«Պետք չի մեզ դասեր տալ»,- ԱԺ նիստում իշխանականներին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը արտաքին մարտահրավերներին անդրադարձավ. «Մենք հայտնվել ենք պատմական վերջին ժամանակաշրջանում ամենալուրջ մարտահրավերներով լեցուն մի միջավայրում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը անթաքույց հայտարարում է, թե ինչի են ձգտելու, որոնք են իրենց կենսական շահերը ու դա ուղղակի հակասում է ՀՀ-ի ու հայության ռազմավարական շահերին. «Ակնհայտ մարտահրավեր է նետված ու այդ մարտահրավերը մենք կամ ուղղակի անտեսում ենք, կամ ոչ ադեկվատ օրակարգով զբաղվում: Այն օրակարգը, որ մենք հիմա ենք քննարկում, բացարձակ կապ չունի այն իրական մարտահրավերի հետ, որը այսօր Հայաստանին սպառնում է: Թուրքիան ու Ադրբեջանը արձանագրել են, որ առաջնորդվելու են հիմնականում 4 խնդիր լուծելու ուղղությամբ՝ ապօրինի բոլոր սահմանները ճանաչելու, դա պարտադրելու են ՀՀ-ին, ցեղասպանությունից հրաժարում, Ադրբեջանի պահանջների բավարարում Արցախի հարցով ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ամրագրում: Սա ուղղակի սեւով սպիտակի վրա գրված է Շուշիի հռչակագրի մեջ: Մենք դրան ինչ ենք պատասխանում: Մենք չունենք դրան ադեկվատ արձագանք: Իսկ այն, ինչ արձագանքում ենք, սպասարկում է այն, ինչ հայտարարում է Թուրքիան: Ցեղասպանությունը թողնում ենք սփյուռքին, ասում ենք՝ որեւէ պահանջ չունենք սահմանների ճշգրտումների մասով: Ասում ենք՝ Արցախը թողնելու ենք Ադրբեջանի կազմում, որովհետեւ տեսականորեն այլ լուծում չունի: Մեզ մնում է մեկ շանս՝ կա՛մ այդ հարցը լուծում ենք խորհրդարանում, արձանագրում մեր կարմիր գծերը, կա՛մ դա կատարվելու է խորհրդարանի դուրս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































