Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ներդրումը, և այս վարակն արդեն կդառնա կառավարելի մեր երկրում»

Փետրվար 02,2024 17:55

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Ջրծաղիկ. կլինիկական և համաճարակաբանական առանձնահատկությունները ՀՀ-ում․ կանխարգելման արդի մոտեցումները» թեմայով համաժողովը, որը նախագահում էին բուհի առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական` «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը և Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար Վիգեն Ասոյանը:

Ողջույնի խոսքում պրոֆեսոր ՏերՍտեփանյանը նշեց.

«Ունենք բավականին ուրախալի իրադարձություն, որը խիստ սպասված էր թե՛ համաճարակաբանների, թե՛ վարակաբանների և թե՛ մյուս բժիշկների համար․ 2024 թվականին Հայաստանի իմունիզացիայի ազգային ծրագրում նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ներդրումը, և այս վարակն արդեն կդառնա կառավարելի մեր երկրում», – ընդգծեց մասնագետը։

Համաժողովի առաջին զեկույցը վստահված էր Համաճարակաբանության ամբիոնի հրավիրյալ դասախոս, ՀՀ իմունիզացիայի ազգային փորձագիտական խմբի ղեկավար, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի փորձագետ Արման Բադալյանին, որի ջանքերով իրականացվել է ջրծաղիկի պատվաստանյութի ներդրման նախապատրաստական փուլը՝ հիմնավորման առումով։

«Ջրծաղիկի համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում պատվաստանյութի ներդրման անհրաժեշտության հիմնավորում» զեկույցի շրջանակում նա ներկայացրեց ջրծաղիկով հիվանդացությունը Հայաստանում 2008-2022թթ․։ «Ընդհանուր առմամբ՝ մոտ 160 հազար դեպք գրանցված է մինչև 18 տարեկան և մոտ 57 հազար դեպք՝ 18-ից բարձր տարիքային խմբում։ Հիմնական բեռն ընկնում է մինչև 18, մասնավորապես՝ մինչև 7 տարեկան խմբին։ Տարեկան միջինում գրանցվում է ջրծաղիկի մոտ 15 հազար դեպք, 70%-ը՝ 0-18 տարիքային խմբում», – ԱՄՆ-ից առցանց միանալով` նշեց Արման Բադալյանը։

2014-2021 թթ․, ըստ մասնագետի, հոսպիտալացվել է 4689 մարդ, ինչը կազմում է հիվանդների ընդհանուր թվի մոտ 5%-ը` համահունչ  միջազգային վիճակագրությանը։ «Մինչև 18 տարեկան երեխաների շրջանում գրանցված դեպքերի միայն 3%-ն է հոսպիտալացվում։ Նշված ժամանակահատվածում ունեցել ենք 2 մահացու դեպք, և 59 դեպք ունեինք հղիների շրջանում», – հավելեց Արման Բադալյանը։

Մասնագետը ներկայացրեց ԱՀԿ խորհրդատվական խմբերի (SAGE – Strategic Advisory Technical Group of Experts on Immunization, ETAGE – European Technical Advisory Group of Experts on Immunization, NITAG – National Immunization Technical Advisory Group) հետ համագործակցությունը, Հայաստանում աշխատանքային խմբի գործունեությունը, ապացուցողական բազայի հավաքագրման համար օգտագործվող հարթակները։

«Աշխատանքային խմբի կողմից առաջարկ արվեց NITAG-ին 15 տարեկան նախազորակոչային տարիքում 2 պատվաստում՝ 4-8 շաբաթ միջակայքում, և 1 տարեկան երեխաների շրջանում՝ 1 դեղաչափ։ Հաշվի առնելով եղած տվյալները և միջազգային վիճակագրությունը` եթե մենք ապահովենք պատվաստման որոշակի ծածկույթ տվյալ ժամանակահատվածի ընթացքում, ջրծաղիկով հիվանդացության մակարդակը կիջնի մինչև 7%», – վստահեցրեց Արման Բադալյանը:

«Ջրծաղիկը հղիների շրջանում ջրծաղիկով հղիության վարումը, հնարավոր մայրական և նորածնային ելքերը» վերտառությամբ զեկույցով հանդես եկավ Մերի ՏերՍտեփանյանը։

Ներկայացնելով ջրծաղիկի համաճարակաբանական առանձնահատկությունները՝ նա փաստեց, որ հիվանդությունից խուսափել կյանքի ընթացքում գրեթե չի հաջողվում։

Անդրադառնալով հիվանդացությանը հղիների շրջանում՝ նա մեջբերեց միջազգային վիճակագրության տվյալները, համաձայն որոնց՝ 1000 հղիությունից 0,7-3%-ն են կազմում ջրծաղիկի դեպքերը, զարգացող երկրներն ավելի մեծ թիվ են տալիս՝ 1,5-4,6% դեպք։

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում այս ուղղությամբ։

Ջրծաղիկը շատ դեպքերում լաբորատոր ախտորոշում չի պահանջում, չեն դիմում բժշկի, և պատկերն ամբողջական չի կարող լինել։

«2019-2021 թթ․ ընդհանուր առմամբ արձանագրվել է հղիության ընթացքում ջրծաղիկով վարակվելու 59 դեպք։ 2019-2020 թթ․ ցուցանիշը 1000 հղիի հաշվարկով եղել է 1,1%; 2020 թվականին իջել է՝ հասնելով 0,3%-ի», – հայտնեց համալսարանական վերլուծական ստորաբաժանման ղեկավարը:

Ինչո՞ւ են հղիները հանդիսանում ռիսկի խումբ ջրծաղիկով վարակվելու առումով։

Կա հետևյալ բարդությունների հավանականությունը՝ թոքաբորբ, հեպատիտ, էնցեֆալիտ, շատ ավելի հազվադեպ՝ մահ։

Նա հանգամանալից ներկայացրեց նորածնային ելքերը՝ կախված հղիության ժամկետից՝ անդրադառնալով նաև Հետազդակային կանխարգելմանը (ՀԱԿ) և դրա հիմնավորվածությանը հղի կնոջ մոտ, անվտանգությանն ու արդյունավետությանը։

«Սա այն իրավիճակն է, երբ մարդը նշում է կոնտակտ վարակի աղբյուրի հետ և ունենք սպեցիֆիկ միջոց՝ կանխելու հիվանդությունը», – բացատրեց մասնագետը։

Ի՞նչ է տեղի ունենում, եթե մայրը հղիության ընթացքում չի ստանում Հետազդակային կանխարգելում։

Ջրծաղիկ զարգացնելու հավանականությունը հասնում է 72%-ի։

«Ջրծաղիկի պատվաստանյութն ունի խնդիր հասանելիության առումով․ առաջարկն այնքան մեծ չէ, որպեսզի այն բավարարի ամբողջ պահանջարկը, նույնիսկ այնպիսի երկրում, ինչպիսին Միացյալ Թագավորությունն է», – հավելեց Համաճարակաբանության ամբիոնի վարիչը։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը ներկայացրեց 2021-2022 թթ. «Մուրացան» հիվանդանոցային համալիրում հոսպիտալացված դեպքերը՝ լուսանկարներով ու թվերով փաստելով դրանց հետևանքով առաջացած բարդությունների մասին:

«Մենք այս երկու տարվա ընթացքում ունեցել ենք 87 դեպք, որից 33-ը՝ 2021 թվականին և 54-ը՝ 2022 թվականին: 31 դեպք ծանր ընթացք է ունեցել: Պետք է հասկանալ, որ ջրծաղիկն այն հիվանդությունը չէ, որն առանձնապես մեծ բուժում չի պահանջում, կամ հին մոտեցումներով՝ «զելյոնկայով կներկենք և արագ կանցնի, ոչինչ, որ երեխան կհիվանդանա»: Ցավոք, այսքան դեպքերն ավարտվել են հոսպիտալիզացիայով, գրեթե չկար մեկ դեպք, որը երկու կամ երեք հակաբակտերիալով կարողանայինք կառավարել: Ինչպես գիտեք, սա վիրուսային հիվանդություն է, բնութագրվում է տենդով, մաշկի և լորձաթաղանթների ցանով, հատուկ շեշտում եմ լորձաթաղանթների ախտահարումը, որովհետև կլինիցիստները լորձաթաղանթների ախտահարումը դիտարկում են որպես բարդություն, բայց դա կլինիկական արտահայտություն է», – նշեց Հռիփսիմե Ապրեսյանը՝ կլինիկական դեպքերի օրինակներ ցույց տալով մասնագետներին, ներկաներին:

Ակտիվ հարցադրումներով ուղեկցվեց Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, ԱՆ ՀՎԿԱԿի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի ելույթը, որը հագեցած էր դահլիճում ներկա պրակտիկ բժիշկների, սովորողների  համար օգտակար տեղեկատվությամբ:

Տիկին Սահակյանը ներկայացրեց ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ներդրման գործընթացը ՀՀ իմունիզացիայի ազգային ծրագրում: Այն նախատեսվում է ներդնել 2024 թվականին 12 ամսական և 15-16 տարեկանների, իսկ 2027 թվականին` 4-6 տարեկանների համար:

Քննարկման մասնակիցները հետաքրքրվեցին` ինչու են ընտրվել հենց այս տարիքային խմբերը: Մասնագետը պարզաբանեց` յուրաքանչյուր պատվաստում ազգային օրացույցում ունի, առաջին հերթին, համաճարակաբանական հիմնավորվածություն:

Գայանե Սահակյանն անդրադարձավ պատվաստանյութի անվտանգությանը, պաշտպանության տևողությանը, իմունոգենությանը, արդյունավետությանը, ինչպես նաև աշխարհի` ԱՄՆ-ի, Եվրոպայի փորձին: Նա տեղեկացրեց, որ այս փուլում պատասխանատու գերատեսչության կողմից իրականացվում են պատվաստանյութերի ներդրման ուղղությամբ նախապատրաստական միջոցառումներ, որոնցից է դրանց ձեռքբերումը, կանոնակարգվող փաստաթղթերի վերանայումը, մշակումն ու հաստատումը, բուժաշխատողների շարունակական կրթումը, քննարկումները մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ, ինչպես նաև հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը:

Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը որպես առաջին կարևոր քայլ համարեց այս միջոցառումը, որի կազմակերպման համար  շնորհակալություն հայտնեց բժշկական բուհին:

Մասնագիտական կարևոր խնդրին անդրադարձավ նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը՝ խոսելով ջրծաղիկի կլինիկական վարման և կլինիկական բարդությունների կանխարգելման ու բուժման մասին:

«Հերպես զոստեր՝ կլինիկական ընթացքը, վարումը, ռիսկի խմբերը, համաճարակաբանական նշանակությունը և կանխարգելումը» թեման «Հերացի» համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի ասիստենտ Եկատերինա Հովհաննիսյանի ուշադրության կենտրոնում էր:

 Համաճարակաբանության ամբիոնի ասիստենտ Կուլիյա Օհանը հանդես եկավ «Հեմոռագիկ ջրծաղիկ՝ լետալ ելքով դեպքի քննարկում» թեմայով:

Կոնֆերանսն ամփոփվեց Հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Կարինե Պողոսյանի ելույթով: Նա կարևորեց ԵՊԲՀ տեղացի և օտարերկրացի ուսանողների շրջանում ջրծաղիկի համաճարակաբանական իրավիճակը, կանխարգելման միջոցառումների արդյունավետությունը:

Բժշկական համալսարանի հերթական, տարբեր նեղ մասնագետների լայն ընդգրկմամբ համաժողովը հագեցած էր ինտերակտիվ հարցուպատասխանով, քննարկումներով:

ԵՊԲՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829