Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրի մտանք, հնչեց՝ կրակում ենք, իսկը ամերիկյան կինո, ոնց որ շերիֆի թոզ նստած լիներ նրանց վրա»․ ասուլիս՝ «Արժանապատվության կանգառում»

Հունիս 16,2022 22:30

Այսօր գյումրեցի ընդդիմադիր գործիչները մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրու Երևանյան խճուղու այն կանգառում, որտեղ ընդդիմության կազմակերպած հանրահավաքի օրը միջադեպ էր տեղի ունեցել տարեց տղամարդկանց ու ընդդիմադիր երիտասարդների մասնակցությամբ։ Գյումրեցի ընդդիմադիր իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, Համլետ Սարուխանյանը և Արթուր Գևորգյանը մամուլի ասուլիս էին հրավիրել հենց այդ կանգառում՝ այն անվանելով «Արժանապատվության կանգառ»։

Քանդակագործ Արթուր Գևորգյանը նախ մեկնաբանեց, թե ինչու են որոշել այն անվանել «Արժանապատվության կանգառ»։

«Սա Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկն է, որն արդեն երկրորդ անգամ դառնում է անօրինականությունների և բռնաճնշումների, սադրանքների տեղ։ Սա, ինչպես գիտեք, հայտնի կանգառն է ,որտեղ տեղի է ունեցել տարեցների հետ կապված քաշկռտուք։ Տարեցները հրաժարվել են բողոք ներկայացնել, ասում են, որ չենք ճանաչում․․ Այսինքն՝ ընդդիմության հետ կապված տարբեր տեսակի սադրանքներ այստեղ տեղի են ունենում, որոնցից մեկն էլ նախորդ օրը գիշերն է տեղի ունեցել։

«Ես համաձայն չեմ» շարժումը իր համակարգող խորհրդով որոշել է, որ այս կանգառը այլևս դառնալու է արժանապատվության կանգառ։ Գյումրին ու Շիրակի մարզն այն տարածքները չեն, որտեղ կարող էին լինել նման ոչ արժանապատիվ զարգացումներ։

Շիրակի մարզն այն մարզը չէր, որտեղ գերի չունեցող անձնավորությունն ու առհասարակ պատերազմին չմասնակցած զավակ ունեցող ծնողը կկանգներ, կասեր՝ ես գերու ծնող եմ և այլն, և այլն։ Այս տարածքին ուզում ենք վերադարձնել նախկին արժանապատվությունը»,-ասաց Արթուր Գևորգյանը։

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն է, որը ահազանգում էր, որ հենց այս կանգառի մոտակայքում է նախորդ գիշեր՝ Երևանի հանրահավաքից վերադառնալիս՝ պարեկային ծառայության աշխատակիցը հանել զենքը ու սպառնացել կրակ բաց թողնել, ասաց, որ գյումրեցուն չեն սազում սադրանքները, մարդկանց գլխին գործ սարքելը, այդ պատճառով որոշեցին այն դարձնել արժանապատվության վայր։

Ընդդիմադիրները քննադատեցին պարեկային ծառայության աշխատակիցների աշխատաոճը, բավարար գիտելիքներ չունենալը։ Նրանք հորդորեցին ՀՀ ոստիկանապետին զենք չտալ այն մարդկանց ձեռքը, որոնք չգիտեն՝ որտեղ դա օգտագործել։

«Այսօր ստեղծվել է մեկ ծառայություն, որտեղ ընդգրկվել են մարդիկ ընդամենը մեկ հատկանիշի համար։ Ո՞րն է այդ հատկանիշը․ մարդիկ, որոնք կուրորեն, առանց հասկանալու, առանց մտածելու պատրաստ են որոշակի գործողություններ կատարել, առավել ևս ընդդիմադիրների նկատմամբ։ Ընդգրկվել են մարդիկ, որոնք պատրաստ են իրենց վերադասի վրա ուղղակի բողոք գրել, որովհետև վերադասի աչքերի գույնն ասենք իրենց դուր չի գալիս։

Կրթություն չունեցող, չկրթված, պատրաստվածություն չանցած անձի ձեռքը զենք տալը հասարակության համար մեծ վտանգ է ներկայացնում։

Առավել ևս, երբ Գյումրիում դեպք ունեցանք ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ պարեկները փորձել էին հատուկ միջոց՝ այսպես ասեմ մրմռացնող գազ օգտագործել վարորդի նկատմամբ, սակայն պարեկներից մեկը այն ցփնել էր գործընկերոջ աչքերին, որի համար շտապօգնություն կանչեցին, տարան հիվանդանոց։

Նույն հաջողությամբ վաղը մյուս օր այդ նույն զենքով կսպանի իր գործընկերոջը կամ որ ավելի վատ է՝ քաղաքացու»,-ասաց Կարապետ Պողոսյանը։

Համլետ Սարուխանյանն էլ, որը նախորդ օրը Երևանի հանրահավաքից վերադարձել էր Կարապետ Պողոսյանի ավտոմեքենայով ու ականատես եղել, թե ինչպես է պարեկը սպառնացել կրակել, քննադատեց պարեկային ծառայության աշխատակիցներին օրենքով չթույլատրված գործողություններ, նաև խուզարկություններ անցկացնելու համար։

Ըստ նրա, յուրաքանչյուր քաղաքացու համար մեծ պատիվ պիտի լինի իր կողքին կանգնած, օրենքի կետն ապահովող ոստիկանական ծառույություն ունենալը, սակայն ոստիկանը պիտի հասկանա, երբ պիտի կիրառի զենքը, ոչ թե սպառնա՝ հիմի կկրակեմ։ Եվ սա այն դեպքում, ըստ Համլետ Սարուխանյանի, երբ պարեկը վարորդին կանգնեցրել է, մի բան էլ ասում է, թե պլանշետը չի աշխատում, ինչքան պետք է, պիտի սպասես։

«Ես սրտի երեք ստենդ ունեմ արած, ասենք քո պլանշետը չի գործում մինչև առավոտ, մենք այդ վիճակում, կանայք կան նաև մեքենայի մեջ, պարտավո՞ր ենք մնալ, սպասել։ Խնդրեմ, համարը ֆիքսած է , նկարը կա, մենք պատրաստ ենք տուգանվելու, պիտի տուգանեք, տուգանեք, ի՞նչ է նշանակում կկրակեմ։

Քաղաք էինք մտնում, հնչում է՝ մենք կրակում ենք , կանգնեք, ոնց որ ամերիկյան կինո լիներ, շերիֆի թոզ նստած լիներ նրանց վրա, ինչի՞ համար»,-ասաց Համլետ Սարուխանյանը։

Նա նաև ասաց, որ հորդորել է ոստիկանապետերին իրենց ենթակաների հետ միասին անփորձ աշխատակիցներին հետ բացատրական աշխատանքներ տանել։

«Միգուցե նրանք մեղավոր չեն, մեղավոր է նրանց համազգեստ հագցնողը, որը ոչ մի բանի չի տիրապետում։ Հարց եմ տալիս՝ դուք կարո՞ղ եք ծննդօգնություն ընդունել, ասում են՝ ոչ, դուք կարո՞ղ եք սրտի կանգ վերականգնել, ասում են ՝ոչ, դուք կարո՞ղ եք հիվանդին առաջին օգնություն ցույց տալ, ասում են՝ ոչ, ապտեչկա ունեք, ասում են ՝այո, ի՞նչ դեղորայք կա մեջը, ասում են՝ չգիտենք։ Սա, գիտեք, մեր ազգի դժբախտությունն է։ Ասում եմ՝ դուք իմ անվտանգությունն եք ապահովո՞ւմ, ասում են՝այո, բա ինձ հարկավոր է տեղ հասնել, դեղ ընդունել, ինչո՞ւ եք ինձ խոչընդոտում»,-ասաց Համլետ Սարուխանյանը։

Կարապետ Պողոսյանն էլ ասաց, որ որպես ակցիա՝ այսօր խաղալիք ատրճանակներ են բաժանել պարեկային ծառայության աշխատակիցներին․ եթե նրանք զենք են օգտագործում, գոնե խաղալիք զենք օգտագործեն։

Այսօր ասուլիսից հետո այդ նույն խաղալիք ատրճանակի պատճառով միջադեպ տեղի ունեցավ ընդդիմադիրների ու ոստիկանության աշխատակիցների միջև։

Կարապետ Պողոսյանը խաղալիք զենք տվեց իր անչափահաս դստեր ձեռքը, մոտեցան ոստիկաններին ու երեխան այն նվիրեց ոստիկաններին։

Ոստիկանության Կումայրի բաժնի պետ Արամ Ղարիբյանը սիրով ընդունեց նվերը, սակայն սկսվեց թունդ լեզվակռիվ պարեկային ծառայության աշխատակիցների ու Կարապետ Պողոսյանի միջև։ Վիճաբանությունն ընդլայնվեց․ միացան մյուս ընդդիմադիրները, ոստիկանները․ սկսվեց լեզվակռիվ, որը թեժացավ, սակայն, բարեբախտաբար, չվերածվեց ծեծկռտուքի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930