Լրահոս
Օրվա լրահոսը

Դուման(յան), քո ինչի՞ն էր պետք էս ամենը․․․

Դեկտեմբեր 04,2021 17:12

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Սիսակ Արմենի Գաբրիելյանը սույն թվականի օգոստոսի 25-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ալբերտի Հակոբյանին ուլտիմատում ներկայացրեց։

«Արա, մատդ հետույքդ (փոխարինել եմ ավելի մեղմ բառով) կկոխեմ» հայտարարեց Սիսակը, ով ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և հարվածեց Վահեին, ով ներկայացնում է «Հայաստան» խմբակցությունը։

Գիտության առևտրայնացման պայմաններում, ինչի մասին զառանցանքը արդեն երկու տասնամյակ է լսում եմ տարբեր իշխանություններից, գիտական միտքը հասավ գիտության և տնտեսության միաձուլման մի նոր մակարդակի։ Այս դիսկուրսը ունկնդրեցին ոչ միայն մոտ հարյուր մտքի գիգանտներ՝ այն է ժողովրդի ընտրյալներ, այլ հազարավոր հեռուստադիտողներ։ 1,024,892 մարդ սրանց է ընտրել։ Եթե նրանք սպառնալիք չեն տեսնում՝ ոչ մատի, ոչ հետույքի վնասվածքի համար, ես ո՞վ եմ, որ վիճեմ։ Վերջիվերջո համար մեկ մանդատը կրող ԱԺ նախագահը դեռ վերջերս սրան-նրան գլխով «բոքսում էր»։

Երևի դա է ճիշտը։ Ես տեղեկություն չունեմ՝ իրականացրե՞ց իր խոստումը Սիսակը, բայց տեսնում ենք, որ դրանք իրար հետ «աշխատում են», իբր բան չի եղել։ Բայց մատահետույքային այդ ալյանսը իր արդյունքը տվեց։ Տեսեք, թե ինչպես են բաժանում գիտության ավելացրած փողերը։ «Ձաձա ջան, փող տուր» հերթական շարժումը որոշելով, որ գիտության փողերի ավելացումը իրենց շնորհքն էր՝ մի կողմ է քաշվել և ըմբոշխնում է լոկալ հաղթանակը։ Շարժման առաջնորդներից մեկը, ով ակադեմիա էր սողոսկել ժամանակին «մանկապատանեկան սեկցիա» բացելու հաշվին, նոր պաշտոն ստացավ և մեծ մտքեր է ասում։

Պարզվում է, որ նոր ստրատեգիա են մշակել գիտության համար։ Պետք է ամեն ինչով զբաղվող խմբեր ունենալ և սպասել, որ հանկարծ համաշխարհային գիտության որևէ բնագավառից «ազդանշան» գա, թե որ ուղղությունն է հիմա պոպուլյար՝ թռնեն ու զբաղվեն դրանով։ Ջան եմ ասել, հերթական խելքի պուտուկը հայրենական գիտության ղեկավարության մեջ։ Բոլոր նրանց, ովքեր չեն ընտրել այս 107 մտքի գիգանտներին, փորձեմ բացատրել՝ օրինակներով, նկարներով։

Սա ծագումով բելգիացի Վիլլեմ դե Կունինգի «Woman III» նկարն է «Կանայք» շարքից, նկարել է 1953 թ․-ին։ Նկարը վաճառվել է 137,5 մլն ԱՄՆ դոլարով։ Որևէ անգամ լսել ե՞ք, որ նկարիչների միությունը պահանջի պետությունից այդքան գումար ներկեր, կտավներ գնելու, հոնորարներ բաժանելու համար։ Հակառակ դեպքում ոչինչ չեն նկարի։ Ես էլ չեմ լսել։ Բայց մի խումբ բազմապատկման աղյուսակը իմացողներ, ովքեր այստեղից-այնտեղից փախցրած պատվոգրեր ունեն գիտական աստիճանների դիպլոմների տեսքով, որոշել են խորհուրդ տալ գիտությանը։ «Բայրաքթարին 35մլն դոլար են տալիս, մենք ո՞նց ձեր տված փողով գործ անենք»-ահա նրանց տհաս թեզը, ինչը մատահետույքային ալյանսի տրամաբանության մեջ է։ Եվ այս աբսուրդ դիսկուրսի մեջ որևէ բան բացատրելն արդեն անհնար է դառնում։ Երևի նույնիսկ ինձ ատողները չեն համարձակվի պնդել, որ հայկական գիտությունը թվերով որևէ մեկը ինձանից լավ գիտի։ Վերլուծություններ արել եմ բազում անգամներ։

Տարեկան մոտ հազար հոդված տպագրող ամբողջ հայկական գիտությունը լավագույն դեպքում 150 հոդված է տպագրում միջին և բարձր որակավորում ունեցող ամսագրերում։ Առանց խորանալու տարբեր մանրամասների մեջ, ասեմ, որ ամենաշատը այդքան թեմա կարող է լինել և ֆինանսավորվել պետության կողմից։ Տարբերի անհեթեթ անուններ կրող թեմատիկ մրցույթները, հայ-չգիտեմորերկրի գիտական մրցույթները, մանկական գիտությունը և այլ ուղղություններով մոտ 300 թեմա հաշվելուց հետո ձանձրացա։ Պարզ է, որ աննպատակ փոշիացնում են փողերը։

Իրականում կատարվելու է մոտ 150 ռեալ թեմա։ Եթե կարիքը լինի, կարող եմ թեմա առ թեմա անդրադառնալ թվերով։ Բայց դժվար թե, էդքան համարձակություն չեն ունենա «ոտքի տակ ընկնել»։ Սովորաբար լուռ «փող են ծամում»՝ բանի տեղ մի դրեք ասելով։ Հարցնում ես, դուք 300 մլն ԱՄՆ դոլար ե՞րբ եք կարողանալու ծախսել գիտության վրա։ Դա էլեկտրոնային արագացուցիչ կառուցելու մոտավոր գինն է, «ՔԵՆԴԼ» կոչվող մեգա-բլեֆը այդքան կարժենար, եթե իրագործեին։ Բայց անցնում են տասնամյակները, իրար փոխարինող անորակ իշխանությունները գնում «ՔԵՆԴԼ»-ի պատի տակ նկարվում են, մի քանի անհեթեթ բառ ասում գիտության ու մարդկային մտքի բարդ ելևէջների մասին ու գնում իրեն գործին։ Մի կողմ թողնենք գիտական իմաստը, ոչ մեկի մտքով չանցա՞վ հարցնել՝ բա փողը որտեղից։ Նույնիսկ իբր ֆիզիկոս վերջին նախագահը այնպիսի էժանագին ՓՌ արեց, որ քննարկել անգամ ամոթ է։

Հիմա էլ էդ «դուքյանին» թեմատիկ փողեր տալու համար «Ֆունտ» են գտել, ուրիշ բնագավառի անհեթեթ հոդվածներով։ Էլի փող եք ծամելու՞։ Անիմաստ քայլերի, աննպատակ ելևէջների շարանը շարունակվում է։ Չկարողանալով ձևակերպել գիտության կազմակերպման հիմնական խնդիրները, չլսելով ուրիշներին՝ շարունակում են համառ բթությամբ անել անիմաստ քայլեր։ Օգտագործելով «ձաձա ջան, փող տուր» անիմաստ շարժումները ՓՌ-վելու համար և օգտվելով գիտնականների խղճուկ վիճակից։ Մնացածի ասածներին էլ բանի տեղ չդնելով։ Է, մի դրեք, ես հա ասեմ դուք տհաս եք՝ դուք էլ արհամարհեք։

Այս ամբողջ մատահետույքային անցուդարձի մեջ չեմ հասկանում նախարարի արածը։ Կարողանալով չկեղտոտվել հայկական կրթական համակարգում, ոչ մի կաշառակերության դեպքի մեջ նկատված չլինել ու գալ ոչինչ չանելու համա՞ր։ Վերջին անգամ եմ հարցնում, պարոն նախարար, իսկապե՞ս չհասկացար, որ Հովհաննես Հովհաննիսյանին դոկտորական չէր հասնում։ Փորձի համար բացատրեցի փականագործ ընկերոջս՝ հասկացավ։ Այնքան պարզ է ԲՈԿ-ի կանոնը և այնքան քստմնելի ԲՈԿ նախագահի ծամածռություններ հիշեցնող պատասխանը, որ նրա ետևում թաքնվելը պարզապես ամոթ է։ Դուման(յան), քո՞ ինչին էր պետք էս ամենը․․․

Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նախկին ԵրՖԻ նախկին աշխատակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031