Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված մեր ընկերներին պիտի պարտական լինենք․ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի արժանացած Նարեկ Զելյա

Օգոստոս 08,2021 19:01

Ժամկետային զինծառայությունը օրերս ավարտած 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Զելյան պատրաստ է հարկ եղած դեպքում նորից մեկնել հայրենիքը պաշտպանելու։ Դժնդակ օրեր էին, իր աչքի առաջ ընկերներն են զոհվել։ Շատ բան է տեսել, բայց քիչ է խոսում։

«Առաջին հերթին զոհված մեր ընկերներին ենք պարտական, նրանց հերոսության շնորհիվ է, որ մենք այսօր կանք»,–ասում է կապանցի Նարեկը։ Կապանում է ծնվել մեծացել, բայց ազգությամբ հույն է։ Մայրը՝ Արուս Ղազարյանը Կապանի թիվ 10 դպրոցի տնօրենն է, հայրը՝ Նվեր Զելյան լրագրողական համայնքի ներկայացուցիչ ՝ ռեժիսոր-օպերատոր։

Նարեկը էությամբ չնայած համարձակ է, բայց համեստ է։ Մարտական գործողություններին մասնակցելու, ճիշտ կողմնորոշվելու եւ մարդկային բազմաթիվ կյանքեր փրկելու համար Արցախի նախագահի հրամանով արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճան մեդալի։ «Ինձնից բացի էլի արժանավորներ կային, բոլորս պատրաստ էինք մինչեւ վերջին արյան կաթիլը կռվել։ Ով էլ լիներ իմ փոխարեն՝ նույնը կաներ»,–ասում է Նարեկը։

Զինտեխնիկայի պակաս չկար, անձնակազմի, կռվողների, զենք բռնողների կարիք ունեին։ «Պատահում էր նախ հետեւակ էինք, հետո դառնում էինք հրետանի, չգիտեմ՝ մի քանի օր այդպես կռվեցինք»,–պատմում է Նարեկը։ Հիշում է՝ մի անգամ նրա զինակիցները վիրավորում են ստանում, կրակային դիրքում մնում է մենակ։ «Որպես սպա մնացի ես, մարտկոցի կեսից շատին նստեցրի  մեքենա, հրանոթ կցեցի այդ մեքենային ու հասանք  Ֆիզուլու խաչմերուկ, որտեղ մեր  կապավորներ էին։ Հասնելով՝ հերթով կապ են տալիս, գտնում մեր գումարտակի հրամանատարին ու միանում ենք նրանց»,–հիշում է Նարեկը։

Պատահել է, որ երեք հոգով են հայտնվել թշնամու դիմաց, բայց կարողացել են զինվորական հմտությունների շնորհիվ դուրս գալ դարանակալումից։ «Աստծո նախախնամությունն էլ գուցե կար։ Ամեն վայրկյան մտածում ես, որ հաջորդ զոհը կարող ես դու լինել»,–ասում է ավագ սերժանտ հրետանավորը։

Կարծում է՝ որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի ստորագրումը ճիշտ քայլ էր։ «Նաեւ ասեմ, որ եթե հրամանատարությունը ճիշտ մարտավարություն վարեր, ճիշտ կազմակերպեին ամեն ինչ, գուցե այլ ելք ունենար պատերազմը»,–ասում է Նարեկը։

Հադրութում էր ծառայում, պատերազմից հետո իրենց գունդը միացավ  Ասկերանի զորամասին։

Լավ ծառայության համար արժանացել է «Քաջարի մարտիկ» «Մարտական հերթապահություն», «3-րդ կարգի հրետանավոր»,  «Բանակի գերազանցիկ» կրծքանշանների, «Մարտական խաչ» 2-րդ աստիճան մեդալի, ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր ու պատվոգրեր։  Շնորհակալ է, որ գնահատել են իր ծառայությունը, բայց հավատացնում է՝ պարգեւների համար չի արել։

«Հայրենիքի համար բոլորս պարտավոր ենք, պատրաստ եմ էլի ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,–ասում է Նարեկ Զելյան՝ խաղաղություն մաղթելով երկրին։

Իսկ խաղաղ պայմաններում արդեն ուսումը կշարունակի Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Սեպտեմբերից նախկին զինծառայողը կվայելի ուսանողական կյանքը։ Մինչեւ զորակոչվելը հասցրել էր ընդունվել բուհ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031