Լրահոս
Օրվա լրահոսը

«Հա՞, այսինքն, Նիկոլ Փաշինյանի սրտի ցանկությունը կատարե՞նք». Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի վիրավորանքից հետո իրենց անելիքի մասին

Մարտ 03,2022 17:53 Share

Նիկոլ Փաշինյանի երեկվա պահվածքից հետո ձեր այսօրվա խաղաղ, սիրալիր միջավայրում նախագծերի քննարկումն ինչո՞վ է պայմանավորված, ենթադրվում էր, որ իր այդ պահվածքից հետո ընդդիմությունն ուրիշ քայլերի պիտի գնար. Aravot.am-ի հետ զրույցում այս հարցին ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ ի՞նչ քայլեր, օրինակ: Թվարկեցինք՝ օրինակ,մանդատները վայր դնել: «Հա՞, այսինքն, Նիկոլ Փաշինյանի սրտի ցանկությունը կատարե՞նք»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնեք, որ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մատով է խոսելու այն պատգամավորների հետ, որոնք հողատու կասեն իրեն ու նրանց վրա մատ թափ կտա, ուրիշ բան էլ: Դրան հաջորդեց այն, որ ընդդիմադիրները աղմկեցին ու նիստը վարող ԱԺ փոխխոսնակը դուրս հրավիրեց նրանց:

Հարցին՝ դուք այսպես իշխանության ջրաղացին ջուր չե՞ք լցնում, երբ որ ձեր թասիբին է դիպչում ու դուք ձայն չեք հանում՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ոչ, կտեսնեք մեր քաղաքական խոսքը, բովանդակությունը, սպասեք մի քիչ»: Ճշտեցինք՝ ինտրիգային բան եք ասում, ինչ-որ բա՞ն է սպասվում՝ նա պատասխանեց. «Ինտրիգային բան չեմ ասում: Որպես քաղաքական պատասխան՝ կտեսնեք մեր խոսքը, փաստարկները, հիմնավորումները, գնահատականները»: Դիտարկմանը, որ ձեր գնահատականները ազդեցություն չեն թողնում, ինքը ձեր արժանապատվությանն է դիպչում՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Մեր երկխոսության կողմը ոչ թե քաղաքական «մեծամասնությունն» է, այլ՝ հանրությունը, այն մարդիկ, ովքեր պետք է տեսնեն այսօրվա իշխանություն կրողների իրական կերպարը, իրական նպատակները, ծրագրերը ու հասարակությունը պետք է գնահատական տա: Երբ որ մենք տեսնում ենք փողոցային բառապաշար կառավարության ղեկավարի կողմից, դրա վստահ պատասխանը պետք է նաեւ հանրությունը տա»:

Նա վստահեցրեց, որ մարդիկ իրենց մաշկի վրա զգում են այս իշխանության սոցիալական քաղաքականության աղետաբեր հետեւանքները. «Հետեւաբար մեր վարքագիծը նաեւ պայմանավորված դրանով պետք է է՛լ ավելի փաստարկված ներկայացնենք, սպասեք»:

Երբ ասացինք՝ դուք այսօր նիստին մասնակցում եք, իբրեւ երեկ ոչինչ չի պատահել ու երբ դուք լռում եք, հանրությունը կմտածի, որ դուք ուրեմն համաձայն եք Փաշինյանի վիրավորանքի հետ՝ նա պատասխանեց. «Դուք ինչի՞ եք հանրության փոխարեն որոշում կայացնում, որ այդպես է հանրությունը մտածում: Ես ասում եմ պարզ բան՝ մենք քաղաքական թիվ մեկ ամբիոնը պետք է օգտագործենք, որպեսզի կարողանանք լիարժեք բացահայտել այս մարդկանց իրական դեմքն ու կերպարը եւ եթե Նիկոլ Փաշինյանը իրեն թույլ է տալիս վիրավորական արտահայտություն ամբիոնից, որը ավելի շատ վերաբերում է հենց իրեն, իր մասին են այդ գնահատականները, որ ինքը փորձում է տալ: Մեր խնդիրն է ոչ թե իջնել այդ մակարդակին, որը ինտելեկտի, պետականության մակարդակ չի, իրենցից շատերը փորձում են ընդդիմությանը իջեցնել այդ մակարդակին ու ցավոք, հանրության մի էական հատված այդ մակարդակին է տրվում: Մեր խնդիրն է նաեւ քաղաքական մշակույթ բերել եւ երբ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս այս ամբիոնից ոչ թե իշխանության կրող, այլ հանդես է գալիս՝ որպես ընդդիմության ընդդիմության ընդդիմություն՝ այն ամենացածրակարգ մակարդակում, սրա մասին էլ հանրությունը պետք է լիարժեք իր գնահատականը տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031