Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար երազանք է եղել նման ցուցասրահում մեր ուսանողների աշխատանքները ներկայացնելը»

Մայիս 01,2024 21:35

Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյան ցուցասրահը օրերս զարդարված էր Երևանի Զարդարվեստի ուսումնարանի սաների ձեռքի աշխատանքներով:

Ուսումնարանում հիմնականում դասավանդում են արվեստի ճյուղեր՝ մանրանկարչություն փայտի, մետաղի փորագրություն, գոբելենագործություն, ոսկերչություն,արծաթագործություն, խեցեգործություն, գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն: Փոխտնօրեն Ա. Հունանյանի խոսքով, սրահում ներկայացված նմուշները 15-ից 17 տարեկան երեխաների ձեռքի աշխատանքներն են: Բացի մասնագիտական կրթությունից, ուսումնարանում ստանում են նաև հանրակրթական՝ միջնակարգ կրթություն:

Տնօրեն Լուսինե Բարսեղյանն անկեղծանում է. «Մեզ համար երազանք է եղել երբևէ հասնել այն կետին, որ կարողանանք նման ցուցասրահում ներկայացնել ուսանողների աշխատանքները. այսօր այդ օրն է»: Նա հպարտությամբ է նշում, որ այսօր հանճարեղ սերունդ ունենք և հուզմունքով շնորհակալություն հայտնում նաև ուսումնարանն ավարտած 17 տղաների ընտանիքներին, ովքեր անմահացան 44 օրյա պատերազմում և հատուկ ընդգծում, որ նաև նրանց անձնազոհության շնորհիվ է, որ այսօր իրականություն է դարձել այս ցուցահանդեսը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սամվել Ադամյանը ներկայացված աշխատանքներում հայրենանվեր ու պետականամետ դաստիարակության շունչ է նկատում. «Աշխարհում կա մի ընդհանուր լեզու՝ մշակույթը և տիրապետելով դրան կարող ես ճանաչվել ամբողջ աշխարհում, դրանցից մեկն էլ գեղարվեստն է: Ոչ մի լեզու պետք չէ իմանալ՝ հասկանալու տվյալ ազգի մշակույթը, իսկ այս ցուցահանդեսը տեսնելով կարելի է շատ բան իմանալ մեր երկրի անցյալի, ներկայի ու գալիքի մասին»:

Անմիջապես ցուցասրահում ստեղծագործում և աշխատում էին ուսումնարանի բարձր կուրսի ուսանողները: Մանրանկարչության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Նանե Պատվականյանն, օրինակ, սկսել էր դիպլոմային աշխատանքը: Թեման Աստվածաշնչյան դրվագներից էր, մասնավորապես Հիսուսի կյանքը, մկրտությունը, բանտումը, խաչելությունը և համբարձումը: Նանեի խոսքով, թեմայի ընտրությունը պատահական չէ.

«Կարծում եմ հիմա մենք այն վիճակում ենք, որ հավատը մեզ համար՝ որպես քրիստոնյա ազգ, իսկապես շատ կարևոր է»:

Ցուցասրահի մեկ այլ հատվածում փայտի, փորագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Ռոբիկ Սարգսյանն անշունչ փայտից գյուղական պատկերներ էր ստեղծում՝ ներկայացնելով տեսարան նաև Հ. Թումանյանի «Անուշ» պոեմից: Ռոբիկն ասաց, որ հայոց բանակում պարտքը կատարելուց հետո, մտադիր է ուսումը շարունակել Գեղարվեստի ակադեմիայում:

Ուսումնարանի վարպետներից Հրայր Մովսիսյանն իր խոսքում ընդգծեց, որ ներկայացված բոլոր աշխատանքներն արվել են դասի ընթացքում:

Ցուցահանդեսի համար հատուկ Հայաստան ժամանած «Ուրարտու» հայ-չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը հիանալով աշխատանքներով՝ հիշեցրեց, որ դեռևս 16-րդ դարում Չեխիայի արքա Կարլ 4-րդը Հայաստանից հրավիրել էր 380 մասնագետի, որոնց մեջ կային ոսկերիչներ, փայտագործներ, և նշեց, որ այսօր Չեխիայի Հանրապետության շատ հին կառույցներում ներկայացված է հայկական գեղեցիկ մշակույթը. «Ես վստահ եմ, որ այս երիտասարդների գործերը վաղը նույնպես տարածվելու են ամբողջ աշխարհում՝ բարձր պահելով մեր ժողովրդի պատիվը»:

Երաժիշտ Արա Գևորգյանն էլ հպարտությամբ նշեց, որ ինքը ևս այս ուսումնարանի շրջանավարտ է: Սովորել է դրվագման բաժնում: Այսօր ներկա գտնվելով ցուցահանդեսին, ուրախ է, որ ստեղծված ավանդույթները շարունակվում են բարձր մակարդակով՝ շնորհիվ ուսումնարանի վարպետների և տնօրինության ջանքերի:

 

Փիրուզա ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031