Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է տեղի ունեցել «Ֆիզգորոդոկում» եւ ինչո՞ւ (տեսանյութ)

Օգոստոս 21,2021 21:26

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր բախում է տեղի ունեցել «Ֆիզգորոդոկի»՝ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի, բնակիչների եւ ոստիկանների միջեւ, բնակիչներից ոմանց տարել են ոստիկանություն, ոստիկանները, ըստ բնակիչների, եղել են շատ կոպիտ ու բռի, քաշքշել են, հրմշտել, այդ թվում՝ անչափահաս տղայի: Նույն իրավիճակը եղել է նաեւ երեկ, էլի հրմշտոց, քաշքշոց, բնակիչներին բերման ենթարկել եւ այլն…

Ի՞նչն է այս ամենի պատճառը, ի՞նչ եւ ինչո՞ւ է տեղի ունեցել մտավորականների, մեծ մասամբ՝ ֆիզիկոսների թաղամասում:

Սկսենք նրանից, որ «Ֆիզգորոդոկ» կոչվածը մի փոքրիկ  թաղամաս է Երեւանի Աջափնյակի շրջանում, որը 1960-ականներին կառուցվել է Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների եւ նրանց ընտանիքների համար: Այս տարածքը կանաչապատ է, գեղեցիկ բակերով, հիմնականում 4-5 հարկանի շենքերով:

Ինչպես պատմում է տարածքի բնակիչներից Սեդա Գրիգորյանը՝ 2000-ականների սկզբին Ֆիզգորոդոկի մի հատված, որն էլ այսօրվա խնդիրների պատճառն է, անօրինական կերպով օտարվել է, սեփականաշնորհվել. «Այդ տարածքը վերջին 20 տարում վիճելի կարգավիճակ է ունեցել, պատկանել է Ֆիզիկայի ինստիտուտին, համայնքին, խաղահրապարակ է եղել, եւ ինչ-որ պահի, 2000-ականների սկզբին կեղծ նկուղի անվան տակ վարձակալության է տրվել, ապա սեփականաշնորհվել եւ վերավաճառվել մի քանի անգամ: Ապօրինի հիմքով զավթվել է այս գույքը համայնքից 2004 թվականից, սեփականաշնորհման հիմքերն ամբողջությամբ կեղծ են: Դրա հետ կապված եղել են վարչական վարույթ, դատական վարույթ, 3 գործ է քննվել… Ըստ նախագծի, որով ուզում են հիմա այստեղ 12 հարկանի շինություն կառուցել, պետք է տեղի ամբողջ կանաչ հատվածը վերանա»:

Արդեն 2,5 տարի տեղի բնակիչները բողոքի եւ ընդվզումների գործընթաց են սկսել այդ նախագծի դեմ: Ըստ բնակիչների՝ իրենք այդ ընթացքում հանդիպել են Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, որը խոստացել է, որ այստեղ շինարարություն չի լինի, ապա, ի վերջո, թույլտվություն է տվել 4-5 հարկանի կառույցի համար, իսկ երբ հեռացել է այդ պաշտոնից, բնակիչները հանկարծակի իմացել են, որ վերջերս Երեւանի քաղաքապետը թույլտվություն է ստորագրել այդ փոքրիկ տարածքում 12 հարկանի շինություն կառուցելու համար:

Ի դեպ, ուշագրավ է, որ նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը Ֆիզիկայի ինստիտուտին հարող ողջ տարածքին՝ Ֆիզգորոդոկին, տվեց հուշարձանի կարգավիճակ, ինչը ենթադրում էր, որ այդ տարածքում որեւէ կառուցապատում չի կարող լինել կամ պետք է առնվազն համաձայնեցվի նախարարության հետ: Սակայն վերջերս, շատ հանկարծակի բնակիչները պարզել են, որ հենց այս՝ վիճելի հատվածը հանվել է հուշարձանի կարգավիճակ ստացած տարածքից:

Մեկ այլ ուշագրավ փաստ՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հետաքրքվել է եւ պարզել, որ այս տարածքի համար չկա ՇՄԱԳ եզրակացություն, որը պարտադիր է ցանկացած կառուցապատման պարագայում:

Ուշագրավ երրորդ փաստը՝ 12 հարկանի շինությունը կառուցող «Ռատկո» ՍՊԸ-ի բաժնետեր եւ տնօրենը եղել է նույն ՍՊԸ-ի իրավաբանը, իսկ մինչ այդ էլ, ըստ բնակիչների, եղել է ոստիկանությունում բարձրաստիճան պաշտոնյա: Այդ ամենը առիթ է տալիս բնակիչներին կարծելու, որ շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարությունը, օգտագործելով իր՝ տարբեր ոլորտներում ունեցած կապերը, փորձում է հասնել իր ուզածին:

Բնակիչները չեն հասկանում, թե ինչու, տարիներ շարունակ իրենց բողոքներից հետո, քաղաքապետը չի հանդիպում իրենց հետ, չի ուզում լսի իրենց ձայնը:

… Իսկ արդեն երեք օր առաջ սկսել են փորել մայթերը, որպեսզի ցանկապատեն, փակեն տարածքը, դա էլ առիթ դարձավ, որ բնակիչները ոտքի կանգնեն եւ բողոքեն: «Սա հանրային տարածք է, ապօրինաբար զավթված հանրային տարածք, որտեղ երեխաներ են խաղում, բնակիչները ներսուդուս են անում, իհարկե, լավ խնամված չի այս պահին, քանի որ գրեթե 20 տարի վիճելի կարգավիճակ ունի, ինչ-որ «սեփականատեր» կա, որի գոյության պայմաններում բնակիչները իրավասու չեն այդ տարածքը լավ խնամելու, բայց, միեւնույն է, մեր տարածքն է, երեխաները ֆուտբոլ են խաղում, ճամբարներ են կազմակերպում եւ այլն»,-ասում են բնակիչները:

Երբ բնակիչները կանգնել են շինարարության դեմ՝ հայտնվել են շինարարներին «պաշտպանելու եկած» ոստիկանները, այդ թվում՝ կարմիրբերետավորները, որոնք հրմշտել են բնակիչներին, ոմանց տարել քաղմաս:

«Իմ 6 տարեկան երեխան, որի աչքի առաջ ինձ քաշքշում էին, խեղդում, երեկ ասաց, որ ողջ կյանքում չի մոռանա երեկվա օրը: Մեզ վերաբերում էին որպես ամենավերջին հանցագործի: Երեկ իմ ներկայությամբ այդ վայրենիները 70-ամյա պարկեշտագույն մի անձնավորության այնպես վիրավորեցին, որ միջամտեցի, ապա բնակչուհիներից մեկին վիրավորեցին շատ կոպիտ, ես ասացի՝ այդ ինչեր եք ձեզ թույլ տալիս, մի հատ ձեզ կարգի հրավիրեք, ասացին՝ հիմա քեզ կարգի կհրավիրենք, ու ինձ բռնեցին, սկսեցին խեղդելով, ամենաբիրտ ձեւով հրմշտել, ու տարան ոստիկանություն»,-մեզ հետ զրույցում պատմեց տարածքի բնակիչներից մեկը, որի վզին, ոտքերին դեռ երեւում էին երեկ տեղի ունեցած հրմշտոցի հետքերը, իսկ ձեռքերին՝ ձեռնաշղթայի մնացած տեղերը:

16 տարեկան մի տղայի փորին էին հարվածել ոստիկանները, ինչի արդյունքում երեխան տեղափոխվել էր հիվանդանոց:

Մեկ այլ, 70-ամյա բնակիչ էլ, սրտի կաթված էր տարել այդ բռնություններին ականատես լինելու պատճառով:

Մեր զրուցակիցիցներից մեկը՝ Սեդա Գրիգորյանը, ե՛ւ երեկ է բերման ենթարկվել, ե՛ւ այսօր: «Ոստիկանները, իրենց մարմնով պաշտպանում են այդ կառուցապատողի շահերը՝ բռնության ենթարկելով եւ ահաբեկելով բնակիչներիս»,-ասում է Սեդան, – «կատարյալ ապօրինության, «բեզպրեդելի» հետ գործ ունենք»:

«Ահավոր էին իրենց պահում, ահավոր, բռի, կոպիտ… մեր բնակիչներից մեկը լարված իրավիճակից, քաշքշոցից սրտի կաթված ստացավ, հիմա ռեանիմացիայում է: Մեր մյուս հարեւանն էլ, որ յոթ երեխաների հայր է, էլի հիվանդանոցում է, քաշքշել էին»,-պատմում էին տեղի բնակիչները:

Տեխնիկական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Հենրիկ Վարդանյանը պատմում էր, որ այդ վիճալի տարածքում եղել է ամայի տարածություն, ձոր, իրենք են իրենց ձեռքերով դեռ 60-ականներից հարթեցրել այդ հատվածը, քիչ այն կողմ ավտոտնակներ կառուցել, քիչ այս կողմ՝ ծառեր տնկել: Մեկ այլ բնակիչ պատմում էր, որ Երեւանի քիչ հատվածներից է, որ կանաչ է մնացել՝ իրենց խնամքի արդյունքում. «Այստեղ սկյուռիկներ կան, բուեր կան, սոխակներ, իսկ հիմա ուզում են այդ ամենը վերացնել եւ 12 հարկանի շենք կառուցել, որը ոչ մի կերպ չի ներդաշնակվի այս տարածքի հետ»:

Բնակիչներն ասում են, որ եթե օրինական լիներ ամեն ինչ՝ իրենք այդքան չէին ընդվզի, բայց քանի որ ամեն ինչ արվել է ապօրինի կերպով, իրենք դեմ են կանգնելու մինչեւ վերջ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031