Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Երբ ես եկա Երեւան, ինձ մոտ այնպիսի զգացում էր, որ ես նորից Բաքվում եմ, իմ առջեւ նույն ադրբեջանցիներն են, որոնք, չգիտես ինչու, խոսում են հայերեն». Արիֆ Յունուսով

Մարտ 18,2021 22:47

Այսօր Futures studio-ի նախաձեռնությամբ «Խոսենք ապագայից» շարքի շրջանակներում առցանց քննարկում էր կազմակերպվել Հոլանդիայում գտնվող ադրբեջանցի քաղաքական էմիգրանտ, պատմաբան, կոնֆլիկտաբան, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների ուսումնասիրության ամբիոնի վարիչ Արիֆ Յունուսովի հետ:

Հարցին՝ Իլհամ Ալիեւն ասում է, թե ղարաբաղյան հարցը լուծված է, բայց լուծվա՞ծ է արդյոք, նա պատասխանեց, որ բոլորս էլ հասկանում ենք՝ դա «գեղեցիկ արտահայտություն է՝ ներքին լսարանի համար»:

Ըստ Արիֆ Յունուսովի՝ հիմա, ըստ էության, 90-ականների իրավիճակն է, երբ բանակցություններ էին գնում ստատուս քվոյի վերաբերյալ: Հիմա էլ նա չի կասկածում, որ այդ հարցը Մինսկի խմբի շրջանակներում կքննարկվի. «Ղարաբաղյան հարցը դեռ մնում է ու երկար կքննարկվի»:

Յունուսովի խոսքով՝ 94-ին, երբ կնքվեց զինադադարի պայմանագիրը, հակամարտությունը երկու կողմ ուներ՝ հայ-ադրբեջանական էր, ՌԴ-ն զբաղված էր իր խնդիրներով, մե՛կ հայերին էր օգնում, մե՛կ ադրբեջանցիներին, մե՛կ ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում, այսինքն, հայերն ու ադրբեջանցիներն էին հիմնական խաղացողները, հետո հակամարտությունում ներգրավվեցին այլ կողմեր՝ արեւմուտքը մի կողմից, ՌԴ-ն՝ մյուս կողմից .« Այդ ժամանակ ես ասացի՝ նվազագույնը 2-3 սերունդ կանցնի՝ մինչեւ այս հակամարտությունը լուծում կստանա: Իմ կանխատեսումն էր՝ նվազագույնը 45 տարի: Ինձ չէին հավատում այն ժամանակ: Այսօր մենք դեռ հակամարտության լուծման մեջտեղն էլ չենք հասել: Դրա համար, որպես մարդ, ես ուզում եմ, որ հակամարտությունը շուտափույթ լուծվի, որովհետեւ ինձ համար հայերն ու ադրբեջանցիները շատ մոտ ազգեր են: Երբ ես Վրաստանում էի, հասկանում էի, որ կովկասյան երկիր է, վրացիները կովկասցիներ են, շատ ընդհանրություններ կան, բայց հասկանում էի, որ նաեւ շատ տարբերություններ կան իմ եւ նրանց միջեւ: Երբ ես եկա Երեւան, ինձ մոտ այնպիսի զգացում էր, որ ես նորից Բաքվում եմ, իմ առջեւ նույն ադրբեջանցիներն են, որոնք չգիտես ինչու խոսում են հայերեն: Այսինքն, շատ համընկնումներ կային: Բնականաբար, որպես մարդ, ես շատ էի ուզում, որ հարաբերությունները լինեն խաղաղ, բայց, որպես կոնֆլիկտաբան, ես հասկանում էի, որ այս կոնֆլիկտը երկար է տեւելու»:

Արիֆ Յունուսովն ասաց, որ իրենց սերնդի մարդիկ իրար հետ են ապրել նույն երկրում, ռուսերեն են խոսել, իսկ հիմա եկել է մի սերունդ հայերի ու ադրբեջանցիների, որոնք իրար հետ չեն շփվել, իրար տեսել են զինված ու իրար ընկալում են՝ որպես օտար, թշնամի ազգ, ինչը միֆ է: Արիֆ Յունուսովը կարեւորեց երկխոսությունը երկու ազգերի միջեւ: Դիտարկմանը, որ հիմա կարծես 90-ականներին ստեղծված իրավիճակի հակառակ պատկերն է, հայերը չեն ուզում երկխոսության գնալ ու հարց է՝ դա կապ ունի՞ հաղթողի եւ պարտվողի կոմպլեքսների հետ, Արիֆ Յունուսովը պատասխանեց, որ բոլոր հակամարտություններում է այդպես, դա պաշտպանողական ռեակցիա է. «Հիմա, երբ ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում հայերի հետ, տեսնում եմ իմ մտերիմ գործընկերներին, որոնց հետ համագործակցել եմ, հասկանում եմ, որ հայերն անցնում են այն ամենի միջով, ինչի միջով մենք անցել ենք 94-ից հետո: Առաջին տարիներին մենք ընդհանրապես որեւէ շփում հայերի հետ չէինք ուզում»:

Նա պատմեց, որ այդ տարիներին, երբ նույնիսկ համաժողովների ժամանակ հայերի հետ հանդիպում էին, կամ լրագրողական խմբեր էին հանդիպում, ադրբեջանցիների արձագանքը բացասական էր լինում, ասում էին՝ ի՞նչ բանակցություն նրանց հետ, երբ այսքան փախստական ունենք, պետք է պարզապես ատամները սեղմել, բանակը կարգի բերել եւ այլն: Հիմա էլ հայերին է ժամանակ պետք, որ վերագտնեն իրենց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031