Լրահոս
Օրվա լրահոսը

Մի փաստաթղթի համար չեն վազում շրջկենտրոն, բայց նոտարի ու կադաստրի ծառայություններն էլ են ուզում, որ մոտեցնեն խոշորացված համայնքներին

Հոկտեմբեր 08,2021 20:45

«Ո՞վ է ասում խնդիրներ չկան, իհարկե կան: Բայց շատ խնդիրներ էլ խոշորացումից հետո լուծում են ստացել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը: Ակունքը, համայնքների խոշորացման ծրագրով, իր շուրջն է միավորել 7 գյուղերի: Ակունքը խոշորացվել է 2017 թվականին: Համայնքի ղեկավարն ասում է, որ մարզի չորս բարձր լեռնային գյուղերից 3-ը՝ Սեւաբերդը, Հատիսն ու Զովաշենը, բաժին են ընկել Ակունքին:

2017-ին, երբ այս ութ գյուղերը միավորվել են, համայնքն ունեցել է 9230 բնակիչ: Հունան Ռուբենյանի խոսքով, բնակչության թիվն այստեղ չի պակասել, հակառակը՝ աճել է. Ներկայում Ակունքն ունի 9550 բնակիչ: Այս խոշորացված համայնքից էլ արտագաղթ կա, բայց, ըստ համայնքի ղեկավար, այլ բնակավայրերի համեմատությամբ՝ ցածր տոկոս է կազմում, գնացողներն էլ ոչ թե ընդմիշտ արտագաղթում են, այլ՝ արտագնա աշխատանքի են մեկնում:

Համայնքապետին հանդիպեցինք Ակունքում, որտեղ նա քաղաքացիների սպասարկման կենտրոնի աշխատանքներին էր հետեւում: Այստեղ «մեկ պատուհանի» սկզբունքն է գործում: Գյուղացիները ցանկացած փաստաթղթի համար այս կենտրոն են դիմում:


Ակունքի տարեց բնակիչ Վլադիկ Աբրահամյանը «մեկ պատուհանից» սոցապի տեղեկանք էր վերցնում: Մեզ հետ զրույցում ասաց, որ այնպես չէ՝ ինչպես մինչեւ խոշորացումը պատկերացնում էին, որ մի տեղեկանքի համար պիտի գնան՝ հասնեն շրջկենտրոն, տեղում ստանում են իրենց ուզած փաստաթղթերը. «Ահագին նորմալ պայմաններ են ստեղծվել, ոռոգման համակարգ են անցկացրել, ասֆալտապատում են արել, լուսավորություն են անցկացրել:

Արտագաղթ չունենք, արտագնա սեզոնային աշխատանքի են մեկնում ու վերադառնում: Դրանից գյուղը միայն շահում է, կենսամակարդակը բարձրանում է»:

Համայնքի ղեկավարի խոսքով, միավորված գյուղերի բնակչությունը հիմնականում անասնապահությամբ է զբաղվում ու այգեգործությամբ: Ասում է ազատ հողատարածքներ չկան, գյուղի հողերն ամբողջությամբ մշակվում են: Համայնքի ղեկավար տվյալներով, նախքան խոշորացումը բարձր լեռնային գյուղ համարվող Հատիսի տարեկան բյուջեն ընդամենը 7 միլիոն դրամ  է եղել, Զովաշենի եւ Սեւաբերդինը՝ առանձին-առանձին՝ 3,5  միլիոն դրամ: Միավորվելուց հետո Ակունքի ընդհանուր բյուջեն 2020  թվականին կազմել է 541 միլիոն դրամ, 2021 թվականին՝ 610 միլիոն դրամ: Հունան Ռուբենյանն ասում է՝ բյուջեի մուտքերն ավելացել են գույքահարկի հաշվին, որը մինչ այդ թերակատարվել է, քանի որ համայնքներում բազմաթիվ գույքեր գրանցված չեն եղել:

Նրա խոսքով, երկուսուկես տարվա ընթացքում միայն Սեւաբերդ գյուղում 140 միլիոն դրամի աշխատանքներ են կատարվել.    Գյուղը գազիֆիկացրել են, գազի ներհամայնքային ցանց են անցկացրել, կարգավորիչ ջրամբար են կառուցել, ամբողջությամբ փոխել են ջրագծերի համակարգը: 17 միլիոն դրամի էլ նախագիծ ունեն, որ ջրագծերը հասցնեն բնակիչների բնակարաններ: Աղբարկղեր են տեղադրել: Համայնքի ղեկավարի խոսքով, խոշորացումից հետո 160 կամազ աղբ են տեղափոխել աղբավայրեր:

Հունան Ռուբենյանը 25 տարի է համայնքի ղեկավար է, անկուսակցական է: Ասում է, որ հատկապես ձմռան ամիսներին բարձր լեռնային գյուղերում տրանսպորտի խնդիրներ են առաջանում, ճանապարհները փակվում են եւ, հաճախ «Ուազ» մակնիշի մեքենաներով են բնակչությանը տեղափոխում:

Գեւորգ Գրիգորյանին նույնպես հանդիպեցինք Ակունքի համայնքապետարանում: Մեր հարցին՝ համայնքների խոշորացումն ի՞նչ է փոխվել գյուղացու կյանքում, ի՞նչ խնդիրներ կան, որոնք խոստացել էին, որ կլուծվի, բայց դեռ մնում են, Գեւորգ Գրիգորյանն ասաց՝ խնդիրները միշտ էլ լինելու են. «Տեխնիկայի հարց է լուծվել, որը շատ կարեւոր է գյուղացու համար: Դե մնացածն էլ՝ կամաց-կամաց կլուծվի: Մեր գյուղը այլ համայնների համեմատությամբ լավ վիճակում է, մարդիկ աշխատում՝ ապրում են էլի»:

Բյուրեղավանին են միացել Ջրաբեր ու Նուռնուս համայնքները: Բյուրեղավանն ունի 12 հազար 945 բնակիչ:

Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն ասում է՝ համայնքների խոշորացումը ճիշտ գաղափար է, բայց կառավարությունը պետք է տնտեսական, ֆինանսական բազաներն ամրապնդի՝ նոր միայն գնա այդ քայլին, որպեսզի համայնքից տարիների չպահանջվի ոտքի կանգնելու համար: Ըստ նրա, նոր ձեւավորվող համայնքը պետք է ունենա տեխնիկայի պարկը, համայնքին անհրաժեշտ ծառայություններ մատուցելու գործիքները, որպեսզի բնակիչները միանգամից տեսնեն խոշորացման արդյունավետությունը: Պարոն Բալասյանը գտնում է, որ     նոտարի, կադաստրի ծառայություններն էլ պետք է մոտեցվի համայնքին, քանի որ երկար տարիներ է շատ գյուղացիներ հողի, գույքի չճշտված հարցեր ունեն, որոնք լուծելու համար պետք է հասնեն շրջկենտրոններ:

«20-30 տարվա թղթերը վերցնում՝ գալիս են ասում՝ ես հողի վկայական չեմ ստացել: Բնակիչների մոտ 60 տոկոսի պահանջին համայնքներում կարողացել ենք լուծում տալ: Հասարակ, փոքր գործառույթներ են, որոնք պետք է համայնքը լուծի՝ ինչպես նախքան 96 թվականն էր: Օրինակ՝ մահվան վկայականը, «զագսի» գրանցումները, ծննդյան վկայականը կարող էր եւ համայնքը տար ինչպես նախկինում»:
Բյուրեղավանի ղեկավարը լուրջ խնդիր է համարում կադրերի պակասը, որն այդպես էլ լրացվում ցածր աշխատավարձի պատճառով:

Ջրվեժ խոշորացված համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանն ասում է, որ խոշորացումից հետո կարողացել են մի գյուղում մանկապարտեզ կառուցել, մյուսում՝ վերակառուցել: Ջրվեժը նույնպես երկրորդ փուլում խոշորացված համայնքներից է: 2017 թվականին միավորվել է Ձորաղբյուրին ու Զովքին: Ջրվեժ համայնքն ունի 10 հազար 735 բնակիչ: Համայնքի ղեկավարի խոսքով, Զովքում էլ ջրագծեր են կառուցել, աղբահանության կենտրոնացված համակարգ են ներդրել. «Ձորաղբյուրում խմելու եւ ոռոգման ջրագծերի խնդիր կա: Ջրվեժ համայնքում մանկապարտեզ չի եղել, հիմա կառուցվում է, Զովքում գազիֆիկացման, փողոցների բարեկարգման խնդիրներ կան:

Բնակիչները մինչ խոշորացումը ընդդիմանում էին, մինչեւ որ տեսան, որ միավորումից վնաս չկա, Զովքում, Ձորաղբյուրում երեք-չորս փողոցներ ասֆալտապատվել են, որը իրենց բյուջեով հնարավոր չէր անել»:

Ռոբերտ Պետրոսյանի խոսքով, նախքան միավորումը փոքր համայնքների բնակիչները, սովորաբար, մտավախություն ունեն, որ իրենց համայնքը կտուժի, բայց խոշորացված համայնքներում, որոշակի առումով, ավելի շատ տուժում են հենց խոշոր համայնքները, որովհետեւ ֆինանսներն ուղղվում են փոքր ու խնդիրներ ունեցող բնակավայրերը:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031