Երեկ՝ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հայկական կողմն ունեցավ 3 զոհ:
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ 2002 թվականին ծնված շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը, կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը եւ 2003 թվականին ծնված շարքային Վահան Վաչագանի Բաբայանը զոհվեցին հանուն հայրենիքի:
Ռուդիկ Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի համայնքից է: Տղայի զոհվելու լուրն իմանալուց հետո, ամբողջ ֆեյսբուքյան հարթակում տարածվեցին Ռուդիկի բանակ մեկնելուց առաջ արված գրառումները:
Կարդացեք նաև
«Գնում եմ, որ գամ, ժպիտով, միշտ ժպիտով», պարտադիր զինվորական ծառայության ծանուցագրին կից այսպես էր գրառել Ռուդիկը: Ժպիտով գնաց, բայց, ցավոք, չվերադարձավ:
Ռուդիկին Ալավերդիում շատ լավ են ճանաչում: Դեռ մանկուց ակտիվ մասնակցություն է ունեցել համայնքի զարգացման գործում, կատարել տարբեր կամավորական աշխատանքներ:
«Ռուդիկը Ալավերդու քաղաքացիական հասարակության վառ երիտասարդ ներկայացուցիչներից էր: Ակտիվ էր, հասնող, բոլորին օգնող ու աջակցող: Ուզում էր իր մասով փոխել աշխարհը, Հայաստանը, իր երկիրը տեսնել զարգացած ու ուժեղ երկիր: Ինքը ոչ միայն զարգացող էր, այլեւ զարգացնող էր»,- պատմում է «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
























































