Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցի գրական հուշարձանը

Դեկտեմբեր 12,2022 12:00

Իր գործի ու նշանակության մեծությամբ Չարենցին Գասպարյանը դասում է 20-րդ դարի համաշխարհային մեծերի շարքը, ովքեր իրենց ստեղծագործությամբ արեցին մարդկության «ոգու հերկը»

Լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի «Եղիշե Չարենցի կյանքը եւ ժամանակը» աշխատությունը («Տիգրան Մեծ», 2022, 804 էջ +16 էջ ներդիր): Մեծադիր ու շքեղ մի հրատարակություն, որ մի առանձին շուք ու փայլ է հաղորդում մեծ գրողի ծննդյան 125-ամյակի շարունակվող տոնակատարություններին: Գրված է ժամանակագրության սկզբունքով, բնույթով ըստ ամենայնի հանրագիտարան է, որի մեջ ծննդյան օրից մինչեւ մահ թվերի ու փաստերի հաջորդականությամբ ներկայացված է Չարենցի կյանքն ու գործունեությունը: Միայն Չարենցը չէ, այլեւ իր գրական, պատմական, քաղաքական ժամանակն է եւ այդ շրջանի դեմքերն են՝ գրական ու քաղաքական գործիչներ, գրողներ, ընտանիք, ընկերներ ու ընկերուհիներ, նաեւ հակառակորդներ… Մեծերն այդպես են՝ անցնում են ժամանակի միջով եւ, որպես առանցք, իրենց շուրջ ի մի բերում ժամանակի պատմամշակութային կյանքը: Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի իրականությունն է, այլեւ ամբողջ ԽՍՀՄ-ը՝ Անդրդաշնությամբ հանդերձ, ինչպես նաեւ արեւմտահայ-սփյուռքահայ գրական-գեղարվեստական աշխարհը: Եվ հորդում է գրական-մշակութային կյանքը իր ամբողջ ընդգրկումով, իսկ կենտրոնում Չարենցն է՝ ամեն ինչ սկսվում է նրանից եւ ամեն ինչ հանգում է նրան: Ամենեւին պատահական չէ, որ Չարենցին նվիրված իր գրքերից մեկը Գասպարյանը վերնագրել է «Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը»: Այո, Չարենցը հայոց բանաստեղծության մայրաքաղաքն է…

Դավիթ Գասպարյանը, ահա, հանրագիտարանային ճշգրտությամբ եւ ժամանակագրական մանրակրկիտ հաջորդականությամբ ստեղծել է Չարենցի առաջին ամբողջական գիտական կենսագրությունը: Նախկին փորձերը եղել են թերի, դրվագային կամ մնացել են անավարտ: Ի մի բերելով չարենցագիտության հարուստ փորձը՝ գրականագետը կերտել է մեծ գրողի գրական հուշարձանը, որը լավագույն նվեր է չարենցագետներին, չարենցասերներին, հասարակագետներին, գրական-մշակութային հանրությանը, ուսուցիչներին, ուսանողությանը…
Իսկ ի մի բերել չարենցագիտության հարուստ փորձը՝ նշանակում է ուսումնասիրել գրողի տպագիր եւ անտիպ ամբողջ ժառանգությունը, գրողի մասին ստեղծված գրականագիտական աշխատությունները, նրա մասին պատմող հուշերը, ժամանակի մամուլը, անթափանց եւ անհասանելի թվացող գրական ու պատմաքաղաքական արխիվները, պատմագիտական հսկայական գրականություն եւ էլի ինչ ասես, որ ներկայացնում է ժամանակը: Եվ այդ ամենը ոչ թե մեկ անգամ, այլ բազմակի:

Իր այս ճանապարհը Դավիթ Գասպարյանն անցել է ամբողջ գրականագիտական գործունեության ընթացքում՝ սկսած ուսանողական դիպլոմային աշխատանքից՝ «Եղիշե Չարենցի «Գիրք ժանապարհի» ժողովածուի տաղաչափությունը» (1970), մինչեւ վերջին գրքերը: Չարենցը ներկա է նրա գրեթե բոլոր աշխատություններում, առավելապես՝ «Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը» (1979), «Հայ սովետական պոեզիայի պատմություն» (1987), «Փակ դռների գաղտնիքը: Չարենցը, Բակունցը եւ մյուսները» (1995), «Հայ գրականություն» (6 հատորով, 2000-2017), «Հայկական ապագայապաշտություն» (2009): Իսկ միայն Չարենցին նվիրված առանձին ուսումնասիրություններից կարող ենք հիշատակել հետեւյալ հրատարակությունները՝ «Եղիշե Չարենցը եւ 1920-ական թվականների սովետահայ պոեզիան» (1983), «Ողբերգական Չարենցը» (1991), «Եղիշե Չարենց: Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը» (1996), «Չարենցյան ասույթներ» (Բեյրութ, 1997), «Եղիշե Չարենցի հավատաքննությունը կամ Բանաստեղծի վերջին աղոթքը» (2003): Այս ընթացքում նա հրատարակել է Չարենցի անտիպների ծավալուն երկու ժողովածու՝ «Նորահայտ էջեր» (1996), «Գիրք մնացորդաց» (2012. 2017), մեծ բանաստեղծին նվիրված «Չարենցի հետ» հուշերի երկու գիրք (1997, 2008), չորս հատորով լույս է ընծայել «Ընտրանի»-ն (2012-2015) եւ մեծ տեղ հատկացրել իր կազմած «Ոսկե շղթա: Հայ քնարերգության ընտրանի» (2014, 2019) հավաքածուի մեջ:

Գասպարյանի չարենցյան գործունեության հետագիծը շարունակվում է. ընթացքի մեջ են գրախոսվող գրքի հաջորդ երկու հատորները՝ «Եղիշե Չարենցի ստեղծագործությունը» եւ «Եղիշե Չարենցի արվեստը»: ԳԱԱ գրականության ինստիտուտի եւ Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ սկսել է Չարենցի «Ամբողջական երկեր»-ի կազմման եւ խմբագրման նախնական աշխատանքները 13 հատորով: Առաջիկա տարի լույս կտեսնի առաջին հատորը:

Դավիթ Գասպարյանի՝ «Եղիշե Չարենցի կյանքը եւ ժամանակը» գիրքը բերում է շատ նորություններ՝ սկսած գրողի ծննդաբանությունից: Կարսում լրացված Չարենցի ծննդյան չափաբերական մատյանով ճշտել է Սողոմոնյանների գերդաստանի տոհմաբանությունը, ըստ որի՝ Սողոմոնը ծնեց Մարգարին, Մարգարը ծնեց Աբգարին, Աբգարը ծնեց Եղիշեին: Սողոմոնի անունով էլ կոչվել են Սողոմոնյաններ: Ճշգրտվում է տոհմի տեղաշարժի քարտեզը՝ Մակու- Կարին- Կարս- Թիֆլիս-Մայկոպ: Ճշգրտվում է Կարսում Սողոմոնյանների տան տեղը: 1920 թվականից բանաստեղծը անձնագրով ընդունեց Չարենց քաղաքացիական ազգանունը, որ մինչ այդ 1914-ից միայն գրական ազգանուն էր:

1920 թվականից Չարենցը մշտական բնակություն հաստատեց Երեւանում, թեեւ տարվա ընթացքում մի քանի անգամ լինում էր Թիֆլիսում, Մոսկվայում, նաեւ Լենինգրադում: Ճշգրտված են Երեւանում Չարենցի կացության հասցեները: Ընդհանրապես մի առանձին գիծ է Չարենցը եւ Երեւանը դիպաշարը, որովհետեւ նաեւ Չարենցի գրական-մշակութային բուռն գործունեությամբ մայրագյուղ համարվող Երեւանը 1920-ական թթ. սկզբներին ստացավ մայրաքաղաքի կերպարանք:

1920-1930-ականների հայ գրականության տարածվածության աշխարհագրությունը լայն էր՝ մի կողմից՝ Անդրդաշնության քաղաքներն ու մայրաքաղաքները, մյուս կողմից՝ ոչ միայն Ռուսաստանի մայրաքաղաքները, այլեւ Ղրիմի հայաշատ բնակավայրերն ու Սիմֆերոպոլը: Մինչեւ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի 1932 թ. ապրիլի 23-ի հայտնի որոշումը, որով ստեղծագործական կազմակերպությունները միավորվեցին, կային գրական խմբակցություններ, որոնք համեմատաբար ազատ գործունեություն էին ծավալում: Չարենցը, ահա, երեւում է նաեւ այս գործունեության մեջ՝ «Երեքի դեկլարացիա», «Ստանդարտ», «Նոյեմբեր»:

Չարենցը երեւում է իր գրքերի բովանդակությամբ, դրանց հրատարակության պատմությամբ, դրանց ուղեկցող գրական-քննադատական արձագանքներով: Բոլշեւիկյան բութ քննադատության պայմաններում հեշտ չի եղել Չարենցի ուղին: Դա հատկապես ցայտուն երեւում է «Գիրք ճանապարհի» ժողովածուի կապակցությամբ, որը պետք է լույս տեսներ 1933-ին, բայց ենթարկվեց կալանքի եւ փոփոխություններով լույս տեսավ 1934-ին: Չարենցը եղել է արվեստի կոմիսար, աշխատել է խմբագրություններում, այս տեսակետից առավել ուշագրավ է նրա աշխատանքը Հայաստանի պետական հրատարակչությունում 1928-1935 թվականներին: Շատ մանրամասն ներկայացված է Չարենցի հրատարակչական գործունեությունը, առանձին գրքերի տպագրության պատմությունը, այդ թվում՝ Թումանյանի «Գեղարվեստական երկեր»-ի, «Սասնա ծռեր»-ի պատումների 1-ին հատորի, Ջ. Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները» թարգմանական վեպի եւ այլն: Չարենցը գրի ու գրքի մարդ էր, ուստի՝ անպակաս են նաեւ նրա գնած գրքերի հիշատակումները, որոնցով համալրում էր անձնական գրադարանը:
Մանրամասն ներկայացված է Չարենցի զինվորական գործունեությունը, նախ՝ որպես կամավոր, այնուհետեւ՝ որպես քաղղեկ: Չարենցն այն բանաստեղծն էր, ում խոսքը չէր տարբերվում գործից. եթե «Կապուտաչյա հայրենիքի տեսիլք» (1915), ապա դրա համար պետք է մարտնչել, ուստի՝ որպես կամավոր զինվոր, հասավ Վան, տեսավ եղեռնը եւ եկավ ու գրեց «Դանթեական առասպել» պոեմը (1915-1916):

Համաժամանակյա ընթացքով զուգահեռ գծերի վրա անձնական կյանքն է՝ երկու կանայք՝ Արփենիկը եւ Իզաբելան իրենց ճակատագրերով, նրա կյանքում եղած կանայք՝ Արմենուհի Տիգրանյանը, Կարինե Քոթանջյանը, Լեյլին (Փառանձեմ Տեր-Սահակյան), Լյուսի Թառայանը, Մարիանա Այվազյանը, Արուս Ոսկանյանը… Առանձնահատուկ դեր ունի նրա կյանքում Ռեգինա Ղազարյանը: Եվ այս ամենը նրանց նվիրված բանաստեղծություններով ու պոեմներով, նաեւ նամակներով ու գրություններով:

Անուրանալի է Դավիթ Գասպարյանի ներդրումը հատկապես Չարենցի կյանքի ու գործունեության 1933-1937 թվականների իրողությունների բացահայտման գործում: Ավագ սերունդի ընթերցողները կհիշեն, թե ինչ հետաքրքրությամբ էին սպասում հատկապես ստալինյան բռնություններին ենթարկված հայ գրողների կենսագրությունների նրա բացահայտումներին, որ անկախության առաջին տարիներին տպագրվում էին մամուլում, ներկայացվում հեռուստատեսությամբ: Այս տարիներին նա շրջանառության մեջ դրեց բազմաթիվ արխիվային նյութեր, որոնք հսկայական նորություն բերեցին եւ ըստ ամենայնի հեղաշրջեցին գրական-մշակութային հանրային գիտակցությունը, որովհետեւ տեսան մի նոր Չարենց, մի նոր Բակունց, մի նոր Մահարի: Պատռվեց նաեւ քողարկված դահիճների դիմակը: Ահա վավերագրերի բերած փաստական նորությամբ Գասպարյանը ներկայացնում է Չարենցի անձնական եւ քաղաքացիական ամբողջ ողբերգությունը, որ սկսվեց 1933 թվականից՝ «Գիրք ճանապարհի»-ն արգելելուց հետո, ապա ընթացավ նրան 1935 թ. մարտի 13-ին՝ իր իսկ ծննդյան օրը «Հայպետհրատի» աշխատանքից հեռացնելու հրամանով, որից հետո անընդհատ թունավորումներով նրան բանտարկեցին, ուր եւ անմխիթարական պայմաններում մահացավ:

Գասպարյանը Չարենցին միայնակ չի թողնում ինչպես այս գրքում, այնպես եւ իր ամբողջ ստեղծագործության մեջ: Դեպի Չարենց տանող ճանապարհին ծնվեցին այնպիսի հիմնարար մենագրություններ, ինչպիսին են «Ակսել Բակունց: Կյանքը եւ ստեղծագործությունը» (2009) եւ «Գուրգեն Մահարի: Կյանքը եւ ստեղծագործությունը» (2013), որոնք եւս բերում են էական նորություններ այդ գրողներին լիարժեք բացահայտելու գործում: Նրանք, նրանց հետ մեկտեղ նաեւ Մկրտիչ Արմենը Չարենցի գրական մտերիմներն էին, որոնց եւս դիպավ 1937 թ. արյունոտ ձեռքը՝ Բակունցին գնդակահարեցին, Մահարուն եւ Արմենին աքսորեցին:

Գրախոսվող գիրքը, առավելապես 1935-1937 թթ. Չարենցի կյանքն ու ժամանակը ներկայացնող էջերը, կարդացվում են չթուլացող հետաքրքրությամբ, որովհետեւ մարդկային ճակատագրեր են, ստեղծագործ անհատներ՝ կանգնած ստալինյան քաղաքական արյունոտ դատաստանի առջեւ: Այսպես գրքում հյուսվում է նաեւ ժամանակի պատմությունը: Գրականագետը նաեւ պատմաբան է, հասարակագետ:
Այսպես՝ օր առ օր, տարի առ տարի մանրամասների ամբողջությամբ Դավիթ Գասպարյանը կերտում է Չարենցի ամբողջական դիմանկարը: Ընդ որում՝ նա ամենեւին էլ Չարենցին չի սրբացնում, նրան տեսնում է իր կյանքի բնական ընթացքի մեջ. այնպես, ինչպես բանաստեղծն է ասել ինքը իր մասին՝ «Ընդունում եմ ինձ այնպես, ինչպես կամ»: Իրական հերոսի, այս դեպքում՝ Չարենցի կերպարի բնական հարազատությունը պահպանելը շատ ավելի դժվար է, քան ծայրահեղացնելը, որեւէ կողմը ուռճացնելը: Չարենցի մարդկային, ստեղծագործական եւ քաղաքացիական իրական կերպարը այդպիսի շեղումներ չի ընդունում:

Դավիթ Գասպարյանի «Եղիշե Չարենցի կյանքը եւ ժամանակը» աշխատությունը միանգամայն նոր խոսք է չարենցագիտության մեջ եւ իրենով նախանշում է գիտահետազոտական, աղբյուրագիտական գործունեության նոր ճանապարհներ…

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
10.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031