Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը Բաքվին ու Երևանին կոչ է արել շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը

Նոյեմբեր 11,2022 13:55

Եվրամիությունը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին մեղմել հռետորաբանությունը, շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը: Այս մասին ասվում է ԵՄ կայքում տարածված հայտարարության մեջ:

«Այս շաբաթ լրանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի ավարտի երկրորդ տարին։ Այս առիթով ԵՄ-ն հիշում է վերջին 30 տարիների ընթացքում հակամարտության բոլոր հայ և ադրբեջանցի զոհերին։ Լիովին գիտակցելով այս դժվարին ժառանգությունը՝ նա երկու կողմերին էլ կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային կյանքերի և վնասների հետագա անհարկի կորուստները։

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության ձեռնարկած բազմաթիվ քայլերը՝ իրենց տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում կայուն և շարունակական խաղաղության հասնելու համար։ ԵՄ-ն բարձր է գնահատում նրանց կայուն ներգրավվածությունը տարբեր մակարդակներում և տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում: Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են և ժամանակ կպահանջեն, կարևոր է չկորցնել թափը, համաձայնեցնել կոնկրետ առաջընթաց քայլերը և ապահովել անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության:

Դեռևս փխրուն միջավայրում (հաշվի առնելով, որ վերջին 30 տարիների վերքերը դեռ չեն բուժվել) ԵՄ-ն կրկնում է կողմերին իր կոչը՝ մեղմելու իրենց հռետորաբանությունը և խուսափելու լարվածության ցանկացած անհարկի սրացումից, այդ թվում՝ զերծ մնալ միմյանց հասցեին սպառնալիքներից կամ մեղադրանքներից և ռազմական սադրանքներից ու գործողություններից:

ԵՄ-ն կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը՝ արձագանքելու երկու կողմերի ցանկությանը և աջակցելու նրանց մնացած բոլոր հարցերի համապարփակ և արդար կարգավորման ուղղությամբ աշխատանքում, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի և հատուկ ներկայացուցիչ Տոյվո Քլաարի և ԵՄ այլ մեխանիզմների միջոցով»,- ասվում է հայտարարության տեքստում:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930