Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Իրանի առաջին նախագահը

Հոկտեմբեր 09,2021 20:24

Այսօր՝ շաբաթ, վաղ առավոտյան Փարիզում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլ Հասան Բանի Սադրը։ Նա քառասուն տարի էր, որ տարագրվել էր Ֆրանսիա և մահացավ 88 տարեկան հասակում։ Նախագահը Սորբոնի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դոկտոր էր։ Բանի Սադրը նշանավոր հոգևորականի զավակ էր․ հայր և որդի Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր և առաջին առաջնորդ Իմամ Խոմեյնիի զինակիցներից էին։ Բանի Սադրը հավատավոր մուսուլման էր և համակրում էր Իրանի ազգային ուժերին՝ հատկապես երբեմնի վարչապետ Մոսադեղին։ Նա 1964 թվականին փոխադրվեց Ֆրանսիա, միացավ  շահական իշխանության դեմ պայքարին, օգնեց տարագիր Խոմեյնիի հակապետական աշխատանքներին և հենց նրա հետ՝ 01 փետրվարի 1979 թվականին հաղթական կերպով վերադարձավ երկիր։

Նա Իսլամական հեղափոխության խորհրդի անդամ էր և Էկոնոմիկայի նախարար։ Իսլամական հանրապետության Սահմանադրության վավերացումից հետո 25 հունվարի 1980 թվականին ընտրվեց որպես առաջին  նախագահ։  Բանի Սադրն առաջին օրվանից բախվեց իսլամ կարծրամիտների ընդդիմության և հաճախ առաջնորդին խնդրում էր կրոնականները  չմասնակցեն պետական գործերին։ Բանի Սադրի մեղրամիսը Խոմեյնու հետ շատ կարճ տևեց․ նախագահն ընտրություններում պարտված «Ջոմհուրի Էսլամի» անվամբ հայտնի կուսակցությունը վերցրեց Իսլամական Իրանի առաջին խորհրդարանի համարյա թե բոլոր  մանդատները և սկսեց աշխարհական նախագահին նեղը դնել։

Բանի Սադրը ծառայեց ընդամենը 1,5 տարի․ այդ ընթացքում ծայրահեղ իսլամները գրավել էին ԱՄՆ դեսպանությունը և ամերիկացի դիվանագետներին պատանդ էին վերցրել (նոյեմբեր 1979), հետո վրա հասավ Իրաքի հարձակումն ընդդեմ Իրանի (սեպտ 1980), ապա սաստկացան մարդու իրավունքների ոտնահարումն ու հալածանքները։ Բանի Սադրը Իրաքի դեմ պատերազմի և ամերիկացի պատանդներին ազատելու հարցով հատուկ կարծիք ուներ և չէր ընդունում իշխող քաղաքականությունը․ նա նախագահ լինելով հանդերձ նվազագույն լծակների էր տիրապետում։ Նրան հիմնականում հակադրվում էին իշխող կուսակցության ազդեցիկ հոգևորականներ՝ պրն Խամենեին (այժմ առաջնորդ), պրն Ռաֆսանջանին (այժմ մահացած) ու պրն Բեհեշթին (մահացած ռումբի պայթյունից)։ Իսլամական Խորհրդարանը 21 հունիսի 1981 թվականին իմպիչմենտ հայտնեց նախագահ Բանի Սադրին և պրն Խոմեյնին նրան պաշտոնազրկեց։ Փորձագետների կարծիքով նրան մահապատիժ էր սպասում։ Բանի Սադրը մեկ ամիս թաքնվելուց հետո, «Մուջահեդին Խալղ» ընդդիմադիր կազմակերպության ղեկավար՝ Մասուդ Ռաջավիի հետ փախավ Ֆրանսիա։

Իրանի առաջին նախագահը քառասուն տարի ապրեց տարագրության պայմաններում․ այնտեղ դարձավ «Մուջահեդին Խալղ» և Իրանի քրդական կազմակերպությունների հետ հիմնած «Ազգային Դիմադրության Խորհրդի» համանախագահ։ Բանի Սադրը հետագայում «Մուջահեդին Խալղ» ընդդիմադիր կազմակերպության որոշումը թշնամի երկիր՝ Իրաք,  տեղափոխվելու համար  չհանդուրժեց և հեռացավ այդ Խորհրդից։  Նա հիմնեց իր անկախ թերթը և մինչև կյանքի վերջ գաղափարական պայքար մղեց Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների դեմ և քննադատեց կրոնի ու պետության համաձուլման ձգտումները։

Նա լավ պատկերացում ուներ իրանահայ համայնքի կրոնական-մշակութային կարիքների կապակցությամբ, նախագահական ընտրության քարոզարշավին այցելեց նաև հայաբնակ թաղամասեր։

Իրանի ԶԼՄ-ներն իրենց երկրի առաջին նախագահի մահվան լուրը ներկայացրել են շատ զուսպ, նրան մեղադրել են Իրան-Իրաք պատերազմի ժամանակ դավաճանական ընթացք ունենալու  և արտասահմանում հակապետական պայքար մղելու համար։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031