Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավրորան վերապրել է ցեղասպանությունը, այդ մասին ֆիլմ նկարահանելու փորձառությունը, ապա ականատես եղել, թե ինչպես են երկուսն էլ անհետանում․ մեկը՝ ցեղասպանության ոճրագործների ժխտմամբ, մյուսը՝ ֆիլմի ֆիզիկական կորստով». «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մրցույթում

Հուլիս 15,2022 16:35

Զորյան ինստիտուտը ուրախ է տեղեկացնել, որ «Արշալույսի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմը ներկայացվել է «Ոսկե Ծիրան» 19-րդ ամենամյա միջազգային կինոփառատոնի մրցույթում եւ ցուցադրվել 2022 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 12:30-ին և 20:00-ին Երևանի Մոսկվա կինոթատրոնի կապույտ դահլիճում։

«Արշալույսի լուսաբացը» պատմական անիմացիոն վավերագրական ֆիլմ է Հայոց ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարտիկանյանի (Ավրորա Մարդիգանյանի) կյանքի մասին, ով ողջ աշխարհին պատմել է իր գոյատեւման խիզախ պատմությունը եւ հավաքելով միլիոնավոր դոլարներ որպես մարդասիրական օգնություն հատկացրել է Ցեղասպանությունը վերապրած իր հայրենակիցներին։ Զորյան ինստիտուտի նպատակն է այս անիմացիոն ֆիլմի միջոցով մեծ էկրանին կենդանացնել ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուից անհավատալի մի վերապրողի պատմություն, դրանով իսկ նպաստելով, որ երիտասարդ կանայք եւ աղջիկները հզորանան՝ իմանալով իրենց նախնիներին պատուհասած դժբախտությունների ու բռնությունների մասին։

Այս փաստավավերագրական ֆիլմը հնարավոր է դարձել կյանքի կոչել Eurimages-ի ֆինանսական համագործակցությամբ, ինչպես նաև «Արմենիան Գրուպ»-ի համասեփականատիրությամբ եւ ֆինանսական համագործակցությամբ, որի կազմում են Հայաստանի Զորյան ինստիտուտը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ Բարս Մեդիա մշակութային հիմնադրամը։ Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի՝ Հայոց Ցեղասպանության բանավոր պատմության նախագծի շրջանակներում 1984 թվականին Արշալույս Մարտիկանյանի հետ տեսաձայնագրությամբ իրականացրած հարցազրույցի հիման վրա, ինչպես նաեւ Զորյան ինստիտուտի գիտական աջակցության շնորհիվ։ Ֆիլմի ռեժիսորն է Իննա Սահակյանը։ Ֆիլմը նկարահանվել է Վարդան Հովհաննիսյանի կողմից ղեկավարվող Բարս Մեդիայի, Gebrueder Beetz Filmproduktion & Artbox Laisvalaikio Klubas-ի կողմից, Eurimages-ի, Հայաստանի Զորյան ինստիտուտի եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական համագործակցությամբ, եւ Lithuanian Film Center, ZDF/ARTE, Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ LRT աջակցությամբ։

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր նախագահ Ատոմ Էգոյանը հետեւյալն է ասել Արշալույս Մարտիկանյանի մասին,- «Ավրորային եզակի վերապրող է դարձնում այն հանգամանքը, որ նա ոչ միայն ականատես է եղել իր ընտանիքի եւ համայնքի ոչնչացմանը, այլեւ ոգեշնչել է, որ ստեղծվի այս փորձության դրամատիկ վերապատումը․․․ Ավրորան վերապրել է Ցեղասպանությունը, վերապրել է այդ նույն Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու փորձառությունը, եւ ապա ականատես է եղել, թե ինչպես են այդ երկուսն էլ անհետանում մեկը՝ Ցեղասպանության ոճրագործների ժխտմամբ, մյուսը՝ ֆիլմի ֆիզիկական կորստով»։

Հատկանշական է, որ շուրջ 40 տարի առաջ Զորյան ինստիտուտը ներդրում կատարեց, որպեսզի հարցազրույցներն իրականացվեն այն ժամանակվա համար գերժամանակակից համարվող տեխնոլոգիաներով՝ տեսաձայնագրող սարքավորումներով։

Տեսաձայնագրությունները վավերագրում էին ոչ միայն ձայնը, այլեւ վերապրողների պատկերները, արտահայտությունները եւ հույզերը:

Սա առաջին բանավոր պատմության նախագիծն էր, որ իրագործվեց եւ դրանով իսկ հսկայական ներդրում ունեցավ հայ ժողովրդին պատուհասած փորձությունների եւ պատմության անգնահատելի մասի պահպանման գործում: Անիմացիոն ֆիլմը թույլ է տալիս հանդիսատեսին պատկերացնել բոլոր այն տարրերը, որոնք մարդու երևակայությունը չի կարող պատկերացնել լոկ ձայնագրությունները դիտելով: Ցեղասպանության պատմությունը մեծ էկրանին ներկայացնելով՝ Ավրորայի զարմանալի պատմությունը հավերժ հասանելի կդառնա հանդիսատեսի համար:

Թեոդոր Պողոսյան

«Արշալույսի լուսաբացը» միակ ֆիլմը չէ, որը ստեղծվել է Զորյան ինստիտուտի բանավոր պատմության արխիվների հիման վրա։ 1988 թվականին Ամերիկայի հանրային հեռարձակման ծառայության հիթ դարձած «Հայկական ճանապարհորդություն» ֆիլմը, որը նկարահանել է մրցանակակիր վավերագրող եւ Զորյան ինստիտուտի նախկին նախագահ Թեոդոր Պողոսյանը, ներկայացնում է 70-ամյա Մարիամ Դեյվիսին, ով 10 տարեկանից հետո առաջին անգամ վերադառնում է Արևելյան Թուրքիա։  Մարիամ Դեյվիսը Հայոց ցեղասպանության առաջինը վերապրողն էր, ումից Զորյան ինստիտուտը հարցազրույց վերցրեց Հայոց ցեղասպանության բանավոր պատմության նախագծի շրջանակներում 1983 թվականին:

Խոսելով «Հայկական ճանապարհորդություն» ֆիլմի թողած ազդեցության մասին՝ պրոֆեսոր Պողոսյանն ասաց հետեւյալը,- «Ամերիկայի հանրային հեռարձակման ծառայության միլիոնավոր հեռուստադիտողներ դիտել են ֆիլմը 1988թ. ապրիլի 24-ի պրեմիերայի ընթացքում: «Հայկական ճանապարհորդությունը» կոտրեց թուրքական տաբուները… Առանց Զորյան ինստիտուտի բանավոր պատմության նախագծի ֆիլմը չէր ունենա այս նույն ճշմարտացիությունը եւ թերեւս երբեք էլ չէր հեռարձակվի»։

Ռուբեն Ադալյան

Զորյան ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ Դոկտոր Ռուբեն Ադալյանը, ով 1984 թվականին հարցազրույց է վերցրել Ավրորա Մարտիկանյանից վերջերս հարցազրույց տալով Զորյան ինստիտուտին նշել է հետեւյալը,- «Ավրորան ակնհայտորեն մեկն էր, ով արդեն գիտեր, թե ինչպես պատմի իր պատմությունը: Նա մեզ, եւ անձամբ ինձ, սովորեցրեց, որ որպես գիտնական բավական է միայն զինվել բոլոր տեսակի՝ այդ թվում նաեւ հետազոտող հարցերով, եւ փորձել որպես գիտական՝ փաստերը ներկայացնել, բայց որ վերապրողը այնպիսի եռանդով եւ անհատականությամբ, որն ուներ Ավրորան, կարող էր իր պատմությունը պատմել իր ձեւով, իսկ մեր պարտավորությունն ավելի շատ լսելն էր, քան հարցադրելը»:

Դոկտոր Ռուբեն Ադալյանը խոսում է այն անհավանական ժառանգության մասին, որն Ավրորան փոխանցում է ապագա սերունդներին, իսկ այժմ արդեն կիսում է նաեւ ողջ աշխարհի հետ,- «Կարծում եմ՝ Ավրորայի ոգին է, որ հայտնաբերվեց, երբ նա՝ այն երիտասարդ աղջիկը, ով վերապրեց Ցեղասպանության սարսափները, ով ուներ էներգիա, կարողություն, զգոնություն՝ կիսելու իր պատմությունն այնպես, որ այն ժամանակ հանրությունը կարողանար հասկանալ, եւ հիմա թողնել մեզ այս հրաշալի ժառանգությունը, որպեսզի ապագա սերունդները կարողանան վերլուծել այն եւ գտնել ոգեշնչում նրա պատմության մեջ, որը նախկին սերունդները գուցեեւ չեն նկատել: Սա Ավրորայի ժառանգությունն է: Սրանումն է այս հարցազրույցի արժեքը։ Սա է այն աննախադեպ եւ կարեւոր ներդրումը, որ Զորյան ինստիտուտը կատարել է, երբ ես նստեցի այս վերապրողի հետ, ինչպես շատ այլ վերապրողների հետ, բայց այս մեկ դեպքում, մի մարդու հետ, ում անունը նշանակում էր հենց այդ լուսաբացը, որը լույս է սփռում այն փաստի վրա, թե որքան կարեւոր էր խոսել վերապրածների հետ եւ փրկել նրանց պատմությունները»:

Զորյան ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031