Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը՝ նևրոտիկ խանգարումների (նևրոզներ) զարգացման պատճառների և հաղթահարման ուղիների մասին

Հոկտեմբեր 24,2021 23:00

Վերջին շրջանում՝ հայտնի իրադարձություններով պայմանավորված, կարծես թե ավելի ու ավելի շատ մարդիկ են բախվում հոգեբանական ու ֆիզիկական այնպիսի խանգարումների, որոնք ընդունված է անվանել նևրոզներ։ Այդ թեմայի շուրջ Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ։

-Տիկին Խաչատրյան, հատկապես վերջին շրջանում՝ հայտնի իրադարձությունների համատեքստում, մարդկանց մոտ ավելի սուր են դրսևորվում հոգեբանական այնպիսի վիճակները, որոնք, հատկապես խոսակցական մակարդակում, ընդունված է անվանել նևրոզներ։ Ի՞նչ է «նևրոզը» և հոգեկան ու ֆիզիկական ինչպիսի՞ ախտանշաններով է այն դրսևորվում։

-Նախ նշեմ, որ վերջին տարիներին հիվանդությունների  միջազգային դասակարգման մեջ նևրոզները անվանվում են նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ, որոնք ունեն տարբեր ենթաբաժիններ: Սակայն հոգեբանական գրականության մեջ հիմնարար վերլուծության է ենթարկվել նևրոզը և հոգեբանության տարբեր ուղղություններ տարբեր կերպ են մեկնաբանում այն, թեև շատ վերլուծություններ և հաղթահարման ստրատեգիաներ մշակված են նաև նոր անվանումների և ենթաբաժինների վերաբերյալ:

Պետք է նշեմ, որ նևրոզի առաջացման հիմքում ընկած է հոգեծին գործոնը, այսինքն արտաքին և ներքին միջավայրի բացասական ազդեցությունով է այն պայմանավորված:

Նևրոտիկ խանգարումների  առանձին  ենթաբաժիններ  ներկայացվում են  տարբեր ախտանշաններով,  սակայն բոլորի մեջ գրեթե համընդհանուր և հիմնարար  ախտանշան է տագնապի  և վախի զգացումը: Ախտանշաններից կարող է լինել լացկանությունը, զգայուն լինելը ամեն ինչի նկատմամբ, դյուրագրգռությունը, վիրավորվածությունը և նեղացկոտությունը, լույսի և ջերմության նկատմամբ դյուրազգացությունը, կատարված իրավիճակի կամ սպասվելիքի նկատմամբ սևեռուն անհանգստացնող  մտքերը, երբեմն տագնապը թուլացնելուն ուղղված կպչուն գործողությունները, մեկուսանալու ցանկությունը, իրականության զգացման կորուստը, մթագնած մտածողությունը և այլն:

Նևրոտիկ խանգարումների  ժամանակ մարդը դժվար է կենտրոնանում որևէ գործողության վրա, հիշողությունը վատանում է, մտավոր գործընթացները թուլանում են, գործողության ավարտը՝ երկարում:

Մարմնական  գանգատներից է թուլության և հոգնածության  զգացումը, դողը, սրտխփոցը, խեղդոցի զգացումը, շնչարգելության զգացումը, մկանային ցավերը, ֆիքսված ցավերը մարմնի տարբեր հատվածներում, ճնշման կտրուկ տատանումները, գլխացավը, անքնությունը, ախորժակի կորուստը, աղեստամոքսային համակարգին բնորոշ ցավերը  և այլն:

Նևրոզն ավելի շատ սկսում է դառնալ անդիմանալի և տառապագին այն ժամանակ, երբ անհաղթահարելի է դառնում տագնապի զգացումը, դրսևորվում են մարմնական գանգատներ՝ սրտխփոց, շնչարգելություն և այլն, և մարդուն թվում է, թե ինքն  ունի այս կամ այն հիվանդությունը: Պետք է նշեմ նաև, որ հենց այս ժամանակ է, որ դիմում են տարբեր բժիշկների, իրենց կողմից ենթադրյալ որևէ հիվանդություն չի հայտնաբերվում, որից հետո հասկանում են խնդրի հոգեբանական էությունը  և դիմում են հոգեբանի և հոգեթերապեվտի:

-Նևրոզների զարգացման պատճառներն ու նպաստող գործոնները որո՞նք են։

-Հիմնականում նևրոտիկ խանգարումների հիմքում ներքին կոնֆլիկտն է, որը լուծում չի ստանում, երբ մարդը ունի ներքին պահանջմունքներ, ցանկություն և սպասում, որը իրականում հանդիպում է խոչընդոտի, արգելքի և անհնարինության:  Երկարատև սթրեսը, արտաքին նեգատիվ ազդեցությունները՝ պատերազմներ, հիվանդություններ, միջանձնային կոնֆլիկտները ընտանիքում կամ աշխատանքնային միջավայրում, կորուստները, երկարատև տագնապները, առանց հանգստի աշխատելը, ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը, հարազատի մահը, հոգեհուզական հյուծվածությունը, արտաքին ճնշումները և այլն նևրոզի առաջացման պատճառներն են: Նևրոտիկ խանգարումների մեջ հիմնարար մեխանիզմներից է  զգացումների արգելքը, երբ մարդը, օրինակ` իրեն թույլ չի տալիս զգալ զայրույթ հարբած  ծնողի  նկատմամբ, քանի որ ամոթ է և կնեղացնի նրան: Եվ պահպանված զայրույթը կարող է արտահայտվել տարբեր ախտանշաններով, օրինակ` նույն զայրույթը կարող է ուղղվել դեպի իրեն և կամ փոխարինվել մեկ այլ հուզականությամբ՝ օրինակ` տագնապով:

Նևրոտիկ խանգարումների մեխանիզմներից է  նաև կյանքի տրավմատիկ իրավիճակում սեփական  զգացումները  չհասկանալը, հետևապես  և չընդունելը. օրինակ, երբ երեխան տեսնում է ծնողների կոնֆլիկտը, քարանում է, անօգնական է մնում իր զգացումներում և չի հասկանում, որ իրական վախ է ապրում և հույզը չի հաղթահարվում, սակայն պահպանվում է անգիտակցականում և հետագայում՝ առավել հաճախ հասուն տարիքում սկսում է դրսևորվել ձևափոխված ախտանշաններով՝ տագնապ, միջանձնային հարաբերություններում անվստահություն և այլն:

Նևրոտիկ խանգարումների հիմք կարող է լինել նաև անվտանգության բազային պահանջմունքի կորուստը, որը կարող է ձևավորվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում, օրինակ` պատերազմի դեպքում, երբ մարդը բախվում է գոյություն ունենալու խնդրին և կորցնում է կարծես իր գոյությունը, խաղաղ պայմաններում ապրելու ռեսուրսային հույզերը, հարմարվողական մտածողությունը, հետևապես և վարքային ռազմավարությունը: Բոլորը չեն, որ կարողանում են հետագայում  վերագտնել իրենց, կարողանում են ապաքինվել և ապրել:

Նևրոզի զարգացման մեջ կարևոր են նաև անձնային հատկանիշները՝ ուրիշների կարծիքին շատ կարևորություն տալը, պեդանտ, կարծրատիպային մտածողությունը, կայուն համոզմունքները, բարձր պատասխանատվությունը, ամեն ինչում կառավարելիության ձգտումը,  արդարամտությունը, բարձր էմպաթիան, ներշնչվողականությունը, կատարելության ձգտումը և այլն:

Նևրոզի առաջացման մեջ դեր ունի նաև դաստիարակությունը՝ խստությունը, արգելքները, պատիժները, բարձր պահանջները, երեխայի  ցանկությունները անտեսելը, հասարակության պահանջների մեջ երեխային ճնշելը, վախեցնելը և այլն:

-Նևրոտիկ խանգարումների դրսևորումների ժամանակ ո՞ր դեպքում է հնարավոր ինքնուրույն հաղթահարել հիշյալ ախտանշանները և ե՞րբ է անհրաժեշտ դիմել մասնագետի օգնությանը։

-Մարդկանց մեծամասնության մոտ դրսևորվում է նևրոտիկ խանգարման այս կամ այն տեսակը: Եթե անձի մոտ հոգեբանական վնասվածքները քիչ են՝ հատկապես մանկական տրավմանները, ինչպես նաև կյանքի պայմանները նպաստավոր են,  և անձը պատրաստ է տեսնել և ընդունել պրոբլեմի հոգեբանական էությունը, ձևավորված է էգոնույնացումը, այսինքն կարողանում է խնդիրները և՛ տեսնել, և՛ վերլուծել սեփական անձի մեջ, երբեմն հնարավոր է ինքնուրույն հաղթահարել, երբ փոխում է կյանքի որակը, արժեքները, մտածողությունը, զբաղմունքը, անձնային գծերը, ինչպես նաև ռելաքսացիաների՝ ինքնաթուլացման  և մեդիտացիայի տեսակների է տիրապետում:

Հիմնականում, երբ առկա են արդեն մարմնական գանգատներ՝ սրտխփոց, դող, շնչարգելություն, քաշի կորուստ և այլն, և անձի մոտ բարձր է տագնապի վախի զգացումը, վարքը փոխվել է՝ անհնարին է դառնում աշխատելը, շփվելը, որևէ տեղ գնալը և այլն, պարտադիր է հոգեբանի, երբեմն նաև հոգեբույժի  միջամտությունը:

– Վերևում դուք նշեցիք, որ նևրոտիկ խանգարումների հիմք կարող են լինել անվտանգության բազային պահանջմունքի կորուստը, տագնապը, սեփական առողջությանը անընդհատ սպառնացող վտանգից վախենալը, այսինքն այն ամենը, ինչը վերջին երկու տարվա մեր կյանքի անբաժան մասն է եղել․ ինչպիսի՞ հետևանքներ կունենա դա մեր հասարակության հոգեհուզական վիճակի վրա հետագայում:

-Նման վիճակներում կարևոր է նեգատիվ  հուզականության  երկարատևությունը, ուժգնությունը և նաև կտրուկ տատանումները: Մեր հասարակության վրա պատերազմի հոգետրավմատիկ ազդեցությունը, որը գոյություն ունենալու սպառնալիք էր և դեռևս անորոշ են շատ հարցեր՝ ավելացրած համավարակի ողբերգական հետևանքները զգում ենք բոլորս, ընդհուպ մարմնական հիվանդություններ,  քանի որ նման իրավիճակներում մարդուն չեն բավարարում հոգեբանական  այն   ռեսուրսները, որոնք նա ուներ խաղաղ պայմաններում: Այս վիճակի երկարատևությունը, բնականաբար,  կարող է հանգեցնել նևրոտիկ, դեպրեսիվ նույնիսկ փսիխոտիկ խանգարումների:

Կարծում եմ՝ այս պայմաններում յուրաքանչյուր  մարդ պետք է հասկանա, որ ինքը պետք է վերագտնի իրեն, անցյալի փորձառությունը պետք է ապրվի, որը կարող է դրսևորվել և՛ մարմնական, և՛ հոգեբանական տառապանքով, ինչը պետք է ավարտվի ապրելու վերաիմաստավորմամբ: Ներկայի վրա կենտրոնանալը, սեփական զգացումներում սևեռվելը ամենափոքրիկ ուրախության, հաճույքի և ապահովության վրա, կարծում եմ, օգտակար կլինի: Ապագայի անորոշության վախը հաղթահարելու համար, կարծում եմ, պետք է գիտակցել, որ դա այն է, ինչը չկա, սակայն մենք մեր պատկերացումներում ենք վախենում, տեսնում ենք նեգատիվ ֆոկուսով, բայց այն չկա:

Դրա փոխարեն մենք կարող ենք կենտրոնանալ մեր ստրատեգիկ գործողությունների, դրական հույզերի, արդյունավետ հարաբերությունների և կարողությունների վրա:

 Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031