Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին տնօրենը մեղադրում է ուսուցչուհուն

Սեպտեմբեր 09,2021 17:41 Share

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ըստ ոստիկանության, թիվ 163 դպրոցի տնօրենը կասկածվում է մարդկանց աշխատանքի ընդունելու մեջ, որոնք աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել, եւ նրանց թվում է եղել նաեւ իր որդին:

Aravot.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նարինե Վարդերեսյանն (լուսանկարում) ասաց, որ երբ 5 տարի առաջ ընդունվել է աշխատանքի, կրթօջախը 21 միլիոն դրամ պարտք է ունեցել, որը 5 տարվա ընթացքում տնտեսումների ու մանկավարժների ամառային աշխատանքի արդյունքում ամբողջությամբ փակել է, անգամ փակման եզրին գտնվող դպրոցի աշակերտների թիվն է աճել:

«Դպրոցը 1983 թվականից առայսօր չի վերանորոգվել, տանիքն էլ կաթում էր, հոսանքի լարերը վտանգ էին ներկայացնում, հավաքարարներն ու պահակներն էլ թոշակառուներ էին, որոնք չէին կարող նորմալ աշխատել»,-հայտնեց տնօրենը:

Նա նշեց, որ իր` տնօրեն նշանակվելուն պես երկարօրյա պարապմունքներ եւ ճամբար է կազմակերպվել, աշակերտներին ապահովել է տրանսպորտով, որը հետո վճարովի է դարձել, բայց ամեն աշակերտ վճարել է ընդամենը 100 դրամ:

Տնօրենը չթաքցրեց, որ բանվորներ է ընդունել աշխատանքի, որոնք բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքը: «Պահակները թոշակառու էին, մատները մատներին չէին խփում, դպրոցն էլ կեղտի ու փոշու մեջ էր, հատկապես զուգարաններն ահավոր վիճակում էին: Դպրոցի մասնաշենքերից մեկը տրամադրվել էր մի կենտրոնի, որը 6 միլիոնի շինարարություն է իրականացրել, վերանորոգվել են զուգարանները»,-շեշտեց նա:

Նարինե Վարդերեսյանն ասում է, որ որպեսզի դպրոցի ներսի աշխատանքները կատարվեին, եւ մանկավարժներին չասեր` այս ու այն տեղափոխեն, երիտասարդների է ընդունել, որոնց թվում եղել իր որդին եւ նրա ընկերները. «Երեքով մշտական աշխատել են, թող ոստիկանությունը թող գա, լրագրողները գան եւ ում ուզում են հարցնեն»:

Տիկին Վարդերեսյանը նշում է, որ իր աշխատանքային պայմանագիրը լրանում էր հունիսին, նաեւ ընտանեկան խնդիրների պատճառով պետք է բացակայեր երկրից, ստիպված գրել է ազատման դիմում, որպեսզի հետո նորից մասնակցի մրցույթին, հիմա իր դեմ արշավը կազմակերպվում է իրեն ճանապարհից հեռացնելու համար:

Նա պնդում է, որ իր դեմ ուղղված արշավի հետեւում դասվար Լուսինե Պուլուզյանն է, որը նաեւ արհմիության նախագահն է, արդեն հավաստագիր է ստացել ու իրավունք ունի մասնակցելու տնօրենի թափուր տեղի համար մրցույթին:

Aravot.am-ը կապվեց նաեւ տիկին Պուլուզյանի հետ: Նա ասաց, որ այս պահին ձեռնպահ կմնա մեկնաբանություններ անելուց, եւ երբ ժամանակը կգա, այն ժամանակ էլ կխոսի, իսկ այդ ժամանակը, նրա ձեւակերպմամբ, կգա իրավապահ մարմինների բացահայտումներից հետ: Լուսինե Պուլուզյանը նաեւ ասաց, որ վստահ չէ` արդյոք կմասնակցի՞ տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, թե ոչ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Նարինե Վարդերեսյանի լուսանկարը` դպրոցի կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930