Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի քան համոզված եմ, որ եթե իշխանությունը անտեսի մեր տեսակետները, խնդիրներ է ունենալու եվրոպական դատարանում եւ կառույցներում». Աշոտ Մելիքյան

Օգոստոս 02,2021 18:50

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման խորհրդարանը մինչեւ ասպարեզից հեռանալը հուլիսի 30-ին արտահերթ նստաշրջան էր հրավիրել եւ  շտապ ընդունել նախագիծ, ըստ որի՝ հայհոյանքը որպես արտահայտվելու միջոց նախընտրող քաղաքացիները կարող են լուրջ պատիժների ենթարկվել: Այդ նպատակով արդեն նախկին երեսփոխանները քրեական օրենսգրքում նոր հոդված են ավելացնում՝ 137.1  հոդվածը, որը վերաբերում է ծանր վիրավորանքին: Սա դատախազության նախաձեռնությունն է:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ ընդունված այդ օրենքն այնքան մտահոգիչ է, որ դրա մասին խոսել իմաստ ունի:

«Հանրային քննարկման մասին խոսելն ավելորդ է: Համենայն դեպս, մասնագիտացված կառույցների հետ այս օրենքը նախագիծ եղած ժամանակ չի քննարկվել: Նախորդ եւ գործող իշխանությունները երբ ուզում էին որեւէ օրենքի նախագիծ քննարկել լրագրողական կազմակերպությունների հետ, բացի համապատասխան կայքում տեղադրելուց՝ նաեւ տեղեկացնում էին, որ այսպիսի գաղափար կա, որ այսպիսի օրենքի նախագիծ կա: Եվ քննարկում տեղի էր ունենում: Իսկ երբ չէին ուզում, ուղղակի շատ արագ, հապճեպ անցկացնում էին ու մեկ օրվա ընթացքում անցկացնում, ինչպես եղավ այս պարագայում: Երբ որեւէ օրենք այսպիսի հապճեպությամբ ընդունվում է, չի կարող որակյալ լինել: Եվ այստեղ էլ շատ լուրջ խնդիրներ կան, որովհետեւ այս օրենքը ուղղակի հակառակ ուղղությամբ է գնում եվրոպական պահանջներին: Խոսքը եւ եվրոպական դատարանի մասին է, եւ եվրոպական խորհրդի մասին է:

Զուտ պրակտիկ առումով ել, երբ փորձում ենք նայել, միանգամից հարց է ծագում. Իսկ որեւէ ձեւակերպում կա՞, թե հայհոյանքը իրենից ինչ է ներկայացնում: Այսինքն, եթե այդպիսի ձեւակերպում չկա, շատ դժվար է լինելու առհասարակ մարդուն պատասխանատվության ենթարկելը: Մի շատ կարեւոր բան էլ եմ ուզում ընդգծել, որ չկարծեն, թե մենք հայհոյախոսություն ենք պաշտպանում: Ընդգծում եմ, որ այո, հայհոյանքը պետք է բացառվի, դրա դեմը պետք է առնել օրենսդրական, վարչական մեթոդներով: Բայց երբ հայհոյանքի կողքը գրվում է նաեւ վիրավորանք բառը, այստեղ էլ է մե՜ծ անորոշություն: Օրինակ, ծայրահեղ անպարկեշտ ձեւով վիրավորելը: Դա ի՞նչ է, այստեղ որեւէ հստակ ձեւակերպում գոյություն ունի՞, թե՞ չունի: Այս ձեւակերպմամբ մեկը կարող է որեւէ արտահայտություն ընդունել որպես ծայրահեղ վիրավորական, մյուսի համար դա կարող է սկի վիրավորական չլինել: Հետեւաբար, եթե ուզում եք որեւէ պահանջ դնել, ապա նորմալ ձեւակերպեք, ասեք՝ ինչն է արգելվում եւ որն է դրա ձեւակերպումը: Հենց այս ոչ հստակ լինելը հանգեցնում է շատ լայն սուբյեկտիվ ընկալումների եւ գնահատականների համար եւ փաստորեն իրավապահները ստանում են շատ լայն դաշտ, որպեսզի պահին հարմար կամ իրենց պատկերացմամբ որեւէ կերպ գնահատել դա եւ իրավական գնահատական տալով՝ մարդկանց պատժել: Էլ չեմ ասում, որ եթե սա որեւէ հարթակով գնում է հանրային տարածքում հրապարակելու, իսկ ԶԼՄ-ները հենց այդ տարածքն են, ապա այստեղ խոսքը ոչ միայն ճնշում իրագործելու, այլեւ լրագրողներին ինքնագրաքննությամբ զբաղվելու տանելն է: Որովհետեւ, եթե սուր խոսքը կարող է դիտարկվել ծայրահեղ անպարկեշտ արտահայտություն, ապա ստացվում է, որ ամեն անգամ սուր խոսք օգտագործելիս լրագրողը պետք է տասն անգամ մտածի: Դա չի նպաստում, որպեսզի լրագրողը անկաշկանդ գործի: Անկաշկանդ գործելու տակ հասկանում եմ պրոֆեսիոնալ գործունեությունը՝ ոչ սանձարձակությունը»,-վստահ է խոսքի ազատության պաշտպանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031