Ֆրանսահայ 30 կամավորները 3 շաբաթ շարունակ կամավորական ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացրել Դիլիջանի թիվ 2 դպրոցի մի մասնաշենքում:
Դիլիջանի համայնքապետի խորհրդական Արտակ Բոջիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեք շաբաթ տևող աշխատանքների ընթացքում ֆրանսահայ կամավորները ոչ միայն վերանորոգել են 4 սենյակ, այլ նաև իրենց ակտիվությամբ ոգեշնչել են նաև տեղացի երեխաներին, կազմակերպել են ճամբար տեղացի երեխաների համար․
«Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ Ֆրանսիայում ծնունդ առած կամավորական այս շարժումն արդեն տասը տարեկան է: 3 շաբաթվա ընթացքում 30 կամավորներով դպրոցում նորոգել են 4 դասասենյակներ: Շինարարական աշխատանքների ընթացքում կամավորները նաև տեսան, որ դպրոցում լուրջ խնդիր է տանիքի հարցը և անձրևի դեպքում դասասենյակները թրջվում են, որոշում կայացվեց, որ բացի նախատեսված 4 դասասենյակներից պետք է վերականգնման աշխատանքներ իրականացվեն տանիքի հատվածում։
Ֆրանսահայ համայնքի ֆինասական աջակցությամբ կամավորների մեկնումից հետո մինչև այսօր շարունակվում են տանիքի վերականգման աշխատանքները, ինչպես նաև տեղադրվել են արևային վահանակներ»։
Կարդացեք նաև
Բոջիկյանի խոսքով ֆրանսահայ կամավորները նաև դպրոցականների համար կազմակերպել են նաև ճամբար, որի ընթացքում տեղացի երեխաների հետ շփման միջոցով նոր կապեր և ծանոթություններ են ստեղծել իրենց հայրենակիցների հետ։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքապետարանի



















































