Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կապան քաղաքի՝ 52-ամյա բնակչի սպանության հիմնավոր կասկածանքով քրեական հետապնդում է հարուցվել տուժողի եղբորորդու նկատմամբ

Հունվար 09,2023 19:00

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ Կապան քաղաքի բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023թ. հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի 52-ամյա բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շրջանակներում զննության է ենթարկվել 52-ամյա տղամարդու՝ դեպքի վայր հանդիսացող տունը, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, բնակարանի գույքը եղել է ջարդված՝ արնանման հետքերով, իսկ հյուրասենյակը՝ հրկիզված:

Նախաքննության ընթացքում կատարվել է դիակի զննություն, որի արդյունքում տուժողի մարմնի վրա հայտնաբերվել են երկու տասնյակից ավել մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի եղբոր որդին՝ ծնված 1993 թվականին: Վերջինս, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է, հարցաքննվել՝ տալով խոստովանական ցուցմունք, ներկայացնելով քննությանը հետաքրքրող մանրամասներ:

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, երիտասարդը հորեղբոր տանն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ժամանակ տարբեր առարկաներով հարվածներ է հասցրել  նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև, կարծելով, թե նա մահացած է, պառկեցրել է թախտի վրա և հրկիզել՝ փորձելով թաքցնել կատարածը, սակայն, հասկանալով, որ նա չի մահացել, հանգեցրել է կրակն ու զանգահարել շտապօգնություն:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական փորձաքննություններ:

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031