Լրահոս
Օրվա լրահոսը

Թեքսար, կեղծ ու մոլորեցնող խոստումներ

Սեպտեմբեր 07,2022 21:44

Ավելի քան տասը տարի է, ինչ Գլաձորի բազմամետաղային (հիմնականում՝ ցինկ-կապարի) հանքավայրը շահագործելու անկոտրում ձգտում ունեցող «Վայք մետալ»-«Վայք ռեսուրս» ընկերությունը, այդ տարածաշրջանի բնակչությանը համառորեն փորձում է համոզել, որ իբր հանքավայրի շահագործումը շահեկան է տեղի բնակչության և Հայաստանի Հանրապետության համար, քանզի կստեղծվեն նոր աշխատատեղեր, կհարստանա պետությունը, կհզորանա բանակը, կբարելավվի հանքավայրին մոտ գտնվող բնակավայրերի սոցիալական վիճակը․․․ որևէ վտանգ չի սպառնում բուսական ու կենդանական աշխարհին։ Նաև ասվում է․ մի անհանգստացեք՝ հանքավայրի շահագործումը իրականացվելու է ոչ թե բաց, այլ թունելային եղանակով, այսինքն՝ սարը կմնա այնպես, ինչպես կա։

Փորձենք հակիրճ պատասխանել այդ խոստումներին։

1․ Ճիշտ է, կստեղծվեն նոր աշխատատեղեր, սակայն այդ ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմամբ կվերանան հազարամյակներ շարունակ գոյություն ունեցող և անհամեմատ ավելի մեծ թվով աշխատատեղերը՝ գյուղատնտեսության, անասնապահության, այգեգործության և այլ բնագավառներում։

2․ Հանքի շահագործումով պետությունը չի հարստանա, հարստանալու են միայն հանք շահագործողներն ու նրանց հովանավոր պաշտոնյաները, քանի որ Հայաստանի Հանրապետությունում գործում են պետության-ժողովրդի ունեցվածքը կողոպտելը արտոնող օրենքներ։ Ահա թե ինչու, պետական բյուջե է մտնելու աննշան քանակի գումար։

ա) Հանքի շահագործումից առաջանալիք մաքուր շահույթի միայն 2 տոկոսն է մտնելու պետական բյուջե, 98 տոկոսը բաժին է հասնելու հանքը շահագործողին, այն դեպքում, երբ հանքաքարը ժողովրդի սեփականությունն է և այդ 98 տոկոսը պետք է մտնի պետական բյուջե։  Սակայն պարզվեց՝ միշտ չէ որ նույնիսկ այդ երկու տոկոսը պետական գանձարան է մտնում։ Ազգային ժողովի վերջերս կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ՀՀ-ում շահագործվող  29 մետաղական հանքավայրերից և ոչ մեկը 2019-2020 թվականներին մաքուր շահույթ ցույց չի տվել։

բ) Հանք շահագործողը պետական բյուջե չի վճարում իր արտադրած թափոնները ՀՀ տարածքում տեղադրելու դիմաց։ Օրինակ, ըստ «Վայկ մետալի» 2016 թվին կազմած (ՇՄԱԳ) նախագծի՝ 106443 տոննա հանքաքար հանելիս առաջանալու է 5,2 մլն տոննա թափոն՝ դատարկ ապարներ, իսկ հանքաքարը վերամշակելիս` 91000 տոննա պոչանք։ Եթե հանքային այս թափոնները հարկվեին, ապա «Վայկ մետալը», ըստ մոտավոր հաշվարկի, պետական գանձարան պետք է մուծեր մոտ 30 մլրդ դրամ, սակայն հանքարդյունաբերությամբ զբաղվողներին օրենսդրորեն արտոնված է այդ հարկը չվճարել։

գ) Հանք շահագործողը պետական գանձարան չի մուծելու նաև իր կողմից խախտած և ոչնչացրած հողատարածքների, աղբակալած ու նվազեցրած ջրային պաշարների, կենդանական ու բուսական աշխարհին հասցրած վնասի փոխհատուցումը՝ հարկերը։ Լուրջ հաշվարկի դեպքում սրանք բազմապատիկ անգամ կգերազանցեն երկու թափոնների համար նշված գումարը․․․

Այսինքն, ըստ «Վայք մետալ»-«Վայք ռեսուրսի» քարոզչության, ժողովրդի-պետության սեփականություն հանդիսացող հանքանյութի սպառումը, հողատարածքը թունավոր թափոններով աղբակալումը և ոչնչացումը, ջրային պաշարները նույն թափոններով աղտոտելն ու ջրի քանակի նվազեցումը, ինչպես նաև հանքավայրի շահագործումից սպառնացող մյուս սպառնալիքները և հիմնական հարկերը չմուծելը իբր կհարստացնեն Հայաստանի Հանրապետությանը և կնպաստեն բանակի հզորացմանը, երբ այդ ամենը ակնհայտորեն կաղքատացնեն պետությանը, հետևաբար և՝ կթուլացնեն բանակը։

3․ Վստահորեն կարելի է ասել, որ հողատարածքի և ջրային պաշարների աղտոտման ու նվազման, ավանդական աշխատատեղերի կորստի պարագայում բնակչության սոցիալական վիճակը ոչ թե կբարելավվի, այլ տար-տարի առավել կվատթարանա։

4․ Հանքավայրը ստորգետնյա-թունելային եղանակով շահագործելիս՝ սկզբնական շրջանում, գուցե Թեքսարը հիմնականում չկորցնի իր տեսքը, սակայն նա արդեն կզրկվի ջրագոյացման և ջրաբաշխման  իր գլխավոր ֆունկցիան կատարելուց։ Այդտեղ հայտնաբերված են ավելի քան 135 երակային հանքային մարմիններ, առանձին դեպքերում՝ 2,5 կմ երկարությամբ, տասնյակ մետր լայնությամբ ու հարյուրավոր մետր խորությամբ։ Եկեք մտովի պատկերացնենք, թե Թեքսարի մարմնում ինչ զարհուրելի պատկեր, սարդոստայն հիշեցնող թունելային ցանց կստեղծվի, եթե բոլոր հանքային երակները թունելային եղանակով շահագործվեն կամ շահագործվեն դրանց կեսը, կամ նույնիսկ՝ մի քանիսը։ Պարզից էլ պարզ է, որ այդ սարը ի վերջո ձևափոխվելու է սողանքների ու փլուզումների հետևանքով։ Իսկ հանքային խոռոչներից ծանր մետաղներով հագեցած ջրերի՝ թթվային դրենաժի արտահոսքերը և ստորգետնյա ջրերում դրանց թափանցելը անխուսափելի է։  Նաև՝ այս հանքավայրը թունելային եղանակով շահագործելը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ բաց եղանակով կարդյունահանվի որոշ քանակի հանքաքար, ինչպես այդ մասին գրված է «Վայք մետալի» 2016 թվին կազմված նախագծում՝ լինելու են երեք բաց հանքեր․․․

5․ Հանքավայրի նախագծում (ՇՄԱԳ, 2016 թիվ) ներկայացրել են, որ հանքաքարում առկա է ցինկ, կապար, պղինձ, արծաթ, ոսկի, սակայն Խորհրդային միության օրոք կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդտեղ կա նաև կադմիում, սելեն, տելուր, բիսմուտ, գալիում, գերմանիում, ինդիում, թալիում, ծծումբ, երկաթ։ Այդ ուսումնասիրություններում ռադիոակտիվ էլեմենտների մասին խոսք չկա, գուցե այն պարզ պատճառով, որ այդ տարիներին դրանք խիստ գաղտնի էին պահվում, սակայն այդտեղ ուրանի առկայության մասին վկայում է 2010 թվին հրապարակված քարտեզը, որը մինչ այդ նույնպես խիստ գաղտնի էր պահվում։

Հայտնի է, որ ծանր մետաղների բարձր խտությունները ծայրաստիճան վտանգավոր են բույսերի ու կենդանիների համար: Դրանք նվազեցնում են հողի բերրիությունը և բույսերի վերարտա­դրողականությունը, մարդու մոտ առաջացնում են նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային, ոսկրային, թոքերի, լյարդի, շնչուղիների հիվանդություններ, քաղցկեղ, լուսավախություն, կմախքի փոփոխություն, հասակի փոքրացում, մկանային ցավ, ընդհանուր թուլություն, օրգանիզմի ջրազրկում, խոսքի խախտում, հոգեճնշվածություն, գիտակցության մթագնում, քնի խանգարում… ինչպես նաև՝ նյութափոխանակության խախտում, պաշտպանիչ ռեֆ­լեքսների մարում, ֆերմենտների ակ­տիվության նվազում, օրգանիզմի իմունային համակարգի թուլացում, ծնելիության ֆունկցիայի խախտում, վիժումներ, սաղմնաթունավորություն, հրեշածնություն, մեռելածնություն: Այս ամենը վերաբերում է ոչ միայն մարդուն, այլ նաև բոլոր տեսակի կենդանիներին:

Այս հանքավայրի շահագործման դեպքում այդ տարածաշրջանի բնակչությունը զրկվելու է խմելու և ոռոգման ջրերից, քանի որ Թեքսարից սկիզբ առնող ջրերի մի մասը կորչելու է, պայթեցումների հետևանքով առաջանալիք ճեղքերի հետևանքով, իսկ մնացածն էլ՝ թունավորվելու է ծանր մետաղներով և կյանքի համար վտանգավոր այլ նյութերով։ Նաև՝ երկարաժամկետ աղտոտվելու է տարածաշրջանի հողը, օդը․․․

Ամփոփելով նշեմ, որ հանքավայրի շահագործման դեպքում կատարվելու է այդ հանքավայրի շահագործման օգտին կատարվող քարոզչության ճիշտ հակառակը։ Այդ հանքավայրի շահագործումը անդառնալի կորուստներ է պատճառելու հողատարածքներին, ջրային համակարգին, բուսական ու կենդանական աշխարհին, մարդու առողջությանը և ապագային: Այդ հանքավայրի շահագործումը հակասում է Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ հայ ժողովրդի շահերին։

 

Հակոբ Սանասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930