Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները բարձրաձայնել են տարաբնույթ հարցերի մասին՝ անվտանգությունից մինչև բնապահպանական խնդիրներ. Արման Թաթոյանը և Ծովինար Հարությունյանն այցելել են Սյունիք գյուղ

Օգոստոս 12,2021 17:17

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ այցելել են Կապան համայնքի Սյունիք գյուղ:

Պատերազմից հետո անվտանգության ու սոցիալական խնդիրների առաջ կանգնած գյուղ այցի նպատակն էր լսել բնակիչներին, քննարկել երիտասարդների և կանանց աշխատանքի, նրանց տնտեսական կարողությունների զարգացման, սոցիալական ձեռնարկատիրության խրախուսման, տարեցների ներգրավման, առողջ ապրելակերպի և այլ հարցեր:

Բնակիչները բարձրացրել են տարաբնույթ հարցեր՝ սկսած անվտանգությունից մինչև բնապահպանական խնդիրներ: Մասնավորապես, բնակիչները նշել են, որ պատերազմից հետո, սահմանային գործընթացներով պայմանավորված, զրկվել են հողատարածքներն օգտագործելու հնարավորությունից, իսկ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը գյուղի, քաղաքացիական տների անմիջական հարևանությամբ իրենց կանգնեցրել է անվտանգության լրջագույն խնդիրների առաջ:

Ծովինար Հարությունյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի և Կապան համայնքներում արդեն իսկ հաջողությամբ գործող կանանց ռեսուսային կենտրոնների աշխատանքը, որոնց օրինակը տարածվել է Հայաստանի այլ մարզերում: Ռեսուրսային կենտրոնների օգնությամբ կանայք մասնագիտություն են ստանում, աշխատանքի են տեղավորվում, ներգրավում տարբեր ծրագրերում:

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպմանը ներկայացրել է համայնքապետարանի կողմից իրականացվող քայլերը՝ կապված գյուղի ենթակառուցվածքների բարելավման հետ, իր իրավասության սահմաններում մարդկանց սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը:

Պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը բնակիչների հետ քննարկել են նրանց կարիքները և դրանք բարելավելու ուղղությամբ առկա հնարավորությունները, հատուկ շեշտադրվել են կանանց աշխատանքային զբաղվածությանն առնչվող հարցերը: Ընդգծվել է համայնքի ղեկավարի և անձնակազմի հետ համագործակցության կարևորությունը:

Այցի արդյունքները կամփոփվեն և, ըստ խնդրի բնույթի, աշխատանքներ կիրականացվեն բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031