Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հնարավորությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «հաշտության» ներկա պարտադրանքի պայմաններում

Փետրվար 09,2022 21:30

Հայաստանի համար պարտությամբ ավարտված պատերազմից մեկ տարի անց, 2021թ դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես համաձայնվեցին հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ ձեռնարկելու: Մինչ այդ, Հայաստանն ու Ադրբեջանը հանձն էին արել հասնել հաղորդուղիների բացման և նախնական համաձայնություն տվել սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ սկսելու:

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ջատագովում են, ավելին, դրանում իրենց շահագրգռվածությունն են ցույց տալիս ազդեցիկ մեծ խաղացողները՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը, չհաշված Եվրամիության, Իրանի, Չինաստանի և այլ երկրների այս գործընթացի քաջալերանքի հայտարարությունները: Այս հարցում ոչ միայն հաղթանակած Թուրքիայի ու Ադրբեջանի, այլեւ շահագրգռված մեծ խաղացողների ցուցաբերած պրոակտիվությունը պարտված Հայաստանին առարկայականորեն համարյա զրկում է, նույնիսկ ցանկության դեպքում, այդ գործընթացից խուսափելու հնարավորությունից: Իսկ Հայաստանի ներկա իշխանությունները դրան գնում են կամավոր և համոզված, տարածաշրջանում «խաղաղության դարաշրջանի» հաստատումը հայտարարելով արտաքին քաղաքական հիմնական ուղղություն:

Թուրքիայի և Ադրբեջանի նպատակն է, սկսելու համար, Հայաստանը դարձնել իրենց ազդեցության գոտի՝ ակել» Արցախյան խնդիրը, Սյունիքում ապահովել Հայաստանի գերիշխանությունից զուրկ միջանցք, հանգել ներկա փաստացի սահմանների պաշտոնականացման, հասնել Ցեղասպանության հարցից փաստացի հրաժարման և, ոչ վերջին տեղում, բազմաբնույթ ներկայություն ու ազդեցություն ապահովել Հայաստանում:

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հետապնդում են իրենց սեփական, իրար հակոտնյա նպատակներ: ԱՄՆ-ը միշտ ջատագով է եղել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան «հաշտեցման», դա համարելով Հայաստանի՝ Ռուսաստանի ազդեցությունից հեռացման և հետեւաբար Այսրկովկասում, և, դրան որպես շարունակություն, Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի ազդեցության վերացման կամ թուլացման ճանապարհ: Ռուսաստանը հայկական գործոնը միշտ օգտագործել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերություններում որպես լծակ, միջոց և մանրադրամ: Մոսկվան ներկայում համարում է, որ Սյունիքում իր ներկայությամբ պայմանավորված տիրապետում է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Նախիջեւան-Թուրքիա և Հայաստան-Իրան Հայաստանյան հանգույցին, ուստի Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան «հաշտությունը» կարող է ծառայեցնել իր շահերին:

Այսպիսով, պատերազմի արդյունքով պայմանավորված կապիտուլացիայից հետո, չափազանց թուլացած և բազմակողմանի ճնշումների պայմաններում  գտնվող Հայաստանը դիմագրավում է ծանրագույն նոր կապիտուլացիաների ենթարկվելու վտանգ:

Այս վտանգներից խուսափելու կամ առնվազն նվազագույն նոր կորուստներով իրավիճակից դուրս գալու առումով Հայաստանին բարեբախտաբար օգնության է հասնում մի կարեւոր հանգամանք: Դա՝ ոչ այնքան բարենպաստ իրավիճակն է, որում ներկայում հայտնվել է Թուրքիան:

Թուրքիան գտնվում է ֆինանսատնտեսական լրջագույն դժվարությունների և ներքաղաքական ու հասարակական աճող լարվածությունների գրկում: Անկախաբար ներքին լուրջ լարումներից, Թուրքիայի տարիներ շարունակ վարած բազմակողմանի հարձակողապաշտ և ամբարտավան քաղաքականության պատճառով նրա արտաքին հնարավորություններն ու լծակները հայտնվել են գեր լարված վիճակում և նա, առանց իր որեւիցե նկրտումից հրաժարվելու, ձեռնարկել է արտաքին լարվածությունների մեղմման քայլեր: Բացի արտաքին դրդապատճառներից, մեղմման այդ քայլերը թելադրված են նաեւ ներքին մարտահրավերների համար բավարար պաշարամիջոցներ և ժամանակ ձեռք բերելու անհրաժեշտությունից:

Առաջիկա մեկուկես տարիներին Թուրքիայի ներքին քաղաքականությունն ամբողջությամբ իսկ արտաքին քաղաքականությունը կարեւոր չափով պայմանավորված է լինելու 2023թ հունիսին նախատեսված նախագահական ընտրություններով: Էրդողանը, ով անցնող երկու և հատկապես վերջին տասնամյակում իր «սուլթանությունը» ծառայեցնում էր ներսում իր դիրքերի հզորացման և դրսում Թուրքիայի ծավալապաշտության առաջ մղման, ներկայում բոլոր գործոնները ծառայեցնում և ծառայեցնելու է իր վերընտրության նպատակին: Թուրքիայի ֆինանսատնտեսական ճգնաժամը մեղմացման նշաններ ցույց չի տալիս և առնվազն առաջիկա ամիսներին ամենայն հավանականությամբ սրվելու է: Առնվազն մինչեւ ընտրություններ գնալով սրվելու է նաեւ ներքաղաքական իրավիճակը:

Ներքին դժվարությունների պայմաններում և անկախաբար դրանցից Էրդողանի համար ավելի է կարեւորվում արտաքին գլխավոր դերակատարների հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը: Նա փորձում է մեղմել հարաբերություններն արեւմուտքի, գլխավորաբար ԱՄՆ-ի հետ:  Մյուս կողմից, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Թուրքիային դրել է Ռուսաստանի նկատմամբ նուրբ և դժվար կացության առջեւ: Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ տիրապետում է տնտեսական լծակների, որոնք, ի գործ դրվելու պարագայում վստահաբար ավելի են խորացնելու արդեն իսկ խիստ ցավոտ ֆինանսատնտեսական վիճակը:

Այս բոլոր գործոնները սահմանափակում են թե’ Էրդողանի, թե’, անկախ իշխանությունից, Թուրքիայի հնարավորությունները:

Այս պայմաններում է, որ սկիզբ են արել Հայաստան-Թուրքիա բանակցությունները, ինչպես և շարունակվում են Հայաստան-Ադրբեջան ուղղակի և միջնորդավորված կապերը: Նշված դժվարությունների պատճառով Թուրքիայի թե’ դիմագրաված որոշակի դժվարությունները և թե’ արտաքին կարեւոր խաղացողների հետ լարվածությունը մեղմելու հրամայականը, թեկուզ և փոքր չափով, հարաբերաբար թուլացնում են նրան ու նրա բանակցային դիրքերը, ուստի Հայաստանին հնարավորություն են ընծայում օգտվել դրանից:

Հայաստանը պարտավոր է լավագույնս գնահատել այդ իրավիճակը և, թե’ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններում և թե’ մյուս կարեւոր խաղացողների հետ իր դիվանագիտական հարաբերությունների շնորհիվ վերացնել կամ նվազագույնի հասցնել իրեն սպառնացող նոր վտանգները:

Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» համակողմանի ճնշումների պայմաններում Հայաստանի նույնիսկ չկամեցող իշխանությունների առկայության պարագայում չափազանց դժվար էր լինելու մերժել բանակցությունների գաղափարը: Բայց եթե բանակցություններից ընդհանրապես հրաժարվելը համարյա անհնարին է, Թուրքիայի դիմագրաված ներկա դժվարությունները Հայաստանին հնարավորություն տալիս են առնվազն փորձելու ձախողեցնել իր նկատմամբ Թուրքիայի ու Ադրբեջանի հետապնդած վերոնշյալ նպատակները: Հայաստանը պետք է դա անի թե’ նրանց հետ ուղիղ բանակցություններում և թե’ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ իր առանձին շփումներում: Հայաստանը պետք է հատկապես օգտվի «հաշտության» հարցում վերջին երկու տերությունների հակոտնյա նպատակներ հետապնդելու փաստից, «խաղա» այդ փաստի վրա:

Կարեւոր է գիտակցելը, որ այս իրադրությունը չի նշանակում, որ ավարտվել է Թուրքիայի հարձակողապաշտ, ծավալապաշտ արտաքին քաղաքականության փուլը: Այդ քաղաքականությունը մնում է ուժի մեջ: Դա առարկայական և ենթակայական պայմաններով հասունացած պատմական փուլ և գործընթաց է: Բայց Թուրքիան ներկայում հայտնվել է այդ ընթացքը խոչընդոտող թե’ ներքին և թե’ արտաքին ընթացիկ, կոնյունկտուրային բայց կարեւոր գործոնների առջեւ: Նմանօրինակ պայմաններում գտնված պետությունների պատմական փորձը ցույց է տալիս, որ նրանց ավելի շատ հաջողվել է հաղթահարել այդ դժվարությունները և շարունակել իրենց ծավալապաշտությունը, քան ընկրկել դրանց տակ: Ամենայն հավանականությամբ նույնը պատահելու է նաեւ Թուրքիայի հետ: Այդ պատճառով էլ խիստ անհրաժեշտ է ներկա փուլում հասնել Հայաստանի համար ոչ ավելի անբարենպաստ հանգուցալուծման և ամրագրել այն:

Դրա համար անհրաժեշտ է նախ գիտակցություն և կամք, ապա՝ համապատասխան դիվանագիտություն:

Ալեք Ենիգոմշյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Տարիներ առաջվա ընդդիմադիրի կողմից ներկայացված այս առաջարկությունները իշխանահաճո են և դրանցով նա ուղղակիորեն ողջունում է
    հայ-թուրքական, հայ-ադրբեջանական երկխոսություններ սկսելը և Հայաստանի ու Արցախի պարտության ամրագրումը, փաստացի փոքրացված տարածքներով, ետ քաշված սահմաններով։ Պարտված և թուլացած վիճակում բանակցությունների գնալը մեզ կբերի տարածքային զիջումների, ցեղասպանությանից հրաժարման, շուրջ 100 տարի առաջվա ռուս-թուրքական պայմանագրի ճանաչման և Արցախի կարգավիճակի հարցը փակելուն։ Մնացածը հեքիաթի ժանրից է։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28