին կատարվել է 2951 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ դեկտեմբերին ԱՀԿ-ն բոլոր երկրներին հորդորում էր բարձրացնել զգոնությունը, քանի որ կանխատեսվում էր վարակի երրորդ ալիքի զարգացում։Մեր երկրում  տոնական օրերից հետո, ըստ տիկին Աբովյանի, ինչպես նաեւ նախադպրոցական, դպրոցական եւ ուսումնական արձակուրդներից հետո դիտվեց  որոշակի կայունություն, վարակի վերարտադրողական ցուցանիշը մինչեւ հունվարի վերջ 1-ից ցածր էր, այսինքն, հիվանդության որոշակի կայուն վիճակ էր․ «Սակայն այս վերջին օրերի վերլուծությունները ցույց են տալիս, որ կայուն  գնում ենք դեպի նոր դեպքեր աճի։ Ընդ որում, դեպքերը շատ ավելի են շատանում եւ եթե վերջին 14  օրը համեմատենք նախորդ 14 օրվա հետ, ապա արդեն ունենք դեպքայնության 48% աճ։ Իսկ վարակի վերարտադրողական ցուցանիշն էլ 1-ից բարձր է։ Սա նշանակում է, որ վարակն արագ տեմպերով է աճում, եւ այս ցուցանիշն է հնարավորություն տալիս կանխատեսել հետագա դեպքերը»։

Տիկին Աբովյանն ասաց, որ  վարակի դեպքերի աճ է նկատվում նաեւ մանկապատանեկան տարիքային խմբում,  օրինակ՝ 6-8 տարեկանների շրջանում  3,3 անգամ, մնացած խմբերում 3-5 եւ 11 տարեկանից բարձր տարիքային խմբում դեպքերի 1.1-ից մինչեւ 1.5 անգամ աճ կա, սա ազդանշան է, որ պետք է բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների նկատմամբ․ «Ես հասկանում եմ, որ մենք մեկ տարի է այս հիվանդության հետ ապրում ենք, եւ դեռ անհայտ է, թե ինչքան կապրենք քովիդի հետ,  ուստի պետք է դիմակ կրել, ձեռքերն ախտահանել սպիրտային հիմքով նյութով, եւ պահպանել սոցիալական հեռավորությունը»։

Թե ինչով է պայմանավորված երեխաների շրջանում դեպքերի ավելացումը, տիկին Աբովյանն ասաց՝ անվտանգության կանոնները չեն պահպանում, շփումներն են  ավելացել․ «Ես կարող եմ իմ դիտարկումների հիման վրա ասել՝ բոլորը մոռացել են կորոնավիրուսի հիվանդության մասին, լինի կազմակերպություն, տնտեսվարող, թե քաղաքացի։ Նաեւ սրան գումարած  մեծ ռիսկ են  նաեւ հանրահավաքները, որտեղ  ոչ մի կանոն չի պահպանվում, ո՛չ սոցիալական հեռավորություն, ո՛չ դիմակների կրում, ո՛չ ձեռքերի ախտահանում»։

Արդյոք նման ցուցանիշները կարող են հիմք լինել որոշ ժամանակ հետո լոքդաունի անցնելու համար, մեր այս հարցին ի պատասխան տիկին Աբովյանն ասաց․ «Եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ լոքդաունի գնանք։ Բայց մենք արդեն արագ տեմպերով ենք աճ արձանագրում, եթե նախորդ 14 օրը կարող էինք խոսել մինչեւ  30 % բարձրացման մասին, այս մի քանի օրվա մեջ արդեն 48% աճ ենք արձանագրում։ Հիվանդանոցներն արդեն հետ են վերապրոֆիլավորվում որպես քովիդ բուժող, հիվանդանոցներում դեպքայնության ցուցանիշի հետ արդեն ընդունելություններն են ավելացել»։

Տիկին Աբովյանի փոխանցմամբ՝ առաջիկա մեկ շաբաթում կանխատեսվում է կորոնավիրուսային հիվանդության 2140 նոր դեպք․ «Մենք ունենք օրական 1.13  վերարտադրողական ցուցանիշ, այս ցուցանիշների հիման վրա են կանխատեսվում առաջիկա յոթ օրերի թվերը։ Բայց մենք  նախորդ 14 օրվա համար կանխատեսել էինք 1300 նոր դեպք, սակայն աճն այնքան արագ է տեղի ունեցել, որ ունեցանք 1700 նոր դեպք»։

ՀՎԿԱԿ-ի մասնագետը նաեւ նշեց՝ ընդհանուր թեստերի մեջ դրական  թեստերի մասնաբաժնի տոկոսն էլ է ավելացել, այսինքն՝ դրական թեստերի տոկոսը նախորդ 14 օրերի համեմատ ընդհանուր թեստերի մեջ, եթե արձանագրվում էր 6-7%,  այսօր հանրապետության մակարդակով այդ ցուցանիշը 14% է։

Տիկին Աբովյանն ասաց, որ մենք դեռ շատ հեռու ենք կոլեկտիվ իմունիտետ ձեռք բերելուց, եւ բնակչությունը չպետք է թուլացնի զգոնությունը, կարծելով, թե բնակչության մեծ մասն արդեն վարակվել եւ ապաքինվել է․ «Պոպուլյացիոն կամ կոլեկտիվ իմունիտետը լինում է,  երբ բնակչության 50%-ը տոկոսը վարակվում է, եւ այս դեպքում ցուցանիշներն իջնում են, այսինքն՝  բնակչությունն ունենում է իմուն պատնեշ։ Սակայն մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր թիվը կազմում է 172 հազար 816 դեպք, բայց մեր բնակչության թիվը 2,9 միլիոն  է ու եթե արձանագրված ընդհանուր թիվը երեք կամ հինգ անգամ բազմապատկենք, միեւնույն է, 50 տոկոսին չենք հասնի»։

Մասնագետը հորդորեց այս սեզոնին պատվաստվել գրիպի դեմ, քանի որ մեր երկրում հիմա շրջանառվում է գրիպի H3 ենթատեսակն ու արդեն  գրանցվել է երեք դեպք, երբ կորոնավիրուսային հիվանդությունը զուգորդվել է գրիպի հետ, ինչը կարող է բերել հիվանդների մոտ ավելի ծանր կլինիկական ընթացքի։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին, ապա մասնագետն ասաց, որ ՀՀ-ում շուտով կմեկնարկեն պատվաստումները, որոնց նպատակն է հիմնականում ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի եւ մահերի կրճատումը․«Այսինքն, եթե մարդը պատվաստված է եւ վարակվի կարող է շատ թեթեւ տանել կամ ախտանշան չունենա, բայց դա չի նշանակում, որ տվյալ անձը կարող է վարակի աղբյուր չհանդիսանալ։ Այնպես որ, անգամ եթե անձը պատվաստվի, պետք է շարունակի դիմակ կրել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031