Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում խախտվում են մեդիա ոլորտի աշխատակիցների հանգստի եւ հանգստյան օրերին կրկնակի վարձատրվելու իրավունքները․ հետազոտություն

Մարտ 30,2022 22:00

Մեդիա ոլորտում ամենահաճախը խախտվում է հանգստի իրավունքը։ Սա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի իրականացրած «Աշխատանքային փոխհարաբերությունների հիմնախնդիրները մեդիա ոլորտում» սոցիոլոգիական հարցման տվյալն է։ Հարցումը կատարվել է 2020 թվականին, հեղինակը՝ սոցիոլոգ Անահիտ Ղարիբյանն է։ Այս հարցման շրջանակներում իրականացվել է 20 հարցազրույց գործատուների հետ (ներգրավվել են հեռուստատեսություն, ռադիո, առցանց ԶԼՄ եւ տպագիր մամուլ), 14 հարցազրույց մեդիափորձագետների հետ, ինչպես նաեւ իրականացվել է առցանց 100 հարցում մեդիաշխատողների շրջանում։

Ըստ հարցման արդյունքների, մեդիաոլորտում ամենահաճախը խախտվում է հանգստի իրավունքը, քանի որ գործատուներից շատերն առաջնորդվում են նյութավճարով, ինչպես նաեւ կատարված աշխատանքի արդյունքներով, ընդ որում, երբեմն գործատուն կարող է աշխատանքն ինչ-ինչ սուբյեկտիվ պատճառներով չընդունել եւ չվճարել աշխատողին՝ համարելով այն թերի եւ խոտան։

Հարցման արդյունքում բացահայտվել է՝

Մեդիա ոլորտում հաճախ գործատու-աշխատող հարաբերությունները հաստատվում են բանավոր համաձայնությամբ առանց որեւէ պայմանագրի առկայության: Գործատուներն սկսնակ մասնագետների հետ հաճախ չեն կնքում աշխատանքային պայմանագրեր, շահագործում են նորավարտ մասնագետներին, ովքեր գործնական գիտելիքների եւ կարողությունների ձեռք բերման կարիք ունեն. գործատուն ուսանողներին չվճարվող փորձաշրջանի է ընդունում 3 ամիս եւ ավել ժամկետով, ինչն արգելված է օրենքով:

Հետազոտությամբ պարզվել է, որ որոշ խմբագրություններում աշխատակիցների փաստացի աշխատավարձը տարբերվում է աշխատանքային պայմանագրում ֆիքսված աշխատավարձից, որը սովորաբար նվազագույն աշխատավարձի չափով է սահմանվում: Արդյունքում ոլորտում կան մասնագետներ, ովքեր աշխատավարձ են ստանում կանխիկ՝ առձեռն ծրարներով:

Հայաստանում մեդիաաշխատողներն իրենց մասնագիտական գործունեությունը ծավալում են կյանքի համար վտանգավոր պայմաններում, մինչդեռ չունեն իրենց անվտանգության ապահովման երաշխիքներ թե՛ գործատուների, թե՛ պետության կողմից: Կյանքի ապահովագրությունն օրախնդիր է մեդիաաշխատողների համար, որոնք մասնագիտական աշխատանք են իրականացնում կյանքի համար վտանգավոր պայմաններում, դիցուք՝ պատերազմի, արտակարգ իրավիճակների, համավարակի եւ այլ ճգնաժամային իրավիճակներում:

Մեդիաաշխատողների գերակշիռ մեծամասնությունը չունեն առողջապահական եւ սոցիալական պաշտպանվածություն:

ԶԼՄ-ների ֆինանսական անկայունությունն հանգեցնում է լրագրողների աշխատանքային այնպիսի իրավունքների խախտմանը, ինչպիսիք են՝ աշխատավարձերի կրճատում եւ ուշացումներ, պատվիրված քաղաքական եւ տնտեսական թեմաներով հոդվածներ, աշխատողների շահագործում եւ չարաշահում, աշխատանքից ազատում եւ այլն:

Առցանց հարցումներով բացահայտվել է՝

Հարցմանը մասնակցած մեդիաաշխատողներից 14-ը գրանցված աշխատողներ չեն, հարցվածների 1/3-ը՝ գործատուների հետ համագործակցում են ծառայությունների մատուցման պայմանագրով:

Թեեւ հարցմանը մասնակցածներից շատերը նշել են, որ գործատուի հետ ունեն աշխատանքային պայմանագիր, սակայն մի մասը չի տարբերել աշխատանքային պայմանագիրը ծառայությունների մատուցման պայմանագրից: Հարցվածների մեջ 17%-ն առհասարակ չունի գործատուի հետ կնքված աշխատանքային պայմանագիր, 74%-ը լիովին տիրապետում է պայմանագրի բոլոր դրույթներին: Հարցվածներից մի մասը նշել է, որ շատերը ծանոթ են իրենց պայմանագրին, սակայն դա չի օգնում խախտումների դեպքում պաշտպանել իրենց իրավունքները. պատճառն այն է, որ չկան վստահելի կառույցներ եւ մեխանիզմներ, որոնց աջակցությամբ կկարողանան վերականգնել իրենց խախտված իրավունքները:

Հարցվածների 46%-ն աշխատում է 8-ժամյա գրաֆիկով, ազատ գրաֆիկով՝ 23%-ը, չկանոնակարգված գրաֆիկով՝ 21%-ը: Ընդ որում՝ հարցվածների շուրջ 1/3-ը օրական աշխատում է 8 ժամից ավել ծանրաբեռնվածությամբ:

Հարցվածների մեծամասնության գնահատմամբ՝ աշխատանքային իրավունքներից իրենց իրազեկվածության աստիճանը բավականին բարձր է:

Հարցվածների մոտ ամենատարածված իրավունքի խախտումը՝ աշխատաժամանակի առավելագույն տեւողության չհստակեցումն է գործատուի կողմից (թվով՝ 37), հարցվածների զգալի մասը խախտումների չի հանդիպել իր փորձառության ընթացքում (թվով՝ 36):

Հարցման գրեթե բոլոր մասնակիցները նշել են, որ աշխատավայրում երբեւէ սեռական բռնության կամ չարաշահման դեպքերի չեն առնչվել: Միայն մի դեպք է եղել, որի արդյունքում հարցվողը դիմել է դատարան:

Հարցվածների 55%-ը աշխատավայրում ծագած խախտման դեպքերի եւ գործատուի հետ տարաձայնությունների առաջացման ժամանակ հակված է բարձրաձայնել խախտման մասին, գործատուի հետ քննարկել խնդիրները, 12 %-ը նախընտրում է հեռանալ կամ փոխել աշխատանքն՝ առանց քննարկելու եւ բանակցելու գործատուի հետ:

Հարցվածների գրեթե կեսը գնահատել է աշխատողների պաշտպանվածությունը միջին՝ 3 գնահատականով, իսկ 1/3-ը՝ ոչ բավարար, այսինքն՝ 1 եւ 2:

Հայաստանում հաճախ են խախտվում մեդիաաշխատողների հանգստի եւ հանգստյան օրերին կրկնակի վարձատրվելու իրավունքները, ինչպես նաեւ խախտված են աշխատանքին համարժեք վարձատրության իրավունքը: Ընտ որում, հարցվածների կեսից ավելին գտնում է, որ աշխատաժամանակի եւ հանգստի ժամանակի միջեւ հավասարակշռությունն իրենց ոլորտում խախտված է՝ ի շահ գործատուների:

 Մեդիաոլորտի աշխատակիցների անվտանգությունը՝

Պատերազմի, ցույցերի, բողոքի ակցիաների, բնական աղետների ժամանակ հարցվածներից շատերն իրենց լիովին ապահով եւ պաշտպանված չեն զգում: Ընդ որում նման իրավիճակների համար հարցվածների մեծ մասը նշում է, որ գործատուները իրազեկման, ուսուցման, պաշտպանիչ եւ կանխարգելիչ միջոցառումներ չեն իրականացնում:

Ըստ հարցման, ոլորտում հազվադեպ, սակայն լինում են անվտանգության թեմաներով դասընթացներ, որոնց մասնակցում են մեդիաաշխատողները: Պատերազմի ժամանակ գործատուներն իրենց աշխատողներին չեն ապահովել զրահաբաճկոններով եւ պաշտպանիչ միջոցներով. նման հարցերով ոլորտում հիմնականում զբաղվել են ՀԿ-ները եւ ՄՆԿ գրասենյակը՝ տրամադրելով զրահաբաճկոնների որոշակի քանակություն ԶԼՄ ներկայացուցիչներին: Հարցվածների մի մասի կարծիքով էլ մեդիաաշխատողի անվտանգությունն իր պատասխանատվության ներքո է ամբողջությամբ եւ առաջին հերթին իրենք պետք է ինքնակրթվելով կարողանան պաշտպանվել:

Մեդիաոլորտի աշխատակիցների վարձատրության վերաբերյալ՝

Հարցմանը մասնակցած մեդիաաշխատողների 52%-ի աշխատավարձը չի գերազանցում 200 հազար դրամը։

Համավարակի պատճառով մեդիաաշխատողների մի մասի մոտ աշխատավարձի կրճատման եւ աշխատանքից ազատման դեպքեր են եղել: Բացի այդ ԶԼՄ-ների ֆինանսական անկայունության պայմաններում շատ մեդիաաշխատողներ առնչվել են աշխատավարձերի բազմակի ուշացման եւ չվճարման դեպքերի:

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031