Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պապիրյանի «Հոլիվուդի կաղնին»` Եղեռնից փրկված հայերի մասին

Հուլիս 30,2022 13:00

Լույս է տեսել Գեւորգ Պապիրյանի «Հոլիվուդի կաղնին» վերնագրով գիրքը, որտեղ զետեղված են «Մի անգամ Սալոնիկում» եւ «Հոթել Բարոն» պատմվածքները: Դրանք Եղեռնից փրկված ու տարբեր երկրներում` Հունաստանում եւ Սիրիայում ապաստանած հայերի մասին են։ Ինչպես նշյալ պատմվածքները, այնպես էլ «Շոգենավը Մարսելից» եւ «Սերն Անտվերպենում» ստեղծագործությունները Պապիրյանը գրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին՝ նպատակ ունենալով միջազգային հանրությանը, ընթերցողներին ծանոթացնել մեր պատմության սեւ էջի հետ:

Ի դեպ, այս գրքում զետեղված պատմվածքների անգլերեն էլեկտրոնային տարբերակները 2014 թ.-ից բարեհաջող վաճառվել են Amazon Kindle-ում։

«Լոս Անջելեսում՝ Հոլիվուդյան բլուրներից մեկի վրա, Գրիֆիթի աստղադիտարանն է: Բլրի հարեւանությամբ՝ լեռան լանջին, աշխարհահռչակ Հոլիվուդյան նշանն է տեղ գտել: Քաղաքի ամենահայտնի շրջանից՝ Հոլիվուդից նշածս երկու վայրը կարելի է հասնել ոտքով կամ մեքենայով: Ասֆալտապատ ճանապարհը սկսվում է Գրիֆիթի անունը կրող այգու կայանատեղից: Քայլելը շատ հարմար ու հաճելի է, իսկ առավոտյան գրեթե մեքենաներ չեն լինում:

Այս ճանապարհով շուրջ տասնհինգ րոպե քայլելուց, մեկ մեծ ու մեկ փոքր շրջադարձ անելուց հետո աչքիդ առաջ բացվում է քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Տեսարանը հոյակապ է հատկապես ձմռանը, երբ Լոս Անջելեսի օդը մաքուր ու ջինջ է: Բարձունքից հստակ տեսնում ես ամբողջ քաղաքը, մոտակա լեռները, նույնիսկ օվկիանոսը: Մի կաղնի է վեր խոյանում բարձունքին: Ծառը մեծ չէ, բայց ճյուղառատ է: Կալիֆոռնիայում, ինչպես եւ Միջերկրական ծովի շրջանում կաղնին մշտադալար ծառ է: Հոլիվուդյան այս բարձունքից սկիզբ է առնում դեպի առանձնատներ տանող արահետը: Բարձունքն ու հատկապես կաղնին առաջին իսկ օրից գրավեցին ուշադրությունս: Պատճառներից մեկը ծառը տնկելու տարեթիվն էր: Կաղնու տակ՝ բետոնե փոքրիկ հիմքին ամրացված թիթեղի վրա կարդում ենք. «Մեկ մղոնի վրա այս ծառը տնկել է Լոս Անջելեսի քաղաքային ակումբը: 12 հունիսի, 1915 թ.»: Այս տարեթիվը շատ կարեւոր է յուրաքանչյուր հայի համար:

Հենց այդ ժամանակ է տեղի ունեցել իմ ազգի մեծագույն ողբերգությունը. Օսմանյան կայսրության ղեկավարությունը իրագործել է երկրի ազգային փոքրամասնություններից մեկի՝ հայերի կոտորածն ու տեղահանությունը պատմական հայրենիքից, որտեղ հայերն ապրում էին դարեր շարունակ: Տեղահանվածների մի մասին քշել են Սիրիայի Դեյր-Էլ-Զորի անապատ, ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել թուրքերի ցեղասպան ոճրագործության արդյունքում: Իմ հարազատներից շատերն են ցեղասպանության զոհ դարձել: Մի մասն էլ փրկվել, բայց ստիպված է եղել լքել իր ծննդավայրն ու մեկնել օտար երկրներ: Իսկ հոլիվուդյան դարավոր կաղնին 1915 թվականից ի վեր աճել ու տարածել է իր փարթամ ճյուղերը: Կոտորածի սարսափներից փրկված հայերն էլ ցեղասպանությունից հետո այս ծառի նման տարածվել, սփռվել են ամբողջ աշխարհում: Հենց առաջին օրը, երբ հոլիվուդյան բարձունքին տեսա գանգրահեր, մշտադալար կաղնին, որոշեցի գրել Առաջին աշխարհամարտի ու մարդկության պատմության այս մութ, դաժան, լիովին չբացահայտված էջի մասին: Վճռեցի ոչ թե անմիջականորեն նկարագրել սարսափելի կոտորածը, այլ պատմել, թե ինչ է պատահել ցեղասպանությունը վերապրածներին ու նրանց սերունդներին:

Իմ հարազատների, նրանց մտերիմների ու ընկերների՝ հիշողությանս մեջ անմոռանալիորեն դաջված պատմությունները որոշեցի վերապատմել աշխարհին: Նմանօրինակ պատմություններից երկուսը՝ «Մի անգամ Սալոնիկում» եւ «Հոթել Բարոն», ներկայացրել եմ այս գրքում»,-գրել է հեղինակը:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
29.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031