Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմետրիկ քարոզչական մոտեցում

Մարտ 03,2023 10:00

Լեւոն Ջավախյանի գործերից մեկում մի մարդ մոտենում է պատմվածքի հերոսին եւ, ցույց տալով նրա գրքի ուղղությամբ, հարցնում է. «Նիկոլի կողմի՞ց ես գրում, թե՞ նրանց»՝ նկատի ունենալով, հավանաբար, «ատելի նախկիններին»: Մեր հիմնական խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ մարդիկ չեն հավատում, թե որեւէ մեկը կարող է գրել «իր կողմից», եւ մեծամասնության կարծիքով, պետք է գրել այնպես, ինչպես «ժողովուրդն է ուզում» (եթե հղում անենք նույն պատմվածքին): Եթե անգամ մենք 100%-ով գիտենք, թե ում կարելի է «ժողովուրդ» անվանել, եւ ինչ է նա ուզում, ամենեւին պարտադիր չէ նրան անպայման հաճոյանալ:

Օրինակ, «ժողովուրդն» ուզում էր, որ ես «հերոսություն» եւ «ապստամբություն» համարեմ ոստիկանական գնդի վրա զինված հարձակումն ու մարդասպանությունը: Ես ժողովրդի ուզածով չվարվեցի, եւ, ի դեպ, հետաքրքիրն այն է, որ նրանք, ովքեր ողջունել էին այդ արյունահեղությունը, հիմա դարձել են «խիստ օրինապաշտ», եւ ցասումով են լցված այն մարդկանց հանդեպ, ովքեր ապօրինի ապրում էին ՊՆ նախկին շենքում:

Ընդհանրապես մարդասպանության հանդեպ օգտապաշտական (ուտիլիտարիստական) վերաբերմունքը ինձ միշտ զարմացրել է: Վերջերս 15-ամյա տարելիցն առիթ դարձավ կրկին քննարկելու Մարտի 1-ի իրադարձությունները: Եվ ահա, Քոչարյանի կողմնակիցները գտել են արյունահեղությունն արդարացնելու «փայլուն» ձեւակերպումը. պարզվում է, որ տասը մարդու սպանությունը «փրկել է հայոց պետականությունը» եւ «տասը տարով հետաձգել է դրա կործանումը»: Ուրեմն՝ ընտրություններ կեղծելը, դրա դեմ բողոքողների վրա հարձակվելը, եւ, ի վերջո, բողոքն արյամբ ճնշելը պետությունը փրկող գործողություննե՞ր էին:

Այստեղ ես որոշակի սիմետրիա եմ տեսնում ներկաների եւ նախկինների քարոզչական մոտեցումների մեջ: Այսօրվաններն իրենց ապիկարությունն ու աղետաբար տապալումներն արդարացնում են «բա որ նրանց վախտ» հղումներով: Իսկ երեկվանները՝ Մարտի 1- ի հանցագործությունն արդարացնում են նրանով, որ դրանից տասը տարի հետո իշխանության եկան մարդիկ, որոնք երկիրը տարան դեպի պարտության՝ «բա լա՞վ եղավ, որ սրանք եկան»: Ո՛չ, լավ չեղավ: Բայց դա որեւէ ձեւով Մարտի 1-ին թափված արյունը չի մաքրում:

Մարդ սպանելն արդարացում չունի՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ եւ դրանից հետո:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Անհրաժեշտ է քրեական պատասխանատվության ենթարկել կազմակերպիչներին (առաջին հերթին ԼՏՊ-ին), ուղղորդողներին (առաջին հերթին Ալեքսանդր Արզումանյանին) և կատարողներին (Նիկոլ Փաշինյանին և նրա նմաններին):

  2. Blog_H says:

    Այս մօտեցումը, զուտ տեսականօրէն, կրնայ ճիշդ հանդիսանալ: Կատարեալ – այսինքն՝ երեւակայական – աշխարհի մը մէջ:
     
    Որոշ տարիք մը անցած, սովորական մահկանացուներուս համար սակայն, Բացարձակի մէջ կարելի չէ դիտել ու դատել իրականութիւնը:

    Վերեւի խմբագրականին մէջ ներկայացուած, վեհ ու առաքինի մօտեցումը, չի վերաբերիր Հայաստանի մասնայատուկ իրականութեան: Ոչ ալ, ի դէպ, մեծաթիւ ուրիշ երկիրների իրականութեան, ներառեալ արեւմտեան երկիրներ:
     
    Աւելի յստակօրէն՝ Հայաստանի մէջ, տուեալ հանգրուանին, անկարելիութիւն մըն էր որեւէ պետականութիւն ունենալ, ոչ իսկ տարրական կամ իսկ ձեւական պետականութիւն մը, առանց որ, դժբախտաբար, այդ արիւնը թափուէր: Եւ այո, այդ ուղղութեամբ, դրա ցայտուն ապացոյցն է այժմու կացութիւնը:
     
    Մինչեւ այն ատեն որ, Երեւանյան «Մարտի 1»ի կապակցութեամբ, խուլերի բանավէճից լրիւ դուրս կը պահուի՝ փողոցի սանձարձակութեան եւ բրտութեան ճարտարապետների, կազմակերպիչների, ղեկավարների եւ հրահրիչների նշանակալից պատասխանատւութեան բաժինը – որու կապակցութեան, ի դէպ, ցարդ շատ աւելի են լուրջ փաստերը, քան՝ թէ հակառակ կարծիքի առնչութեամբ -, ապա այդ մօտեցումը ունեցողները թող չզարմանան, որ այս նիւթին մէջ եւս, տեղի կ’ունենայ՝ բեւեռացում:
     
    Մ. Հայդուկ Շամլեան

    • Blog_H says:

      Յ.Գ. Հայաստանը Disneylandի հետ շփոթելու հակումները մէկդի դնելով, «Մարտի 1» վերաբերեալ, ահա մի քանի նուազագոյն դիտարկումներ՝

      . Առաջին Նախագահին վերջին օրը՝ տունը մնալը, ինքնին փաստ մըն է որ նա շատ լաւ գիտէր, թէ ինչ կերպով պիտի վերջանար իր սկսած փողոցային շարժումը :

      Լաւ գիտէր, ուղիղ փորձառութեամբ :

      Քանզի ինք ալ, – վստահաբար անբիծ, անթերի, մաքրամաքո՜ւր – ընտրութիւններու յաջորդող փողոցի բողոքին դէմ, բանակ իջեցուցած էր: Բողոքող քաղաքացիներուն դէմ, Երեւանի մէջ՝ հայ զինուորներ, ռազմական հրասայլեր:

      Մինչ, իր Ներքին Գործերի նախարարը կը յոխորտար թէ՝ մի քանի հարիւր ցուցարարներ որ այդպէս սպանես, մնացեալները արդէն տուն կը փախչին, ու վերջ:

      . «Մարտի 1»ի զոհերի իրաւայաջորդներու ամենահռչակաւոր փաստաբաններէն երկուքը, իրենց այդ յաճախորդները լքեցին, ու դարձան՝ հիմա էլ փաշինյանին ծառայող, շինծու, իբրեւ թէ «Սահմանադրական Դատարան»ի անդամներ: «Մարտ-1»ի վերաբերեալ իրենց տասը տարիների պոռչտուքին շնորհիւ…

      . «Մարտի 1»ով աւարտած փողոցի շարժումը կը միտէր հաստատելու, թէ Սերժ Սարգսյանի ընտրութիւնը որպէս նախագահ, ապօրինի էր:

      Սակայն այդ շարժումին կազմակերպիչներէն մէկը, դեռ մինչեւ այսօր, Դանիայում ՀՀ դեսպանի պաշտօնը կը վայելէ: Զորս ընդունած է… Սերժ Սարգսյան նախագահից:

      եւայլն., եւայլն.

      . Փաշինյանը, հմուտ ու վարպետ քաղաքագէտ մը դարձաւ: Մէյ մը որ Քոչարյանը չէզոքացուց որպէս իր քաղաքական հակառակորդը, վերջ դրաւ՝ «Մարտի 1»ի վերաբերեալ նրա «դատական» հետապնդումին: Քանզի լաւ գիտէր որ, եթէ իսկական դատավարութիւն տեղի ունենայ, անհնար պիտի ըլլայ ծածկելը՝ իր ու իր զօրակիցներուն համար վնասակար բացայայտումներ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031