Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դատախազը չառարկեց, որպեսզի Սաշիկ Սուլթանյանին թույլատրվի մեկնել ՀՀ-ից

Հունվար 26,2022 16:41

Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստում այսօր Սաշիկ Սուլթանյանի պաշտպաններից Սամսոն Գալստյանը դատարանին տեղեկացրեց, որ փետրվարի 5-15-ը Սաշիկ Սուլթանյանը պատրաստվում է այցելել Բրյուսել, Փարիզ եւ Ստրասբուրգ՝ ԵԽ ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնությունների խնդիրների առնչությամբ ՀՀ տեսակետները ներկայացնելու եւ փորձի փոխանակման համար։ Հաշվի առնելով նրա հրավերը եւ իրավապաշտպան գործունեությունը՝ պաշտպանը խնդրեց թույլատրել մեկնումը։

Մեղադրող դատախազ Արտակ Կարապետյանը չառարկեց, որպեսզի մեղադրյալին թույլատրվի մեկնել, առավել եւս, որ սահմանի հատման արգելք չկա, սակայն դատարանին առաջարկեց նրա վերադարձից հետո չթույլատրել սահմանը հատել ու նման միջնորդությունները քննարկել կոնկրետ դեպքերի համար, քանի որ նրա հանդեպ ամեն դեպքում առկա է խափանման միջոց՝ «ստորագրություն երկրից չհեռանալու մասին», ու թեեւ Սուլթանյանը նախկինում պատշաճ վարքագիծ է դրսեւորել, սահմանը չհատելու փաստն ապահովում է այդ խափանման միջոցի կատարումը։

Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հ/կ ղեկավար, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ Սուլթանյանն իրեն մեղավոր չի ճանաչում։

Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց Սուլթանյանի պաշտպանների միջնորդությունը բավարարել եւ նրան թույլատրվել վերոնշյալ ժամկետում բացակայել ՀՀ-ից։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31