Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն այժմ էլ շարունակում է օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները»․ Փոլ Գավան

Հոկտեմբեր 10,2022 23:30

«Ադրբեջանի կողմից հարձակումը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ԵԽԽՎ-ում հայտարարեց ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող
Փոլ Գավանը՝ ներկայացնելով զեկույց սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ կատարված ագրեսիայի մասին։

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացվեց  «Ռազմական գործողությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ հարվածներ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին» թեմայով ընթացիկ հարցերի շուրջ բանավեճ։

Բանավեճից հետո փաստաթուղթ կամ բանաձև չընդունվեց։ Այդպես էր նախատեսված։

Փոլ Գավանը ներկայացրեց, թե ինչ կորուստներ է կրել Հայաստանը, մասնավորապես 4 քաղաքացիական զոհված անձինք, մեկն անհետ կորած, 7 վիրավոր։

Նա մանրամասն ներկայացրեց քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների վնասներն ու կորուստները։

Այնուհետև հայտարարեց․ «Երբեք ընդունելի չէ, երբ մի երկիր ներխուժում է մյուսի ինքնիշխան տարածք։ Ադրբեջանն այժմ էլ շարունակում է օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները»։

Անդրադառնալով ադրբեջանական վայրագություններին՝ նա ասաց․ «Սարսափելի են հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութերը, կանանց մարմինների խեղումները։ Տեսանյութերը վկայում են այն մասին, որ սրանք վստահաբար պատերազմական հանցագործություններ են»։

Ավելի ուշ թվիթերյան իր էջում Փոլ Գավանը գրեց․ «Շատ կարևոր է ընդգծել այս հակամարտության վերջին, շատ մտահոգիչ իրադարձությունները: Ես բանավեճին ներածական խոսքով հանդես եկա, դատապարտեցի ադրբեջանական ներխուժումը և հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա և կոչ է արեցի կրկին կենտրոնանալ խաղաղ բանակցությունների վրա»։

Զեկույցի ներկայացումից հետո ԵԽԽՎ պատվիրակները մեկը մյուսի հետևից դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները։ Նրանցից ոմանք մտահոգություն հայտնեցին՝ քանի որ ԵԽԽՎ ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է Ուկրաինայում տեղի ունեցածի վրա, այս տարածաշրջանը կարծես աչքաթող է արված և նրանցից ոմանք հորդորեցին հատկապես ուշադիր լինել Թուրքիայի նկատմամբ՝ վստահեցնելով, որ վտանգը նրանից է գալիս։

Ֆրանսիացի պատվիրակ Իզաբելլա Սանտիագոն իր խոսքում նշեց, որ սարսափելի էին հայ ռազմագերիների սպանության տեսանյութերը՝ ուղղակի խոսքեր չկան։ Այնուհետև նկատեց՝ 44-օրյա պատերազմը երբեք էլ չէր ավարտվել։

Ֆրանսիացի պատվիրակ Ժակ լը Նեն էլ հորդորեց ԵԽԽՎ պատվիրակներին ուշադրությունը կենտրոնացնել այն հանգամանքի վրա, Ադրբեջանն է ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Այնուհետև հայտարարեց․ «Պետք է հարգվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը պետք է իր զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից։ Մենք չենք կարող անտարբեր մնալ, թե այս տարածաշրջանում ինչ է կատարվում, մանավանդ, որ հիմա Ռուսաստանն ամբողջովին մեկուսացված է, և չի կարող համակարգել երկխոսությունը, ուստի մենք ինքներս պետք է ներգրավվենք, որպեսզի փորձենք լուծում գտնել այս հակամարտությանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31