Լրահոս
Օրվա լրահոսը

Դոգմատները եւ փնտրտուքը

Օգոստոս 29,2022 10:00

Ավետարանը ես սիրում եմ, այնտեղ ներկայացված Աստծո խոսքն ինձ համար հասկանալի է եւ սրտամոտ: Նույնը չեմ կարող ասել Հին կտակարանի մասին: Տեսնենք, օրինակ, թե ինչպես է այնտեղ Աստված սովորեցնում Մովսեսին, թե ինչ ձեւով է պետք զոհեր մատուցել: «Իսկ եթե կարողություն չունի ոչխար զոհ մատուցելու, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ թող մատուցի. մեկը՝ մեղքերի թողության համար, մյուսը՝ որպես ողջակեզ: Նա դրանք թող բերի քահանայի մոտ: Քահանան թող… գլուխը պոկի, բայց մարմնից չանջատի: Արյունը շաղ տա զոհասեղանի պատի վրա մի մասը, մյուսը թափի հատակին: Երկրորդ թռչունը թող ողջակեզ անի» (Ղեւտական 5:7-10): Ես չեմ հավատում, որ այդ վայրագությունների միջոցով հնարավոր է ինքնամաքրվել, ավելի լավը դառնալ, ավելի մոտ դառնալ Աստծուն: Եվ երկրորդ՝ մեղքը ես եմ գործել, ուրեմն՝ ե՛ս պիտի տուժեմ, ե՛ս պիտի պատասխան տամ: Ի՞նչ գործ ունեն խեղճ ոչխարներն ու թռչունները:

Շատ «հարմարավետ» է ուրիշ կենդանի էակին տանջելու միջոցով սեփական հոգու հարցերը լուծելը: Ինձ ընդհանրապես այս ծիսական ձեւականություններն անհեթեթ են թվում, որովհետեւ դրանք կատարելագործման չափից դուրս պարզ ճանապարհներ են առաջարկում: Մեծագույն հարգանք ունենալով հոգեւոր դասի հանդեպ (նախեւառաջ, իհարկե, մեր՝ Հայ առաքելական եկեղեցու)՝ ինձ թվում է, նրանց առաջարկած «դեղատոմսերի» նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի քննադատական, հնարավոր չէ ամեն ինչ անվերապահորեն ընդունել:

Կրոնը՝ դրա սպասավորների մի մասի տեսանկյունից, մարդկանց ինչ-որ բաներ հանձնարարելու եւ ինչ-որ բաներ արգելելու կանոնների հավաքածու է: Այս բաները մի՛ արեք, թե չէ կհայտնվեք գեհենի կրակների մեջ, իսկ այս բաներն արե՛ք (օրինակ, տանջամահ արեք կենդանիներին), որպեսզի հանդերձյալ կյանքում ինչ-որ «փոխհատուցում» ստանաք: Սակայն նրանք, ովքեր հոգեւոր փնտրտուքի մեջ են, որպես կանոն, դուրս են գալիս այդ մեխանիկական, կասեի անգամ՝ բյուրոկրատացված կանոններից: Մեր մեծագույն բանաստեղծ եւ փիլիսոփա Գրիգոր Նարեկացին կամ կաթոլիկներից Ֆրանցիսկոս Ասիզցին ոչ այնքան պատասխաններ են տալիս հավատացյալներին, որքան հարցեր հնչեցնում եւ չեն հավակնում պատրաստի դեղատոմսերի: «Փնտրողներից» ոմանք, Տոլստոյի նման, հակադրվում են պաշտոնական կրոնին, ոմանք չեն հակադրվում՝ Նարեկացու կամ Ֆրանցիսկոսի պես եւ իրենց «կասկածները» ձեւակերպում են գեղարվեստական-փիլիսոփայական ձեւի մեջ: Ոմանք էլ, Մարտին Լյութերի նման, սկզբից հակադրվում են, բայց հետո ստեղծում են սեփական՝ ավելի «բյուրոկրատական» ուսմունքը: Բայց կան նաեւ բողոքականներ, օրինակ, Ալբերտ Շվայցերը, որը քննադատաբար էր վերաբերվում Աստվածաշնչի տեքստերին եւ հավատքի փաստարկ էր դարձրել ոչ թե գրված դոգմաները, այլ սեփական կյանքը:

Եթե անհրաժեշտ են կողմնորոշվելու որոշակի «մոդելներ», ապա դրանք պետք է տեսնել «փնտրողների» մեջ: Երբ մարդը ոչ թե կանոններ գծող վերակացու է, այլ «փնտրող», նա ընդունում է, որ իր գործելակերպը չի կարող «միակ ճիշտը» լինել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ջորդանո Գալիլյան says:

    “Ավետարանը ես սիրում եմ, այնտեղ ներկայացված Աստծո խոսքն ինձ համար հասկանալի է եւ սրտամոտ: Նույնը չեմ կարող ասել Հին կտակարանի մասին:”

    Մոտավորապես նույն բանը ասում էր 2-րդ դարի քրիստոնեական գործիչ Մարկիոնը, որի ուսմունքը մերժված է բոլոր քրիստոնեական եկեղեցիների, այդ թվում նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից: Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ի մի ամբողջ գլուխ նվիրված է հենց Մարկիոնի քննադատությանը. «Մարկիոն մոլորեալ մուծանէ օտարութիւն ընդդէմ Աստուծոյն օրինաց… Եւ եդեալ երիս առաջս, ուսուցանէ զբարւոյ եւ զարդարոյ եւ զչարէ։ Եւ զՆոր կտակարանս օտարոտի համարի ի Հնոյն. եւ յայնմանէ, որ ի նմայն խօսէր, զյարութիւն մարմնոյ արհամարհէ…»

    Ուզում եմ հիշեցնել, որ քրիստոնեական աստվածաբանության տեսանկյունից Հին եւ Նոր Կտակարանները անջատել միմյանցից հնարավոր չէ, դրանք մեկ անքակտելի միասնություն են կազմում: Ըստ Օգոստինոս Երանելու՝ Նոր Կտակարանը թաքնվում է Հնում, իսկ Հինը՝ բացվում Նորում…

  2. Ջորդանո Գալիլյան says:

    Կրոնը ամբողջովին մեռյալ դոգմաների մի խրթին հավաքածու է: Անհնար է մաքրել այն այդ դոգմաներից՝ առանց մահացու հարված հասցնելու նրան: Սին հույսեր են, թե իբր կարելի է կառուցել լիբերալ («մարդկային դեմքով») քրիստոնեություն, «կատարելագործել» այդ ի ծնե դեֆեկտավոր կառույցը: Ահա թե ինչու են ապարդյուն Լյութերի ու Տոլստոյի, Շվայցերի ու Բուլտմանի ճիգերը. մի քիչ դզել-փչելով իրեն «միակ ճիշտը» հռչակած ուսմունքը՝ բան դուրս չի գա: Այդ դոգմաները հենց ստեղծված են մարդկանց ստրկացնելու եւ շահագործելու նպատակով, այդ դոգմաների շնորհիվ է, որ տերտերներին հաջողվել է դարեր շարունակ բռնաբարել մարդկային բանականությունը, ցմահ բանտարկության դատապարտել ազատ խոսքն ու գիտելիքը: Կրոնական անհեթեթությունների ու դոգմաների մեջ ի՞նչ փնտրտուք, ի՞նչ հարցեր հնչեցնել: Փտած, նեխած ճահճում լոկ մահ ու գարշահոտություն կարելի գտնել…

  3. Լավատես says:

    Երբ մարդիկ շփվում են իրար հետ Նոր կտակարանի սկզբունքներով, նրանք իրենց թշներն իրար կարող են հարվածի տակ դնել’ դրանից ոչ մի վատ բան չի լինի, բայց եթե մեկը Նոր կտակարանի սկզբունքներով է շփվում, իսկ մյուսը’ Հին կտակարանի սկզբունքներով, այս դեպքում Նորի մեջ կա հղում Հին կտակարանի սկզբունքներին’ ով Նոր կտակարանի սկզբունքների դեմ կգա Հին կտակարանի սկզբունքներով, Հին կտակարանի սկզբունքներից էլ կընկնի: Այնպես որ, չի լինի մեկն ընդունես, իսկ մյուսը’ չէ, երկուսին էլ պետք է տիրապետել լավագույնս եւ կիրառես ամեն մեկն իր տեղում: Իսկ ամենալավը’ երբ դու քո ազգային կրոնն ունես եւ ոչ թե ուրիշինը հարմարացնում ես քո ազգային պահանջներին: Մեր Հռչակագիրը պետք է դրվի մեր ազգային կրոնի հիմքում եւ ընդարձակվի, ընդգրկելով ոչ միայն պետականության սկզբունքներ, այլեւ ազգի դաստիարակության, կրթության սկզբունքներ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031