Սյունիքի Խնածախ գյուղի բնակիչ Հրահատ Մեսրոպյանը կիրակի առավոտյան զարթնել եւ նկատել է՝ ձին գոմում չէ։ Եզրակացրել է՝ ադրբեջանցիները մտել են գյուղ եւ գողացել իր ձին։
«Առավոտը ժամը 6-ին զանգեց, ասում է ՝ ձիս եկել տարել են։ Հրահատին հարցրի՝ տանելուց տեսե՞լ ես։ Ասում է՝ չէ։ Հարցրի՝ գո՞ւցե ձին է բաց ընկել, գնացել»,–Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի սահմանամերձ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
Նշենք, որ Խնածախ բնակավայրը մտնում է Տեղ խոշորացված համայնքի կազմի մեջ։ Շադունցի պատմելով, «եթե անասունը՝ լինի ձի, կով կամ ոչխար, անցնում է սահմանը, ապա հակառակորդը բռնում է»։
Շադունցը չի բացառում, որ ադրբեջանցիները կարող էին մտնել գյուղ․ հակառակորդի դիրքերը մոտ են Խնածախին։ «Ոչինչ չեմ բացառում, նենց չի, որ մենք չենք կարող մտնել իրենց տարածք։ Բայց ամեն ինչ պիտի հիմնավորված լինի։ Հո ասելո՞վ չի»,–նշում է համայնքի ղեկավարը։ «Կամ ենթադրենք մտել են գյուղ։ Հո՞ մի ձի չէին տանի, դրա համար եմ ասում՝ հայտարարություն անելով չի։ Պիտի հաստատ իմանանք։ Կամ հո մենք քնած չենք, որ մտնեն գյուղ, ինչ ասես՝ անեն»,–ասում է Շադունցը։
Կարդացեք նաև
Վերջինս միջադեպի մասին տեղյակ է պահել ռուս սահմանապահներին։ «Հրահատի ձին կապել են իրենց պոստում, երեւում է։ Ռուսները կփորձեն հետ բերել»,-ասում է Շադունցը։
Ի դեպ, Լաչինի միջանցքում գտնվող խոտհարքներում արդեն սկսել են խոտհունձի աշխատանքները, սակայն, ըստ Շադունցի՝ եղանակային պայմանների պատճառով գուցե այսօր դադարեցնեն աշխատանքները։
Հիշեցնեմ, ռուս սահմանապահների հետ պայմանավորվածության համաձայն, կիրակի, Լաչինի միջանցքում գտնվող խոտհարքները Տեղ համայնքի բնակիչները պետք է հնձեին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ


















































