Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան․ «Չկա որեւէ փաստական տվյալ, որ Սաշիկ Սուլթանյանը ատում է հայերին կամ թշնամանքով է լցված, նա քննադատում է ՀՀ կառավարությանը»

Ապրիլ 12,2022 19:50

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կ․ Ֆարխոյանի նախագահությամբ այսօր «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատաքննությունն էր։

Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը)։ Մեղադրանքի հիմքում Սուլթանյանի՝ 2020-ի մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող yezidinews.com կայքին տված հարցազրույցն է, որով, ըստ մեղադրող կողմի, իրավապաշտպանը հայերի եւ եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ եւ հայտարարություններ է կատարել: Ըստ մեղադրող կողմի, Սուլթանյանը տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Հայաստանի տարածքում եզդիների իրավունքները պաշտպանված չեն, հայերը ծաղրում են եզդիներին եւ խտրական վերաբերմունք դրսեւորում, եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, հայերը խլում են եզդիների ունեցվածքը, բիզնեսները, հողերը։ Սուլթանյանը պնդում է լրագրողը հրապարակել է իրենց անձնական զրույցն՝ առանց իր իմացության։ Այդ հարցազրույցը Սուլթանյանի պահանջով հեռացվել է հենց նույն օրը, սակայն ըստ իրավապաշտպանի, տեքստը պահպանել ու թարգմանել են հայերեն՝ շատ փաստեր խեղաթյուրելով։ Նշենք, որ Սուլթանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։

Այսօրվա դատական նիստում դատախազը ներկայացրեց խուզարկության ընթացքում հայտնաբերված գրառումներ, մասնավորապես Սուլթանյանի բնակարանում հայտնաբերվել են թղթեր, որտեղ շրջանակի մեջ գրված է եղել խտրականություն բառը, որի տակ էլ հավելյալ նշումներ են եղել ՝«հայ տղան հայ ընկերոջն ասում է՝ եզդու հետ մի շփվիր, «դասատուն եզդի երեխային ասում է՝ եզդի ես, քո վրից գոմի հոտ ա գալիս»։

Դատախազը խուզարկությամբ հայտնաբերված մեկ այլ փաստաթուղթ էլ ներկայացրեց, որտեղ եզդիներն ասում են՝ ունեն նույն սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք ունեն նաեւ հայերը։ Մուրազ Շամոյանի բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել են ձեռագիր գրառումներ, որում նշվում է՝ «Ֆերիկ համայնքի հողամասերի եւ արոտավայրերի ապօրինի օտարման վերաբերյալ, որոնք 2004 թվականին օտարվել են Մանվել Գրիգորյանի ազգականի օգտին, հետո վերավաճառվել սիրիահայի։ Երկուհազարակաների սկզբին Զովունիում բնակվող 350 եզդի ընտանիքներից ոչ մեկը սեփականաշնորհման ժամանակ հանդերի հող չեն ստացել, ունեցել են տնամերձ, բայց ոռոգման ջուր չեն ունեցել, արտովայրերը կասկածելի վարձակալության մրցույթներով տրվել են առանձին մարդկանց։ Յուրիայի մասին է նշվում, եզդիների պահանջին նա ասել է՝ Հայաստանը միայն հայերինն է։ ՍերԺ Սարգսյան եղբայրը պարտադրանքով ցածր գնով եզդիներից ոչխար է գնել, Իրանում բարձր գնով վաճառել, որն տնտեսական գործունեության խոչընդոտ է, հայ ու եզդի ընկերներ միասին հողատարածք են ձեռք բերել մշակելու համար, հետո հայ ընկերը խաբեությամբ դարձել է հողատարածքի սեփականատեր։ Եզդիները երբեմն վախենում են բարձրաձայնել խնդիրների մասին»։

Սուլթանյանի պաշտպան Արա Ղազարյանն ասաց՝ հրապարկված փաստաթուղթը ոչինչ չի պարունակում այն մասին, որ դա հրապարակային ձեւով ազգային խտրականություն կամ ազգային թշնամանք հարուցելուն ուղղված խոսքեր են, դա իրավապաշտպանի վերլուծություն էր։

Դատախազի ներկայացմամբ՝ բերած փաստաթղթերում առկա են ձեւակերպումներ, որոնք վկայում են ՀՀ եւ հայ ժողովրդի վերաբերյալ բացասական կերպար ստեղծելուն, հատկապես ազգային փոքրամասնություն լինելու հանգամանքով․«Նշված փաստաթղթում փաստական տվյալներ են, ըստ որի, նշվում է՝ հետխորհրդային Հայաստանում ՀՀ քաղաքացու եւ ազգային փոքրամասնություններինը սոցիալ-տնտեսական, քաղաքական ու մնացած խնդիրները նույնն են, այսինքն, նշված փաստաթղթով հերքվում է ՀՀ-ի կողմից պաշտոնապես կամ հայերի կողմից տարբերակված խտրականության դրսեւորումը»։

Դատախազը ներկայացրեց 2019-ին սեպտեմբերի 24-ին Վարշավայում տեղի ունեցած համագումարում հնչած Սուլթանյանի ելույթը, որում նա ասել է․« ․․․կառավարությունը ստեղծում է առասպել այն մասին, որ ՀՀ-ն ազգային փոքրամասնությունների ապրելու համար լավագույն վայրն է, այդ քարոզչության արդյունքում կրթական ծրագրերին մասնակցելու ազգային փոքրամասնությունների իրավունքների բացակայության պատճառով նրանք կորցրել են իրենց իրավունքները պաշտպանելու իրենց մոտիվացիան, որի արդյունքում եզդիները սկսել են կորցնել իրենց ինքնությունը, իսկ նրանց շրջանում սկսվել է միաձուլման գործընթացը։ Կառավարությունը չի փորձում ազատականացնել ազգային փոքրամասնություններին եւ պայքարել սարսափելի ավանդույթների դեմ, ինչպիսին է դեռատի աղջիկների ամուսնությունը, իրավապահները չեն բացում կամ դատարան չեն ներկայացնում քրեական գործեր վաղ ամուսնությունների դեպքերով, եզդի աղջիկները չեն ստանում հիմնական կրթություն, չեն ավարտում դպրոցը։ Կառավարությունը չի փորձում մի բան անել, որ վերջիններս ստանան կրթություն, պատճառաբանելով՝ դա եզդիական ավանդույթ է, կառավարությունը ոչինչ չի կարող անել․․․»։

Պաշտպանական կողմն այս փաստի վերաբերյալ էլ ասաց՝ որեւէ խոսք հայերի նկատմամբ, որը հիմք հանդիսանա մեղադրանքի հիմքի համար, բացակայում է, բոլորը դիտարկումներ են, գնահատական է եղել բացառապես ՀՀ իշխանության գործելաոճին ուղղված, ոչ թե՝ էթնիկ հայերին։

Այնուհետեւ դատախազը ներկայացրեց Նարեկ Մալյանի եւ Բորիս Մուրազիի ասուլիսից հատվածներ։ Սրանց մասին էլ պաշտպանական կողմն ասաց՝ ներկայացվածը փաստեր չեն, այլ ասեկոսե։

«Այս քրեական հետապնդումն ուղղորդված է, այնպիսի ապացույցներ են կցված, որոնք ինչ-որ կերպ կփորձեն կապ ունենալ մեղադրանքի հետ, բայց կապ էլ չունեն։ Քրեական գործում կային միջազգային կազմակերպությունների կարծիքներ, որոնք չընթերցվեցին, բայց Մալյանի եւ Մուրազիի ասուլիսները հրապարակվեցին, երեւի դրանք ավելի կարեւոր էին»,-ասաց Սուլթանյանը։

Փաստաբան Արա Ղազարյանն էլ նշեց՝ մինչեւ միջազգային սկզբունքների հիման վրա չհիմնավորվի, որ Սաշիկ Սուլթանյանը ունի կանխակալ բացասական, անբացատրելի, իռացիոնալ ատելություն հայերի նկատմամբ, չի կարելի նրան մեղադրել ազգային թշնամանք հարուցելու մեջ․ «Մինչեւ այժմ հրապարակված ապացույցներով որեւէ փաստական տվյալ չկա, որ Սաշիկ Սուլթանյանը ատում է հայերին կամ թշնամանքով է լցված հայերի նկատմամբ։ Բայց նա քննադատում է ՀՀ կառավարությանը, որովհետեւ գտնում է, որ կառավարությունը չի կատարում իր պարտավորություններն ազգային փոքրամասնությունների նկատմամբ»։

Ապա` դատարանն անցավ լազերային սկավառակների պարունակության հետազոտությանը, որի առնչությամբ էլ Արա Ղազարյանն ասաց․«Այդ տեսանյութերում մարդիկ խոսում են կենցաղային խնդիրների մասին, ոչ ոք չխոսեց եզդիական կայքին տված հարցազրույցի մասին։ Իսկ եթե դրանք որպես ապացույց են ներկայացնում այն պատճառով, որ ցույց տան, թե իրենց վիճակը այնքան էլ վատ չէ, իսկ Սաշիկ Սուլթանյանն ասում է՝ վատ է, ապա զուտ այն հանգամանքը, որ իմ պաշտպանյալն այլ կարծիք ունի եւ դա քննադատական է, դա թշնամանք հարուցող խոսք չէ։ Այ, եթե այս մարդիկ ասեին՝ հարցազրույցից հետո կամ դրա պատճառով տեղի են ունեցել ազգամիջյան բախումներ, հայերի եւ եզդիների միջեւ ծեծ է եղել, կոնֆլիկտ է առաջացել, ես արդեն կարող էի ասել պատճառահետեւանքային կապ կա եւ թշնամանք հարուցող հարցազրույց է եղել։ Ներկայացվածը ապացուցողական նշանակություն չունեն»։

Այսքանով այսօրվա դատական նիստն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստի օր նշանակվեց ապրիլի 19-ը, ժամը 10:00-ին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930