Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ընծայված «հաղթանակ», ընդգծված վախեր

Դեկտեմբեր 22,2023 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ինչո՞ւ «հաղթանակած» առաջնորդը որոշեց կրկին ապացուցել իր իշխանության «լեգիտիմությունն» ու պատերազմում միայնակ տարած իր «հաղթանակի» լեգիտիմությունը

Որքան հաճախ ու անվեհեր է Ալիեւը կրկնում` «փակված Ղարաբաղի խնդրի», «հայրենական հերոսական պատերազմում տարած հաղթանակի» մասին, այնքան ակնառու են դառնում Ալիեւի մոտ առկա վախերը, նույնիսկ որոշակի խուճապային տրամադրությունները: Ալիեւը հստակ գիտակցում է, որ Թուրքիայի` գործուն եւ Ռուսաստանի լռելյայն աջակցությամբ իրեն ընծայված «հաղթանակը», ըստ ամենայնի, այնքան էլ իրենը չէ, եւ դա հստակ գիտեն նաեւ Արեւմուտքում: Միայնակ, առանց պատերազմի այլ «հերոսների» Ստեփանակերտում ռազմական շքերթ-զորահանդես ընդունող Ալիեւն իր գործողություններով հենց դրա մասին է փաստում:

Նա հաշվել էր, որ 44-օրյա պատերազմից հետո աշխարհաքաղաքական կենտրոններն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման փաստի հետ միասին լռելու են արցախահայության իրավունքների նկատմամբ նրա ունեցած ծրագրերի դեպքում, ինչպես նաեւ` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական գործողություններ ծրագրելու պարագայում: ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող Ռուսաստանի դեպքում` Ալիեւն ու Էրդողանը խնդիր չունեին եւ հիմա էլ չունեն, Մոսկվայի «չեզոքությունը» երաշխավորված է եւ շատ վաղուց: Իսկ ահա ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեպքում Ալիեւի հաշվարկները սխալ դուրս եկան. Վաշինգտոնն ու Փարիզը հասկացնել տվեցին, որ չեն լռելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների հարցով, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների դեպքում Ալիեւը խնդիրներ է ունենալու, հետեւաբար դա կարմիր գիծ է:

Արեւմուտքից ճնշումներն այնքան ուժգնացան, որ վերջին շաբաթներին Ալիեւի տոնայնությունը նկատելի փոխվեց: Այս առումով ուշագրավ էր դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահի ծավալուն ելույթը` «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ եւ դժվարություններ» խորագրով ֆորումում, որի ընթացքում նա անդադար կրկնում էր. «մենք արդեն խաղաղություն ենք հաստատել տարածաշրջանում», «մենք դա արել ենք ռազմական ճանապարհով», «մենք ցույց ենք տվել, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել ռազմական ուժի միջոցով»:

Ալիեւի ակնարկները ԱՄՆ-ին ու Ֆրանսիային բավական թափանցիկ էին. «Նրանք սխալվեցին, Ադրբեջանը ցույց տվեց՝ ինչպես կարելի է խաղաղության հասնել ուժի միջոցով…»: Ահա մի դրվագ Ալիեւի ելույթից. «Չնայած իրենց պետականության պատմությանը, միջազգային փորձին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությանը, նրանք սխալվեցին։ Սա սխալ գնահատական էր։ Սա մեսիջ էր Ադրբեջանին, որ եթե փորձես ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծել, հաջողության չես հասնի։ Բայց մենք ապացուցել ենք, որ այս հակամարտությունը ռազմական լուծում ունի»։

Միեւնույն ժամանակ նա փորձեց Արեւմուտքին ցույց տալ, թե պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության եւ Ադրբեջանը կառուցողական է տրամադրված. «Հայաստանը այս պահին, թվում է, թե պատրաստ է ընդունել Ադրբեջանի հինգ սկզբունքները, եթե երեք տարի առաջ համաձայնեին, «հակաահաբեկչական գործողության» կարիք չէր լինի», «Երեւանն ու Բաքուն հինգ-վեց անգամ մեկնաբանություններ են փոխանակել՝ վեց-յոթ էջանոց փաստաթուղթ, բայց վերջին անգամ 70 օր պահանջվեց Երեւանից՝ Բաքվին պատասխանելու համար», «չգիտեմ՝ ինչու էին ուշացնում, միգուցե իրենց որոշումն էր, միգուցե իրենց եվրոպական մայրաքաղաքների, ընկերների խորհուրդն էր, չեմ կարող ասել, միայն ենթադրություններ ունեմ»: Նմանօրինակ հայտարարություններով Ալիեւը սկսել է արդարանալ ու Հայաստանի վրա բարդել խաղաղության հաստատման գործընթացը արգելափակելու մեղքը, ինչը եւս ապացուցում է, որ նա ճնշումների է ենթարկվում:

Նույն ֆորումում այնուհետեւ նա նշեց. «Հույս ունեմ, որ երկար ժամանակ չի պահանջվի՝ համաձայնության գալու համար։ Բայց մի դիտարկում անեմ՝ խաղաղության պայմանագիրն ամբողջությամբ չի ներկայացնում խաղաղությունը։ Մենք բազմաթիվ խաղաղության պայմանագրեր գիտենք, որոնք չեղարկվել են, եւ գիտենք երկրներ, որոնք ապրել են առանց պայմանագրի»։ Ալիեւի խոսքով՝ Բաքուն պետք է հստակ, ամուր երաշխիքներ ունենա, որ «ռեւանշիզմ» չի լինի Հայաստանի կողմից. «Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ շատ լավ գիտենք, որ եվրոպական մայրաքաղաքներում Հայաստանը շատ վատ խորհրդատուներ ունի: Ինձ թվում է, որ բոլորը հասկանում են, թե ում նկատի ունեմ։ Մինչեւ հիմա սադրիչ խորհուրդներ են տվել, բայց չենք բացառում, որ դրանք կդառնան դեստրուկտիվ խորհուրդներ, դրա համար մենք պետք է երաշխիք ունենանք, որ երկու երկրների միջեւ այլեւս պատերազմ չի լինի եւ Հայաստանը ամբողջովին ընդունում է ստեղծված իրավիճակը»։

Ապա նա խոսեց «վերաինտեգրման» մասին, ու կրկնեց, որ Բաքվի առաջարկները ուժի մեջ են` «կա՛մ ԼՂ-ի հայերը դառնում են Ադրբեջանի քաղաքացի, կա՛մ այլ բնակության վայր են ընտրում»։ Ալիեւի խոսքով՝ Բաքվի վերաինտեգրման առաջարկները ներառում են իրավունքների եւ անվտանգության երաշխիքներ. «Նրանց երաշխավորված էին իրավունքներ կրոնի, կրթության եւ մշակույթի ոլորտներում։ Մենք նույնիսկ նրանց երաշխավորել ենք համայնքային ընտրություններին մասնակցելու իրավունքը, եւ նրանք կրկին հրաժարվել են»։

Տեւական ժամանակ Արեւմուտքի նախաձեռնությամբ հանդիպումները բոյկոտող Ալիեւն այնուհետեւ անսպասելի հայտնեց, թե քննարկվում է Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների եւ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ նոր հանդիպումը. «Անձամբ ես եւ Ադրբեջանը միշտ աջակցել ենք Շառլ Միշելի ջանքերին՝ դադարեցնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը։ Նրա կողմից մի քանի հանդիպումներ են կազմակերպվել Բրյուսելում։ Այժմ մենք քննարկում ենք հնարավոր նոր հանդիպումը»։

Ինչ վերաբերում է Վաշինգտոնի հետ որոշակիորեն լարված հարաբերություններին, ապա Ալիեւը հույս հայտնեց, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցչից կտեղեկանա, որ Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները վերադառնում են նախկին մակարդակին։ Անսպասելի էր, որ Ալիեւը հրապարակավ արձանագրեց, որ առկա է Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների պատմության մեջ լարվածության առաջին դեպքը: Դա հստակ ուղերձ էր ԱՄՆ-ին`եթե Բաքվի հետ հարաբերությունները չվերականգնեն, նա կհրաժարվի վաշինգտոնյան հարթակից:

Ահա Ալիեւի ելույթի այդ հատվածը. «Վաշինգտոնում հանդիպում եղավ, բայց հիմա այս ուղղությունը մի կողմ է թողնվել, քանի որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը (ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը), որն այժմ Բաքվում է, հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները այլեւս նախկինի պես չեն լինի եւ մեղադրել էր Ադրբեջանին։ Եթե նա նման հայտարարություն է արել, նշանակում է, որ հարաբերությունները նախկինի պես չեն լինելու բոլոր ուղղություններով։ Մենք դա այդպես հասկացանք։ Նա (Օ՛ Բրայենը) հայտարարեց, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ սահմանափակումներ կկիրառվեն ԱՄՆ այցելելու դեպքում։ Սա ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների ողջ պատմության մեջ առաջին դեպքն էր։ Մեր երկրների միջեւ եղել է ռազմավարական հարաբերություն, եւ այս վարչակազմը դա զրոյացրել է։ Մենք չգիտենք, թե որն է պատճառը։ Մենք ասացինք՝ լավ է, եթե Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չկարողանան այցելել ԱՄՆ, ապա ինչպե՞ս է մեր արտգործնախարարը գնալու այնտեղ, կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես է դա լինելու, եթե հանդիպում կազմակերպվի»,- ասել էր Ալիեւը։ Նա այնուհետեւ հույս հայտնեց, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կվերականգնվեն, հակառակ դեպքում, ըստ նրա՝ բանակցային գործընթացում իրենց համար կմնան միայն բրյուսելյան եւ մոսկովյան հարթակները։

Գալով հաղորդակցության ուղիների թեմային՝ Ալիեւը նշեց, թե Հայաստանը պետք է սեփական ուժերով կամ եվրոպական միջոցների հաշվին կառուցի 42 կիլոմետր երկարությամբ երկաթուղային գիծ։ Ադրբեջանը դա համարում է Հայաստանի ինքնիշխան տարածքը, որի նկատմամբ վերապահումներ չունի: «Բայց Ադրբեջանից պետք է դյուրին մուտք Նախիջեւան, առանց սահմանին մաքսային խոչընդոտների, ստուգումների կամ ընթացակարգերի: Դա մեր օրինական իրավունքն է»,- պարզաբանեց Ալիեւը: Նրա խոսքով՝ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարցերը քննարկելիս անդրադարձ է եղել Ռուսաստանի եւ Կալինինգրադի երկաթուղային գծի փորձին, սակայն Հայաստանը հրաժարվել է դրանից։ Ալիեւի պնդմամբ՝ հրաժարվելով Զանգեզուրի տարբերակից՝ Հայաստանը շատ բան է կորցնում: Այստեղ էլ «միջանցքային» պահանջներում տոնայնության որոշակի մեղմացում նկատվեց:

Այսպիսով, Ալիեւի ընդարձակ ելույթը Ջեյմս Օ՛Բրայենի այցի համատեքստում նախեւառաջ պատասխան էր ԱՄՆ-ին, որտեղից նրա ուղղությամբ տեւական ժամանակ է՝ ճնշումներ են գործադրվում: Ալիեւի հրապարակային գնահատականներից բացի, կան նաեւ «մութ» էջեր: Մասնավորապես, վերջերս ադրբեջանցի վտարանդի փորձագետ Արիֆ Յունուսովն էր այդ մասին խոսել: Նրա համոզմամբ, ամերիկացի պաշտոնյան Բաքվում Ալիեւից նաեւ պարզաբանումներ պետք է ստանար, թե`«ինչպես ստացվեց, որ Ռուսաստանը սեպտեմբերի վերջին Ադրբեջանի համաձայնությամբ ուկրաինական ճակատ տեղափոխեց ղարաբաղցի հայերի կողմից հանձնված ողջ զինտեխնիկան եւ սպառազինությունը»: Ինչպես հայտնի է, խոսքը բավականին լուրջ քանակությամբ տեխնիկայի եւ սպառազինության մասին է:

Ահա, այս մթնոլորտում, Ալիեւն անակնկալ մատուցեց` փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին հրամանագիր ստորագրելով։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025թ. հոկտեմբերին: Ադրբեջանցի որոշ փորձագետներ նրա որոշումը բացատրում են որպես` «ընտրություն հօգուտ Ռուսաստանի»: Քաղաքական կառավարման ինստիտուտի ղեկավար Ազեր Հասիմլին, օրինակ, նկատել է, թե հանրությանը ներկայացվում է Պուտինի կերպարը` որպես Ռուսաստանի ղեկավար, որը փոխեց Մոսկվայի քաղաքական կուրսը Լեռնային Ղարաբաղի հարցում: Վերլուծաբանը վկայակոչել էր իր ղեկավարած ինստիտուտի ուսումնասիրության արդյունքները, որոնցից հետեւում է, որ` «Պուտինի՝ որպես ադրբեջանական ժողովրդի բարեկամի կերպարը, հասարակության ըմբռնման մեջ արմատավորվում է, ի տարբերություն Գորբաչովի եւ Ելցինի, որոնք «Ղարաբաղը տվեցին հայերին»։ Հասիմլին նաեւ կարծում է, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ նախնական պայմանավորվածություն կա 2025-ից հետո Ադրբեջանում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայության վերաբերյալ, որը նրա պատկերացմամբ` 2025թ. նախագահական ընտրությունների անցկացման պարագայում ավելի բարդ կլիներ Ալիեւի համար: Ահա, նպատակ ունենալով ամրացնել իր իշխանությունը, վերլուծաբանի փոխանցմամբ, Ալիեւն իրեն պաշտպանում է հնարավոր քննադատություններից։

Թե ո՞ւմ հնարավոր քննադատություններից է իրեն պաշտպանում Ալիեւը, ինչո՞ւ «հաղթանակած» առաջնորդը որոշեց կրկին ապացուցել իր իշխանության «լեգիտիմությունն» ու պատերազմում միայնակ տարած «հաղթանակի» լեգիտիմությունը, դժվար չէ կռահել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031