Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայից եւ Կարսից 100 տարի անց. Հայ դիվանագիտության մարտահրավերները

Նոյեմբեր 05,2021 23:23

(ելույթ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժևորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին,
20 հոկտեմբերի, 2021թ., ՀՀ ԳԱԱ, Երևան)
 

«Պատմությունը կրկնվում է երկու անգամ, առաջին անգամ ողբերգության, երկրորդ անգամ ֆարսի տեսքով». Հեգելին վերագրվող այս ասույթը խեղաթյուրված է՝ ողբերգության և ֆարսի բնութագրումները հանդիսանում են Կարլ Մարքսի հետագա ավելացումները։ Բուն Հեգելի ասույթը պակաս ցինիկ է և ավելի դիդակտիկ. անդրադառնալով Բոնապարտի կրկնակի պարտությանը և Բուրբոնների կրկնակի արտաքսմանը, պատմության փիլիսոփայության թեմայով իր դասախոսություններից մեկում Հեգելը եզրահանգում է. «Կրկնության շնորհիվ այն, ինչ սկզբում լոկ պատահական և հնարավոր էր թվում, դառնում է իրական և հաստատված գոյություն»։

2020թ. աշնանային պատերազմը կրկին մեզ վերադարձրեց պատմական ճակատագրապաշտության այն մղձավանջը, որը, թվում էր հաղթահարել էինք անկախության վերականգնմամբ և Արցախյան առաջին պատերազմում հաղթանակով։ Այսօր՝ Մոսկվայից և Կարսից մեկ հարյուրամյակ անց, մենք, որպես պետություն և որպես ժողովուրդ, դեժավյու ենք ապրում։ Նույն միջավայրն է, նույն մասնակիցները։ Մեր խնդիրների լուծման բանալիները կրկին հայտնվել են այլ տերությունների կամ ուժերի ձեռքերում և իրավիճակի վրա ազդելու մեր հավաքական հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Արդյոք չկա՞ աշխարհագրական այս դետերմինիզմի շղթան կտրելու հնարավորություն։

Պետք է նշել, որ 20-րդ դարի հայ քաղաքական և պատմագիտական միտքը, սկսած առաջին Հանրապետության ղեկավարներ, իրադարձությունների բովում գտնվող Սիմոն Վրացյանից և Հովհաննես Քաջազնունուց, երբեմն թեկուզ զգացական, այնուհանդերձ վերլուծել էր 1921թ. դասերը։ Ըմբռնվել են այն կարմիր գծերը, որոնց խախտումը կարող է անդառնալի ճակատագրական հետևանքներ ունենալ, կարևորվել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի իրական բալանսի հիման վրա քաղաքականության որդեգրման և անվտանգության կառուցման հրամայականը։

Թվում է նաև, թե, անկախության առաջին տարիներից ի վեր, Հայաստանի իշխող էլիտան և միմյանց հաջորդող կառավարությունները սերտել էին այդ դասերը, կատարելով իմացյալ անվտանգային ընտրություն՝ հիմնված ուժերի բալանսի իրատեսական հաշվարկի վրա։ Եվ ուրեմն ինչպե՞ս Հայաստանի Հանրապետությունը հայտնվեց այս աղետալի իրավիճակում, հասավ դիմադրողականության այս աստիճան կորստի։

Հանուն ճշմարտության, պետք է ընդգծել, որ այսօրվա և հարյուրամյա վաղեմության իրավիճակների միջև առկա են էական տարբերությունները, որոնք հույս են տալիս, որ ճիշտ քաղաքականության պարագայում հնարավոր է շտկել իրավիճակը, եթե ոչ մոտ ապագայում, ապա գոնե տարիների ընթացքում։ Այսօր Հայաստանն ունի 30-ամյա անկախ պետականություն, որի որոշ ինստիտուտներ թեպետ դեռևս գտնվում են հետշոկային իրավիճակում, սակայն նաև հեռու են կործանման եզրին գտնվելուց։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է բանակին, անվտանգության և դիվանագիտական կառույցներին, բայց ոչ միայն։ Շատ ավելի բարենպաստ է տնտեսական և սոցիալական իրավիճակը։ Լիովին տարբեր է նաև արտաքին ուժերի ներգրավվածությունը, ինչը նույնպես հնարավորություններ է բացում կայունացման և կորուստների վերականգնման համար։

Սակայն առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, ավելին, հրամայական է, օր առաջ ունենալ խորքային վերլուծություն 2020թ. աշնանային պատերազմի պարտության պատճառների և ընդհանրապես պետականաշինության ձախողման մասին։ Այս վերլուծության մեջ պետք է ներգրավված լինեն Հայաստանի և նաև Սփյուռքի բոլոր կարող ուժերը՝ քաղաքական, տնտեսական դերակատարները, մտավորական ներուժը, ինչին այսօրվա մտքի լեթարգիական մթնոլորտում իրապես դժվար է հասնել։ Հնչող կարծիքներն էլ մեծամասամբ հատվածական են, խիստ քաղաքականացված, երբեմն ներծծված սեփական անսխալականության բարդույթով, ընտրազանգվածի ներկա կամ հնարավոր ապագա քվեներից չզրկվելու մոլուցքով։ Հայաստանյան քաղաքական կուլտուրայում արդեն վաղուց ամրապնդվել է այսպես կոչված մանիպուլյատիվ ինքնաքննադատության մեթոդը, երբ սեփական սխալների քննադատությունը այս կամ այն գործիչը հանգեցնում է նրան, որ իրեն չի հաջողվել կանգնեցնել այլ սխալականներին կամ ինքն ուզեցել է այս կամ այն քայլն անել, սակայն այլ սխալականներ իրեն թույլ չեն տվել իրականացնել դա։ Նման մենթալիտետով հնարավոր չի լինելու վերլուծել, դասեր քաղել և առաջ գնալ, և ցանկացած հաջորդ քայլը դատապարտված է դառնալու ևս մեկ օղակ նախորդ սխալների շղթայի մեջ։

Խիստ անպտուղ է նաև օրերս ծավալվող բանավեճը տարբեր ժամանակահատվածներում արցախյան բանակցային գործընթացի տարբեր առաջարկների լավ կամ վատ լինելու, հաստատելու կամ մերժելու վերաբերյալ։ Շատ տարօրինակ է քաղաքական վերլուծաբաններից, առավել ևս փորձված քաղաքական գործիչներից լսել կարծիքներ, որոնք հանգում են այն եզրակացությանը, իբր եթե մենք կամ Ադրբեջանը համաձայնեինք այս կամ այն առաջարկին, հակամարտությունը կարող էր լուծվել։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ համաշխարհային պատմության և աշխարհաքաղաքական գործընթացների լոգիկայի չիմացություն կամ գիտակցված անտեսում։

Չեմ կարող չհիշել մեծ հայ քաղաքագետի՝ երջանկահիշատակ Իգոր Մուրադյանի խոսքերը, ասված ինձ հետ զրույցներից մեկում, թե հայ քաղաքական մտքի ամենամեծ թերությունը այն է, երբ կարծում են, որ հնարավոր է արցախյան հակամարտության վերջնական լուծում, ինչից հետո կարելի է հանգստանալ և վայելել կյանքը։ Եվ իրավամբ, էթնիկ հակամարտությունները մեծամասամբ ունենում են միայն հանգրվանային լուծումներ, որոնց տևողությունը կախված է կողմերից մեկի կարողությունից՝ փոխելու ստատուս քվոն, ինչպես նաև համապատասխան արտաքին քաղաքական միջավայրից։ Նման հակամարտությունները կարող են լուծվել միայն կողմերից մեկի պարտությամբ և պարտվող կողմի՝ այդ կորստի վերջնական ու աներկբա ընդունմամբ։

Win-win լուծումների շարունակաբար հնչող խորհուրդը, իմ համոզմամբ, հիմնված է հետսառըպատերազմյան իրողությունների, ժամանակի իշխող լիբերալ գաղափարախոսության վրա, սակայն մեր օրերում դեռևս երկու տասնամյակ առաջ իր անկումն ապրած գաղափարախոսությամբ արտաքին քաղաքականության մշակումը խիստ հակացուցված է այս տարածաշրջանի որևէ պետության, առավել ևս նման սպառնալիքներ ունեցող պետության համար։

Այսօր, Հայաստանի ներքին դիսկուրսում մեծ շեշտ է դրվում դիվանագիտության վերակտիվացման անհրաժեշտության վրա, ինչն անվիճարկելի է։ Սակայն պետք է նշել մեկ հանգամանք՝ հնչող կարծիքներում երբեմն որոշ չհիմնավորված հույսեր են կապվում այդ ուղղության հետ՝ ընդհուպ մինչև որոշ կորուստների վերադարձ դիվանագիտական ճանապարհով։ Անշուշտ դիվանագիտության վերակազմավորումը ավելի դյուրին է, քան ռազմական պոտենցիալի վերականգնումը կամ տնտեսական կարողությունների հզորացումը։ Բայց աքսիոմատիկ է, որ ցանկացած դիվանագիտություն երկրի ռազմական, անվտանգային և տնտեսական կարողությունների արտաքին քաղաքական արտապատկերումն է։ Միայն այդ կարողությունների վերականգնումից հետո կարելի է և պետք է ներգրավվել երկարաժամկետ լուծումներ պահանջող խնդիրների շուրջ բանակցություններում։ Մինչև այդ կարողությունների վերականգնումը, դիվանագիտության հիմնական խնդիրը պետք է շարունակի մնալ մարտահրավերների չեզոքացումը և սեփական բանակցային դիրքերի ամրապնդումը։ Սա ենթադրում է ստեղծարար և նախաձեռնող մոտեցումներ, սակայն չպետք է մոռանալ, որ դա հասկանում են նաև հակառակորդները և ձգտելու են օգտագործել թուլության ժամանակահատվածը։

Ստորև կներկայացվեն նոր իրողությունների պայմաններում Հայաստանի դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերների լույսի ներքո մոտ ապագայի խնդիրները և առաջնային մտահոգության հարցերը.

Խնդիր առաջին. Խուսափել որևէ փաստաթղթի ստորագրումից, որն անդառնալի հետևանքներ է պարունակելու Հայաստանի, Արցախի և հայության համար։ Ադրբեջանի ուղղությամբ այսօր նման առաջնային վտանգ են ներկայացնում երկու գործընթացներ։

Առաջինը սահմանագծման և սահմանազատման գործընթացն է, որը պետք է սկսել միայն հակամարտության ընդհանուր կարգավորման համատեքստում, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և համապարփակ համաձայնության կայացումից հետո։ Միամտություն կլինի կարծել, որ միայն այդ գործընթացով հնարավոր է հասնել Հայաստանի տարածքից ադրբեջանական ներթափանցումների հետքաշման՝ առանց ավելի մեծ զիջումներ կատարելու։ Ավելին, Ադրբեջանը օգտագործելու է ռազմական ճնշումները որպես նոր լծակ այդ գործընթացում իրեն ցանկալի արդյունքներ ունենալու նպատակով։ Այդ գործընթացը նաև որևէ կերպ չպետք է թուլացնի Հայաստանի կոմունիկացիոն՝ առանց այդ թույլ աշխարհագրությամբ պայմանավորված վիճակը, իսկ անկլավների հանձնմամբ կարելի է խաչ քաշել Հայաստանի կոմունիկացիոն կապող օղակ դառնալու հնարավորության վրա։ Եվ վերջապես, սահմանագծման-սահմանազատման թեմայի առնչությամբ հարկ է հիշեցնել, որ, այդպիսի պայմանագրի կնքման դեպքում, համաձայն միջազգային իրավունքի, հետագայում նույնիսկ հանգամանքների արմատական փոփոխությունը չի կարող վկայակոչվել որպես պայմանագիրը դադարեցնելու կամ դրանից դուրս գալու հիմք, եթե պայմանագիրը որոշում է միջպետական սահման (Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիա, Հոդված 62, կետ 2):

Մյուս գործընթացը վերաբերում է կոմունիկացիաների բացմանը։ Այս ուղղությամբ կարևորագույն կարմիր գիծն է չթույլատրել որևէ դեպքում ինքնիշխանության սահմանափակում հաղորդակցության ուղիների վերաբերյալ և խուսափել ներառել որևէ դրույթ, որը կարող է արտակարգ երաշխիքներ տրամադրել Ադրբեջանին։ Նման պայմաններով կնքված համաձայնության հետագա իրականացման խոչընդոտները կարող են դառնալ casus belli (պատերազմի առիթ) Ադրբեջանի համար։ Նման պայմաններից զերծ համաձայնությունը հնարավոր է նաև որոշակի օգուտներ պարունակի Հայաստանի համար՝ ստեղծելով նաև որոշ լծակ Ադրբեջանի վրա Նախիջևանի հետ կապի իմաստով։ Այս վերջին պարագայում կարևոր նախապայման է անվտանգության աշխատանքների գրագետ կազմակերպումը Հայաստանի պատկան մարմինների կողմից։

Պատերազմի արդյունքում Հայաստանը զրկվել է բանակցային գործընթացի մի քանի կարևոր հաղթաթղթերից։ Կարելի է ասել, որ պատերազմով Ադրբեջանին հաջողվեց լուծել իր բանակցային նախկին պահանջների զգալի մասը։ Եվ այժմ ընդհանուր բանակցային գործընթացի շարունակումը Ադրբեջանի համար հետաքրքրություն է ներկայացնում երեք հարցի տեսանկյունից. ա) սահմանագծում, որն Ադրբեջանի ըմբռնմամբ հանգելու է նաև անկլավների վերադարձի, բ) Նախիջևանի հետ երաշխավորված կապի հաստատում, գ) Արցախի ճանաչում որպես Ադրբեջանի մաս։ Առաջին երկու խնդիրների ուղղությամբ առանձին գործընթացների ծավալումը էլ ավելի է դժվարացնելու Ադրբեջանի վերադարձը բանակցային սեղանին՝ բուն Արցախի խնդրի քննարկման նպատակով։ Գործընթացների տարանջատումը ձեռնտու է միայն Ադրբեջանին։

Երրորդ գործընթացը՝ համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքումը ներկա փուլում քիչ հավանական եմ համարում, սակայն ճիշտ օգտագործման պարագայում հարցի հնարավորության բարձրացումը կարող է դառնալ գործոն Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։ Սա ենթադրում է լավ մտածված նախնական բանակցային դիրքորոշման և երկարաժամկետ բանակցային տակտիկայի մշակում։ Պետք է հստակ չսահմանափակել պահանջները միայն հնարավորի մեջ, պետք է գտնել հավասարակշռված համադրումը հնարավորի և Հայաստանին ցանկալի առավելագույնի միջև։ Կարևոր է նաև հստակ կարմիր գծերի շուրջ ներքին կոնսենսուսի ձևավորումը՝ մինչև բանակցությունների մեկնարկը։ Շատ կարևոր է Ադրբեջանից այս գործընթացը սկսելու համար որոշ նախապայմանների պահանջը, օրինակ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վերադարձը, ադրբեջանական զորքերի հետքաշումը մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։

Սա սերտորեն առնչվում է առաջնային մտահոգության խնդիրներից երկրորդի՝ Արցախյան բանակցությունների վերսկսման հետ։ Այս ուղղությամբ կարևոր նպատակ պետք է հանդիսանա բանակցային գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Ձևաչափի մահվան մասին լուրերը վստահորեն չափազանցված են՝ անկախ տարածաշրջանային որոշ պետությունների ձգտումներից։ Պետք չէ մոռանալ, որ համանախագահ երկրները հանդիսանում են ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ և հյուրընկալում են երեք ամենամեծ հայ համայնքները։ Եթե Հայաստանին չի հաջողվել 2020թ. աշնանային պատերազմի ընթացքում կամ դրանից հետո բավարար չափով օգտագործել առկա լծակներն ու հնարավորությունները, դա ամենևին չի նշանակում, որ ապագայում դա ևս չի հաջողվելու։ Վստահ եմ նաև, որ հայկական կողմն ունի բոլոր լծակները թե’ երկկողմ հարթակներում, թե’ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում նպաստելու այդ ձևաչափի արագ վերսկսմանը։ Չպետք է թույլ տալ, որպեսզի տարածաշրջանային խաղացողներից կազմված որևէ այլ ձևաչափ փոխարինի դրան, դա բերելու է մերձավորարևելյան գործընթացների տրամաբանության վերջնական ներմուծում մեր հակամարտություն (սիրիականացում)։

Ինչպես ասվեց, բանակցությունների մեկնարկին անհրաժեշտ է նախապատրաստվել լավ հաշվարկված, պահանջների հստակ իրավական և քաղաքական հիմնավորմամբ։ Սա ենթադրում է թե’ Արցախի կարգավիճակի հարցի ներկայացում, թե’ խաղաղապահների մանդատի հստակեցում, թե’ նախկին ԼՂԻՄ տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցի բարձրացում, թե’ մշակութային ժառանգության խնդիրները։ Հստակ է նաև, որ նախաձեռնողական և ստեղծարար մոտեցումը ենթադրում է նաև այնպիսի տարրերի ներառում, որոնք հետաքրքրություն կձևավորեն թե միջնորդների մոտ, թե նաև Ադրբեջանի համար՝ պահելու վերջինիս բանակցային սեղանի շուրջ։

Երրորդ, Թուրքիայի հետ բանակցությունների խնդիրը։ Նման գործընթաց սկսելու համար պետք է հստակ հասկանալ Հայաստանի կարիքներն ու նպատակները։ Որքանո՞վ է գործընթացը իմաստալից զուտ գործընթացի կամ միմյանց հետ շփման եզրեր գտնելու համար, կամ էլ գուցե իմաստալից է, բայց ցավոք արդեն ուշացած է։ Նման գործընթացի մեջ նետվել 90-ականների մոտեցումներով, աչքաչափով կամ սիրողական մակարդակով անթույլատրելի է։ Կրկին, պետք է հասկանալ մեր կարիքները, և արդյոք Թուրքիան ցանկություն կամ հնարավորություն ունենալու է բավարարելու այդ կարիքները։ Օրինակ, անհրաժեշտ է տնտեսական վերահաշվարկ, արդյոք Հայաստանին իրապես անհրաժեշտ է տնտեսական հաղորդակցությունների բացումը Թուրքիայի ուղղությամբ, և արդյոք առկա են բավարար ներպետական մեխանիզմներ դիմագրավելու ապագա հնարավոր տնտեսական էքսպանսիային։ Ինչպիսի՞ նոր խնդիրների առաջ կկանգնենք կամ արդյոք հնարավորություն բաց թողած կլինենք, եթե Թուրքիան կառուցի և գործարկի Նախիջևանի հետ կապող երկաթգիծը և այլն։ Պետք է նաև նշել, որ ի տարբերություն Ադրբեջանի հետ գործընթացների, Թուրքիայի հետ բանակցությունների առումով Հայաստանը փաստարկների էական կորուստ չի ունեցել, ավելին, որոշ ուղղությամբ այսօր առկա են ավելի ամուր կռվաններ, իսկ Թուրքիան իր հերթին կորցրել է իր կռվաններից ամենաբացահայտը և բարձրաձայնվածը՝ զիջումը արցախյան հարցում։ Այս ամենն անշուշտ չի նշանակում, որ մեր բանակցային դիրքերն էականորեն բարելավվել են Թուրքիայի նկատմամբ։ Ի վերջո, Թուրքիան իր ցանկալիին բավարար չափով չհասնելու պարագայում կարող է ևս տարիներ չբացել սահմանը և չհաստատել հարաբերություններ։ Իսկ Թուրքիայի ցանկալին, իմ կարծիքով, մնում է նույնը՝ ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցում և իհարկե Կարսի պայմանագրի ճանաչում։ Տարածաշրջանային միակ երկիրը, որը դեռևս չի ճանաչել Կարսի պայմանագիրը, մնում է Հայաստանը և ճնշումներն այս ուղղությամբ ահագնանալու են։

Վերոհիշյալը չի նշանակում երկխոսությունից հրաժարում, այլ պարտադրում է այն՝ սակայն հաշվարկված, ներառելով պետության և ազգի մտավոր ներուժը։ Եվ ընդհանրապես, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հարյուրամյակի կարևորագույն դասերից մեկը, որը ցավոք սերտում ենք շատ թանկ գնով, սա է. մեր հակառակորդների և առավել ևս թշնամիների հետ երկխոսությունը հրամայական է, դա թույլ է տալիս մշտապես զգալ զարգացումների զարկերակը։ Նույնիսկ տակտիկական դադարների պարագայում այդ երկխոսությունը չպետք է դադարի, այլ շարունակվի միջնորդավորված։ Թշնամիների և հակառակորդների գնահատման մեջ տեղ չպետք է ունենան ավելորդ ինքնավստահությունը և ինքնահանգստացումը, այլ հաշվարկները պետք է միշտ հիմնված լինեն վատագույն զարգացման սցենարի տրամաբանությամբ։ Սա է մեր աշխարհագրության կնիքը։

Չորրորդ խնդիրը՝ հարաբերությունները մեր դաշնակից և աջակից երկրների հետ։

Պետք է լրջորեն վերաձևավորել մեր դաշնակցային կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, դրանց հաղորդելով իրապես համակարգված բնույթ՝ նպատակ ունենալով հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել զինված ուժերի վերականգնումը և վերակազմավորումը, տնտեսական համատեղ ծրագրերի մշակումը, խորքային և փոխշահավետ երկխոսության հարթակների ինստիտուցիոնալացումը։ Ինչ-որ մի պահից սկսած մենք դուրս ենք եկել դաշնակցային հարաբերությունների իրական ոգուն հարիր երկխոսությունից, երկու դաշնակիցների շահերի քննարկման և համադրման մշտական գործընթացի փոխարեն, շարունակել ենք գործել տասնամյա հնության ձևաչափերով՝ անտեսելով կամ փորձելով չտեսնելու տալ մեծ տարածաշրջանի փոփոխվող դինամիկան և դրանից բխող շահերի հնարավոր փոփոխությունը։ Պետությունը չի կարող առաջնորդվել նեղացվածությամբ կամ «авось пронесет» (բախտներս կբերի, սա էլ կանցնի) մտայնությամբ, առավել ևս ընկնել ինքնախաբեության կամ ինքնահանգստացման թմբիրի մեջ։ Շահերի համադրման երկխոսությունը պետք է լինի պետական համակարգի ամենօրյա աշխատանքը, միայն այդ պարագայում է հնարավոր ունենալ լիակատար փոխըմբռնում դաշնակիցների միջև։ Եվ սա Մոսկվայի ու Կարսի հարյուրամյա պատմության մյուս դասն է։

Պետք է քաջություն ունենալ ընդունել սեփական բացթողումները։ Անշուշտ, անիծել սեփական ճակատագիրը կամ աշխարհագրությունը, մեղադրել ուրիշներին շատ ավելի հեշտ է, բայց երբեք լուծում չէ։

Պետք է ակտիվ և նախաձեռնողական շփումների միջոցով ձևավորել աջակից պետությունների շրջանակ, որոնց միջազգային ներգրավվածությունը և կշիռը կհանդիսանան զսպիչ գործոն Ադրբեջանի համար, այդ պետությունների հետ աշխատանքներ տանել նաև տնտեսական և անվտանգային համատեղ ծրագրեր մշակելու ուղղությամբ։ Սա առաջին հերթին վերաբերում է մեր հարևան Իրանին, բայց ցանկը կարելի է շարունակել Ֆրանսիա, ԱՄՆ, Հնդկաստան, եվրոպական և մերձավորարևելյան մի շարք երկրներ, Չինաստան։ Ի վերջո, պետք է իրատես լինել և ընդունել, որ արդեն տևական ժամանակ Հայաստանը կորցրել է իր հետաքրքրությունը բազմաթիվ առանցքային խաղացողների համար, ինչը արտացոլվում է նաև մեր երկրում նրանց սահմանափակ ներկայությամբ և մասնակցությամբ։ Այս իրողությանը շարունակաբար երկրորդային դեր է հատկացվել Հայաստանում, երբեմն նույնիսկ անտեսվել։ Առաջնային խնդիր է հետաքրքրությունների նոր շրջանակի ձևավորումը, պետական կառույցների և գործարար հատվածի համատեղ նպատակաուղղված գործողությունների իրականացումը։ Միջազգային համագործակցությունը, առավել ևս աջակցության ակնկալիքը չի կարող հիմնված լինել միայն երկխոսության վրա։ Անհրաժեշտ է ձևավորել բարեկամ և աջակից երկրների շահեր Հայաստանում։

Թվարկած քայլերը միայն հրատապ աշխատանքի խնդիրներ են, թեպետ դրանց մի մասը կարող են իրենց լուծումը գտնել երկարաժամկետ հատվածում, տարիներ և տասնամյակներ, կամ էլ ընդհանրապես լուծում չգտնել։ Ես հատուկ չեմ գրում այլ հայեցակարգային խնդիրների մասին՝ Սփյուռքի հետ հարաբերություններ, առանձին երկրների հետ հարաբերություններ, կոմունիկացիոն քաղաքականություն, տնտեսական դիվանագիտություն և այլն։ Սա անասելի կերկարացներ ելույթը։

Սակայն ավարտելուց առաջ կցանկանայի նշել ևս մեկ-երկու նկատառում՝ ավելի ընդհանուր բնույթի, որոնք սակայն հիմնային կարևորություն ունեն։

Նախիջևանի ադրբեջանական պատկանելությունը և այն բուն Ադրբեջանին անքակտելի կապով միացնելու ցանկությունը մշտական գայթակղություն է լինելու այդ երկրի համար, անկախ նրա կառավարությունների գունավորումից։ Ադրբեջանը, ինչպես և ցանկացած այլ երկիր նման պարագայում, չի ցանկանալու հանդուրժել իր երկու հատվածների միջև անխափան ու անվտանգ կապի կախվածությունը այլ երկրի գթասրտությունից կամ այսրոպեական պրագմատիզմից, լինի դա Հայաստանը, Իրանը կամ Ռուսաստանը, թեկուզ Թուրքիան։ Ավելին, այդ հատվածի տարածաշրջանային ռազմավարական կարևորության մասին այնքան է խոսվել, որ նույնիսկ ավելորդ է կրկին այդ մասին հիշատակել։ Այդ գործում Ադրբեջանի մշտական դաշնակից է լինելու Թուրքիան։

Ադրբեջանին՝ գայթակղությանը չտրվելու խոչընդոտները երկուսն են. Հայաստանի բուն կարողությունը հակադարձելու ագրեսիան, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային պետությունների հնարավոր դիմադրությունը նման ծրագրին։ Աներկբա է, որ այս պայմանների բացակայության կամ թուլացման դեպքում Ադրբեջանը ձեռնարկելու է իր այդ գործողությունը, ինչի համար արդեն երկրի ներսում ձևավորում է հասարակական կարծիք։ Ադրբեջանին հետ չեն պահելու նույնիսկ Հայաստանի ամբողջականությունը ճանաչող համաձայնագրի ստորագրումը. ագրեսիայի հաջողության դեպքում Ադրբեջանը առնվազն կարող է ակնկալել արտատարածքային միջանցիկ կապի ապահովում միջազգային երաշխիքների ներքո, ընդ որում, ինչպես արդեն վերևում նշվեց, նման կապի խափանումը կամ դրա հանդեպ հետագայում որևէ ոտնձգություն կարող է համարվել իրավաչափ պատերազմի առիթ Ադրբեջանի համար։

Հայաստանի համար կայուն և երկարատև խաղաղություն կարող է ապահովել միայն Ադրբեջանի՝ Արցախին և Սյունիքին հարակից հատվածների ապառազմականացումը։ Դրան հնարավոր չի լինելու հասնել ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ դիվանագիտական ճանապարհով։ Դրա ճանապարհը մեկն է։ Այն ենթադրում է տարիների քրտնաջան նախապատրաստություն։ Եվ որքան շուտ մենք հանրային ըմբռնում ձևավորենք այդ միակ ելքի շուրջ, այնքան ավելի մեծ կլինի այս տարածաշրջանում մեր պետականության հարատևության հավանականությունը։

ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆ

Արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին փոխարտգործնախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930